«Իշխանությունը Բաքվի ռազմաքաղաքական ճնշման տակ է․ եթե միջպետական հայցերից հրաժարվեն, արցախցիները ստիպված կլինեն անհատական դիմումներ ներկայացնել ՄԻԵԴ»․ Արա Ղազարյան | Region

«Իշխանությունը Բաքվի ռազմաքաղաքական ճնշման տակ է․ եթե միջպետական հայցերից հրաժարվեն, արցախցիները ստիպված կլինեն անհատական դիմումներ ներկայացնել ՄԻԵԴ»․ Արա Ղազարյան

Հոկտեմբեր 30,2026 17:05

Արցախից բռնի տեղահանված 59-ամյա Ռուզաննա Ավագյանը փաստաբան Արա Ղազարյանի միջոցով դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ հավատալով, որ արդարադատությունը վաղ թե ուշ կհաղթանակի, և ինքը գոնե կստանա հայրենիքում թողած գույքի փոխհատուցումը։

Երեք անգամ տուն է կորցրել, բայց գույքային կորուստը չես համեմատի հայրենիքի կորստի հետ  

2023 թվականի բռնի տեղահանումից հետո տիկին Ռուզաննան Արցախում է թողել տարիների վաստակը՝ ընդարձակ 4-սենյականոց բնակարանը, երկու մեծ այգիներն ու տատիկի տունը։ Սակայն ճակատագիրն առաջին անգամ չէ, որ դաժանորեն խլում է այս ընտանիքի ստեղծածը։

1988 թվականի Սումգայիթի ջարդերից փրկված ընտանիքը տեղափոխվել էր հայրական հայրենի գյուղ՝ Ասկերանի շրջանի Դաշուշեն՝ նոր կյանք սկսելու հույսով։ Ողբերգությունների շղթան չկտրեց․ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում հրետակոծությունից նրանց տունն ամբողջությամբ ավերվեց։ Երկու տարի անց ընտանիքը վերակառուցեց այն, բայց խաղաղությունը կարճ տևեց։ 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի լայնածավալ հարձակման հետևանքով Արցախն ամբողջությամբ հայաթափվեց։ 150 հազար արցախցիների հետ բռնի տեղահանվեց նաև տիկին Ռուզաննայի ընտանիքը։

Ռուզաննա Ավագյան

«Ամեն ինչ կորցրեցինք՝ թողնելով ադրբեջանցիներին։ Բայց գույքային կորուստը չես համեմատի հայրենիքի կորստի հետ։ Հայրիկիս գերեզմանն եմ կորցրել, իմ ամբողջ տոհմի գերեզմանները, երեխաներիս ու հորս հայրենիքը։ Կյանքում ամեն ինչ կարելի է աստիճանաբար ձեռք բերել, բայց հայրենիքն ու թողնված գերեզմանները՝ երբեք։ Հատկապես, երբ տեսնում եմ, թե ինչպես են ադրբեջանցիները բարբարոսաբար ոչնչացնում հայկական ամեն ինչ՝ մեր եկեղեցիները, մեր պատմությունը, այն ամեն նվիրականը, որ մեր պապերն ու նախապապերը պահպանել են հայ ժողովրդի հաջորդ սերունդների համար»,- Regions TV-ի հետ զրույցում սրտի ցավով պատմում է տիկին Ռուզաննան։

Ֆեյսբուքից տեղեկանալով Արա Ղազարյանի փաստաբանական գրասենյակի միջոցով ՄԻԵԴ դիմելու հնարավորության մասին՝ նա ներկայացրել է անհրաժեշտ ապացույցներն ու փաստաթղթերը, անցել հարցազույցներ։ Գիտակցում է, որ դատական գործընթացը կարող է տարիներ տևել, բայց համբերատար սպասում է։

Արցախցիների իրավական պայքարը․ ապացույցներ, բարդություններ և ՄԻԵԴ-ի դիրքորոշումը

2025 թվականին արցախցիների գույքային իրավունքների պաշտպանության վերաբերյալ ՄԻԵԴ է ներկայացվել 657 դիմում։ Արա Ղազարյանի գրասենյակի աշխատակիցներն ամեն օր հանդիպում են արցախցի 5–6 ընտանիքի հետ, փաստագրում ապացույցներն ու ուղարկում Ստրասբուրգ։

Սերգեյ Շահվերդյան

Արցախահայ հանրային գործիչ Սերգեյ Շահվերդյանը, ով նույնպես դիմել է ՄԻԵԴ, հորդորում է բոլոր հայրենակիցներին հետևել իրենց օրինակին։ Մեզ հետ զրույցում նա ասում է՝ արցախցիների համար չափազանց կարևոր է դիմել միջազգային դատարաններ՝ իրենց կորցրած գույքային իրավունքները վերականգնելու համար․«Չնայած այն հանգամանքին, որ սա երկարատև գործընթաց է և նախկին փորձը ցույց է տալիս, որ կարող է տևել մոտ 10–15 տարի, այն այսօր սեփականության իրավունքների պաշտպանության միակ իրատեսական հնարավորությունն է։ Գույքային իրավունքները հստակ են և կախված չեն կամ չեն ստվերվում վերադարձի իրավունքով»։

Ապացույցների հավաքագրումն ու փակ գոտու խնդիրը

Ի՞նչ հիմնական դժվարություններ կան ապացույցներ հավաքելիս, և ի՞նչ անեն այն ընտանիքները, որոնք տեղահանման շտապողականության պատճառով չեն հասցրել վերցնել գույքի սեփականության փաստաթղթերը։

Փաստաբան Արա Ղազարյանը պարզաբանում է, որ 2023 թվականի բռնի տեղահանումից արցախցիների մեծ մասը վերցրել են իրենց սեփականության եթե ոչ բնօրինակը, ապա կրկնօրինակը, ինչն արդեն իսկ բավարար ապացույց է։ Նա նշում է՝ փաստագրման տեսանկյունից հիմնական բարդությունն այն է, որ մարդկանց մեծ մասը չգիտի իր գույքի ճակատագիրը․ արդյո՞ք տունն այսօր կանգուն է, թե՞ փլուզված, թալանվա՞ծ է, թե՞ այնտեղ արդեն որևէ մեկն ապրում է։

«Ստեփանակերտի բնակիչները հիմնականում տեղեկացված են, քանի որ համացանցում ադրբեջանցիների տարածած շատ տեսանյութեր կան, քանի որ նրանք հիմնականում այնտեղ են վերաբնակեցվում։ Մինչդեռ մյուս քաղաքների և հատկապես հեռավոր գյուղերի վերաբերյալ տեղեկատվություն հայթայթելը չափազանց դժվար է։ Արցախն այսօր Ադրբեջանի կողմից փակ գոտի է դարձված․ այնտեղ չի կարող մուտք գործել միջազգային որևէ փաստահավաք առաքելություն, մարմին կամ անհատ, ինչը բացառում է տեղում որևէ ստուգում իրականացնելու հնարավորությունը»,-ասում է Ղազարյանը։

Տեղեկատվության աղբյուր են ծառայում այնտեղ աշխատող կամ վերաբնակեցված ադրբեջանցիների սոցիալական ցանցերի հրապարակումները։

«Մեզ համար կարևոր ապացույցի աղբյուր են նաև արբանյակային տեխնոլոգիաները (օրինակ՝ Google Maps-ը), որոնց միջոցով կարող ենք ֆիքսել՝ արդյոք տվյալ գույքը դեռ գոյություն ունի, թե՝ ոչ։ Այդուհանդերձ, ավելի մանրամասն տեղեկատվություն ստանալը բնակեցված լինելու, թալանված լինելու և այլնի մասին գրեթե անհնար է։ Էլ չեմ խոսում այն մասին, որ չկան համապատասխան մեխանիզմներ․ թեև անընդհատ խոսվում է խաղաղության և փոխադարձ մեխանիզմների ձևավորման մասին, ըստ էության, դրանք գոյություն չունեն՝ ոչ Հայաստանի, ոչ էլ Ադրբեջանի կողմից»,- ընդգծում է Արա Ղազարյանը։

Ինչո՞վ են տարբերվում 2023-ի դիմումները նախկին գանգատներից

Փաստաբանը շեշտում է, որ այս դիմումները էապես տարբերվում են, օրինակ, 2016 թվականի պատերազմից հետո ներկայացվածներից․«2016 թվականին ևս գույքային իրավունքի խախտման վերաբերյալ մի քանի հարյուր դիմում էինք ներկայացրել, բայց այն ժամանակ բնակիչները երեք-չորս օրով էին լքել իրենց բնակավայրերը, որովհետև ռազմական գործողություններ էին ընթանում քաղաքացիական թաղամասերում, ապա վերադարձել էին, և տարածքն ամբողջությամբ գտնվում էր հայկական զինուժի վերահսկողության տակ»։

