«Դրսում պատերազմ էր, իսկ ես ուղիղ եթերում կարդում էի՝ Արցախում առանց տեղումների եղանակ է սպասվում»
«Վավերագրողները Արցախից» շարքի հաջորդ հերոսուհին Արցախի Հանրային հեռուստատեսության լրագրող Նինա Հայրապետյանն է: 2023թ.-ի սեպտեմբերի 19-ին նա լուրերի հերթական թողարկումն էր վարում, երբ կադրից այն կողմ գտնվող ընկերները հորդորեցին ավարտել հաղորդումը: Ձայնամեկուսացված տաղավարում լսելի չէին հրետակոծության ձայները: Պատերազմ էր սկսվել:
Այնուամենայնիվ, Նինան որոշեց հաղորդումն ավարտել եղանակի տեսությամբ. «Ստեփանակերտում սեպտեմբերի 19-ին սպասվում էր առանց տեղումների եղանակ»: Տաղավարից դուրս գալով՝ Նինան հասկացավ՝ տեղումներն արկերի տեսքով էին այդ օրը: Հաջորդ աննկարագրելի խուճապը բենզինի պահեստի պայթյունի օրն էր: Այդ օրը Նինա Հայրապետյանի ամուսինը ծանր մարմնական վնասվածքներ ստացավ: Նրան Հայաստան տեղափոխեցին ուղղաթիռով, ինքն օրեր անց կարողացավ միանալ ամուսնուն:
Հիշում է Կոռնիձորը, ասում է՝ շնչելիս զգաց, որ արկերի հոտ չի գալիս այդ օդից, ու երբ քայլում է, չի վախենում, որ հետևից թշնամին կկրակի: Ավելի հանգիստ էր, չկար խուճապ: Ավելի լավ էր զգում իրեն: Բայց այդ զգացողությունը նախնական էր ու թվացյալ, որովհետև Հայաստան հասավ բոլորովին այլ Նինա Հայրապետյան: