«Չեմբեռլենին ուղղված» պատասխանի պերճանքն ու թշվառությունը.ո՞րն է լինելու քաղաքացու անելիքը | Region

«Չեմբեռլենին ուղղված» պատասխանի պերճանքն ու թշվառությունը.ո՞րն է լինելու քաղաքացու անելիքը

Ապրիլ 14,2018 14:28

Չորեքշաբթի հրապարակված զեկույցում Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը, հատուկ ուշադրության արժանացնելով Սերժ Սարգսյանի իշխանավարության հնարավոր երկարաձգումը, փաստեց, որ այսօր Հայաստանը կանգնած է ավտորիտար դառնալու վտանգի առաջ:

«Հայաստանն առաջընթաց չի արձանագրել ոչ թափանցիկ ընտրությունների, ոչ արդարադատության, ոչ մամուլի ազատության, ոչ էլ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում. ճիշտ հակառակը՝ նախորդ տարվա համեմատ է՛լ ավելի է վատացել պայքարը կոռուպցիայի դեմ»,- նշված է կազմակերպության զեկույցում:

Թվում է՝ այս բավականին կոշտ զեկույցը պետք է սթափեցնող ազդակ լիներ, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ հեղինակավոր այդ կազմակերպության գնահատականների հիման վրա է, օրինակ, ամերիկյան «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիան որոշում ֆինանսական օժանդակություն տրամադրել տարբեր երկրների: Սակայն այս զեկույցն արժանացավ Սերժ Սարգսյանի թիմակիցների, մեղմ ասած, ծաղրական վերաբերմունքին:

«Չեմ կիսում այդ կարծիքը, կարող եմ դրան հակադրել բազմաթիվ պաշտոնական տեսակետներ Եվրոպական Միությունից՝ տիկին Մոգերինիից, պարոն Յագլանդից, ԵԽԽՎ մեր գործընկերներից, Միացյալ Նահանգների հարգարժան դեսպանից, միջազգային դիտորդական առաքելություններից, որոնք նշում են, որ երբեք Հայաստանն այսքան մոտ չի եղել Եվրոպական Միությանը, որքան այսօր: Իսկ ԵՄ-ն ժողովրդավարական արժեքների ջատագով է, և դժվար թե դեպի ավտորիտար գնացող պետությունը մոտ լինի Եվրոպական Միությանը: Սա էլ մեր պատասխանը Չեմբեռլենին»,- հեգնեց Շարմազանովը:

Ահա թե ինչպիսի անհարմար իրավիճակ է առաջանում, երբ տարիների երկակի ստանդարտների կիրառումը դառնում է ծուղակ բոլոր այն կառույցների համար, ովքեր չնկատելու են տալիս երկրում ցցուն դարձած քաղաքական, տնտեսական եւ գաղափարական գաղջը: Ավելին, իրենց պահվածքով, իշխանական միջանցքներում «խաղեր տալով»՝ ըստ էության խրախուսում են Հայաստանի հետքայլը՝ դեպի ամբողջատիրական համակարգ:

Այո, Մոգերինին ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումից հետո հայտարարել է, որ Հայաստանը երբեք այդքան մոտ չի եղել Եվրոպային, քան այսօր: Իսկ ԵՄ պատվիրակության տեղի ղեկավարը հավելել՝ քանի որ այդքան մոտեցել է, իրենք միլիոնավոր եվրոների տեսքով կխրախուսեն, քանզի «խրախուսանքը ԵՄ-ի հիմնական քաղաքական գործիքն է»:

Եվրոպացի չինովնիկը նաեւ պնդում էր, թե Եվրոպան հավակնոտ է, արժեքներն իրենց ինքնությունն են կազմում՝ ժողովրդավարությունը, մարդու իրավունքները եւ օրենքի գերակայությունը:

Սակայն Եվրոպայի հավակնությունների նշաձողը վերջին մի քանի ամիսների ընթացքում իջեցվեց եւ հարմարեցվեց Սարգսյանի վարչախմբին, եվրոպական ինքնությունը ճկվեց ու վարկաբեկվեց, որովհետեւ ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության քողի տակ տեղի ունեցող սիրախաղին հետեւող քաղաքացու համար առնվազն տարօրինակ էր, թե ում կամ ինչի պատվին են սերենադներ հնչեցնում ներքաղաքական ճգնաժամ հասունացրած իշխող ռեժիմի պատուհանների տակ:

Եվրոպական արժեքներից խորապես հիասթափված քաղաքացու տրամաբանական ու պարզ հարցադրումը հետեւյալն էր՝ արդյոք փաստաթղթի ստորագրմամբ եւ եվրոների հոսքով հնարավո՞ր է Հայաստանին իսկապես մոտեցնել եվրոպական արժեքներին: Դա փողո՞վ լուծվող հարց է, եթե այո, ապա ի՞նչ հետընթացի եւ կոծկված ավտորիտարիզմի մասին է գուժում մեկ այլ միջազգային կազմակերպություն, ճիշտ նույն պահին, երբ մյուսն առաջընթաց է ավետում:

Երկփեղկված միջանցքում իշխանություններն այդպես էլ պետք է վարվեին. մեկի տված գնահատականը շպրտելով մյուսի դեմքին՝ «Չեմբեռլենին» հասկացնելով՝ հարաբերությունները միմյանց միջեւ պարզեք, «մեզ Եվրոպան էլ վատ չի կերակրում»: Վաղը եթե հանկարծ մի այդպիսի գնահատական էլ եվրոպացի չինովնիկները ցանկանան տալ Հայաստանին, նույնպիսի պատասխան կստանան: Եթե միջազգային կառույցների համար երկակի ստանդարտների կիրառումը քաղաքական գործիքներից մեկն է, ինչո՞ւ այն չի կարող կիրառվել գործընկեր իշխանավորների կողմից: Այսպիսին է Եվրոպայի նախընտրած ընկերոջ էությունը, ով խայթում է նրան, ում բնում տաքանում է: Եվ Եվրոպան սեփական փորձից, անցած ճանապարհից ու պատմության դասերից պետք է սերտած լիներ այս ամենը:

Այդ միջանցքում սակայն ո՞րն է լինելու քաղաքացու անելիքը: Ինչի՞ն կամ ո՞ւմ հավատալ՝ սեփական փորձին եւ այդ գաղջում ձգվող տարիների՞ն, թե՞ Մոգերինիին, Յագլանդին, արեւմտյան կառույցներին կամ ԵԽԽՎ չինովնիկներին:

Գուցե միմյանց մեջ հարաբերությունները պարզելուց եւ ստանդարտների փունջը հստակեցնելուց հետո՞ միջազգային կառույցները քարոզեն իրենց գաղափարները: Հակառակ պարագայում այդ արժեհամակարգից քաղաքացու համար վստահելի ու հարգանքի արժանի քիչ բան կմնա:

Արմենուհի Վարդանյան

Նորություններ