Այժմ իրավիճակն այլ է․ տարածքային իրավասությունն ամբողջությամբ փոխվել է։ Այն տարածքները, որտեղ հայերը գույք են թողել, ամբողջովին Ադրբեջանի վերահսկողության տակ է։ Ղազարյանը նշում է՝ միջազգային տրիբունալը՝ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը, պարտավորեցրել է Ադրբեջանին պահպանել այդ գույքն ու փաստաթղթերը և չընդունել որևէ վարչական ակտ կամ օրենք, որը կարող է հակասել արցախցիների գույքային իրավունքներին, որոնք արդեն ամրագրված են դատարանի որոշմամբ։

«Ակնկալիքն այն է, որ մենք, իհարկե, կշահենք գործերը, և դիմած արցախցիները առնվազն փոխհատուցում կստանան՝ ընդհուպ մինչև իրենց գույքի վերադարձն ու դրա ճակատագիրը տնօրինելու հնարավորությունը»,-ասում է փաստաբանը։

Դատավարության ընթացքն ու ռիսկերը

Դիմումները մինչ օրս պատրաստվում և ուղարկվում են Ստրասբուրգ։ Դատարանն արդեն ծանուցել է դրանք ընդունելու մասին, սակայն ակտիվ դատավարական քայլեր դեռևս չեն ձեռնարկվում՝ սպասելով Հայաստանից հոսող դիմումների հոսքի ամբողջացմանը։

Արա Ղազարյանը կանխատեսում է հաղթանակ, սակայն նշում է նաև հնարավոր ռիսկերը․«Հիմնական ռիսկն այն է, որ դատական քաղաքականության շրջանակում Եվրոպական դատարանը կարող է որոշել, ասենք, միասնական չափանիշներ կիրառել գանգատների որոշակի զանգվածի նկատմամբ։ Այդուհանդերձ, հույս ունենք, որ նման չափանիշ չի կիրառվի, որովհետև այս դիմումները տարբերվում են նախկինում ներկայացվածներից»։

Միջպետական գանգատներ, քաղաքական ճնշումներ և «ասիմետրիկ» իրականություն

2026 թվականի հոկտեմբերի 13-ին Ազգային ժողովում արցախցիների մասնակցությամբ ընթացող քննարկումների ժամանակ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել էր, որ կառավարությունը չի մասնակցի Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտման հետևանքով Արցախում բռնի տեղահանված հայրենակիցների թողած գույքի վերականգնմանն ուղղված միջազգային իրավական հայցերին։ Սա է իշխանության դիրքորոշումը։

Անդրադառնալով սրան՝ Արա Ղազարյանը պարզաբանում է, որ ՀՀ կառավարությունը ներկայումս ներգրավված է միջպետական գանգատի շրջանակում, սակայն ակտիվ գործողություններ չի իրականացնում և հայտարարել է դրանցից հրաժարվելու մտադրության մասին։ Ավելին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծում կա կետ, ըստ որի Պայմանագրի ուժի մեջ մտնելուց հետո՝ 1 ամսվա ընթացքում, կողմերը պարտավորվում են փոխադարձաբար հետ կանչել կամ չեղարկել միջազգային ատյաններում միմյանց դեմ ներկայացված հակամարտության չլուծված հայցերն ու գանգատները։

«Թե ինչու է կառավարությունն անում դա․ կարծում եմ՝ Հայաստանի իշխանությունը գտնվում է Ադրբեջանի կողմից գործադրվող շատ ուժեղ ռազմաքաղաքական ճնշման տակ, դրա համար էլ որոշել է հրաժարվել այդ հայցերից։ Կառավարությունը դա ներկայացնում է որպես խաղաղությանն ուղղված քայլ․ գուցե դա այդպես է, չեմ վիճում։ Բայց եթե դա տեղի ունենա, նշանակում է, որ բոլոր այն դիմողները, որոնք ընդգրկված էին միջպետական գանգատում, արդեն ստիպված կլինեն անհատական հայցեր ներկայացնել ընդդեմ Ադրբեջանի»,- նշում է փաստաբանը։

Ինչո՞ւ է անհնար «հայելանման» իրավիճակը

Արա Ղազարյանի դիտարկմամբ՝ 2020 թվականին Ադրբեջանը հայելանման քայլերով պատասխանում էր հայկական կողմի միջազգային հայցերին։

«Մինչև 2020 թվականը Եվրոպական դատարանն իրավիճակը դիտարկում էր որպես սիմետրիկ․ երկու կողմից էլ կային փախստականներ, զոհեր, քաղաքացիական բնակչության նկատմամբ զենքի կիրառման դեպքեր։ Սակայն 2020 և հատկապես 2023 թվականից հետո իրավիճակն արմատապես փոխվել է և դարձել ասիմետրիկ։

