«Աշխարհը ճանաչեց նաև Հայաստանը»․ Մաթևոսյանը ամփոփում է COP17-ը
COP17-ի ամփոփիչ մամուլի ասուլիսը ևս մեկ առիթ էր՝ գնահատելու համատեղ անցած ճանապարհն ու շնորհակալություն հայտնելու այն մարդկանց, որոնց աշխատանքի շնորհիվ Երևանում անցկացված համաժողովը հասանելի դարձավ աշխարհի տարբեր անկյուններում։ Հայտնում են ՇՄ նախարարությունից։
Համբարձում Մաթևոսյանը առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել համաժողովը լուսաբանած հայաստանյան և միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչներին՝ լրագրողներին, լուսանկարիչներին, օպերատորներին և խմբագրական թիմերին։
Նախարարն ընդգծել է լրատվամիջոցների կարևոր դերը համաժողովի ողջ ընթացքում՝ նշելով, որ նրանք կիսել են աշխատանքային երկար օրերն ու անքուն գիշերները, բարձրաձայնել կարևոր հարցեր և բնության պահպանության օրակարգը պահել հանրության ուշադրության կենտրոնում։
<<Ձեր աշխատանքի շնորհիվ բանակցային սրահներից դուրս հնչեցին համաժողովի որոշումներն ու ուղերձները, ներկայացվեցին դրանց հետևում կանգնած մարդիկ, տեսանելի դարձան մեր երկրի ջերմությունն ու հյուրընկալությունը։ Ձեր հրապարակումներով աշխարհը ճանաչեց նաև Հայաստանը՝ որպես համախմբող և պատասխանատու գործընկեր>>,- նշել է նախարարը։
Նախարարն ընդգծել է, որ թեև համաժողովն ավարտվել է, Հայաստանի նախագահությունն ու համատեղ աշխատանքը շարունակվում են։ Առջևում ընդունված որոշումները կյանքի կոչելու կարևոր փուլն է, որի ընթացքում լրատվամիջոցների ուշադրությունն ու հետևողական լուսաբանումը նույնքան կարևոր են լինելու։
Համբարձում Մաթևոսյանը շնորհակալություն է հայտնել լրատվամիջոցների ներկայացուցիչներին՝ այս կարևոր ճանապարհի մասնակիցն ու տարեգիրը լինելու համար։