Ադրբեջանցի փախստականները վերադարձել են, իսկ հայ փախստականները դեռ գտնվում են Հայաստանում․ նրանք չունեն իրենց հայրենիք՝ Արցախ վերադառնալու հնարավորություն, չկա որևէ տեղեկություն իրենց գույքի ճակատագրի մասին կամ դրան տնօրինելու հնարավորություն։ Այս իմաստով ՄԻԵԴ-ում հայելանման իրավիճակ ստանալն այլևս անհնար է»,-ասում է Ղազարյանը։

Նրա պնդմամբ՝ ադրբեջանցիներն այլևս չեն դիմում ՄԻԵԴ, քանի որ իրենց խնդիրները լուծել են և այժմ փորձում են հարցերը տեղափոխել քաղաքական դաշտ՝ ճնշում գործադրելով Հայաստանի վրա․ «Օրինակ՝ երկու օր առաջ լսեցինք նրանց նոր պահանջների մասին, թե իբր Հայաստանը պետք է ընդունի, որ պատերազմն ապօրինաբար ինքն է սկսել, որ հազարավոր անհետ կորածները Հայաստանի մեղքով են, որ Արցախն ընդհանրապես դերակատարում չի ունեցել, այլ եղել է միայն Հայաստանը, որը «հարձակվել և օկուպացրել է», և որ Հայաստանը պետք է ներողություն խնդրի Ադրբեջանի ժողովրդից։ Այս ամենը Ադրբեջանը փորձում է ներկայացնել ոչ թե իրավական հարթակում (որտեղ դա անել չստացվեց), այլ խաղաղության շուրջ քաղաքական բանակցություններում, որտեղ ինքը գերիշխող դիրք ունի։ Եթե նրանք ցանկանային դա անել իրավական ճանապարհով, վաղուց կարող էին․ օրինակ՝ անհետ կորածների վերաբերյալ Ադրբեջանն ի սկզբանե հստակ տեղեկություններ է ունեցել և կարող էր դեռ 2000-ականների սկզբից դատական գործընթացներ նախաձեռնել (մանավանդ որ անհետ կորածների գործերն վաղեմության ժամկետ չունեն)։ Բայց ինչ-որ պատճառով Ադրբեջանը դա չի արել»։

Ապագայի տեսլականը․ իրավական հիմքեր վաղվա արդարադատության համար

Անդրադառնալով հարցին, թե հաղթելու դեպքում արդյո՞ք Ադրբեջանը կփոխհատուցի արցախցիներին, Արա Ղազարյանը նշում է, որ անհատական հայցերով Ադրբեջանն անշուշտ պարտվելու է, ուստի կփորձի մանևրել քաղաքական դաշտում և ձգձգել վճիռների կատարումը։ Սակայն ապագան կարող է անկանխատեսելի փոփոխություններ բերել։ Փաստաբանը նկատում է՝  պարզ չէ, թե Ադրբեջանը տարիներ հետո ինչպիսին կլինի՝ ժողովրդավար, ավելի զարգացա՞ծ, թե՞ ավելի բռնապետական․« Հատկանշական է, որ Եվրոպայի խորհուրդը նրանց նույնիսկ սպառնում է զրկել անդամակցությունից, որովհետև 2003 թվականից ի վեր անհրաժեշտ բարեփոխումներ չեն իրականացվել։ Գուցե այնտեղ իշխանության գան ժողովրդավար ուժեր, և այդ դեպքում ավելի բարենպաստ պայմաններ կստեղծվեն վճիռների կատարման համար։ Կամ գուցե Ադրբեջանը միջազգային քաղաքական ասպարեզում խոշոր կորուստներ կրի, ինչը ևս նպաստավոր պայմաններ կստեղծի մեզ համար։

Թեև ապագան կանխատեսել անհնար է, ես մի բան հստակ գիտեմ․ այսօր պետք է դնել իրավական հիմքերը, որպեսզի ապագայում արդարադատության հասնելու աշխատանքի մեծ մասն արդեն ավարտված լինի»։

Փաստաբանը վստահ է՝ արցախցիները վաղ թե ուշ, 10 կամ 20 տարի հետո ստանալու են փոխհատուցում իրենց գույքի դիմաց, դա են վկայում միջազգային իրավունքում առկա բազմաթիվ օրինակները։

Տիրուն Մարգարյան

 

Նորություններ