Ինչո՞ւ է վարչախումբը հոխորտում «կերակրող գործընկերների» վրա | Region

Ինչո՞ւ է վարչախումբը հոխորտում «կերակրող գործընկերների» վրա

Մարտ 10,2018 15:31

Վերջին շաբաթվա ընթացքում նախ ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը եւ ապա ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պ. Սվիտալսկին հանդես եկան ՀՀ տնտեսական քաղաքականությանն ուղղված քննադատությամբ:

Իշխող Հանրապետականի ներկայացուցիչներն իրենց հայտարարություններով անուղղակի ԱՄՆ դեսպանին ուղարկեցին իր երկիր՝ պայքարելու սեփական երկրում կոռուպցիան կրճատելու համար:

Իսկ Պյոտր Սվիտալսկուն հանրապետականները դեռ անցած տարի էին հորդորել չմիջամտել Հայաստանի ներքին քաղաքական կյանքին:

Հայաստանի կոռումպացված եւ ոչ ժողովրդավարական իշխանությունների հանդեպ նման որակումներն ու քննադատությունները նորություն չեն: Եվ ուրեմն ո՞րն է ՀՀ իշխանությունների կոշտ արձագանքի պատճառը:

2008-ից չդադարող քննադատություններին զուգընթաց առանձնապես չեն պակասել Հայաստանի իշխանություններին հատկացվող ֆինանսավորման մատակարարումների տարեկան ծավալները:

Եվ երբ Հայաստանի իշխանությունների գրանտային «պարգեւատրումներն» ամեն կոշտ քննադատությունից հետո դարձյալ շարունակվում են, առնվազն նման քննադատությունները չեն կարող ընկալվել որպես լուրջ հայտարարություններ:

Մյուս կողմից, երբ եվրապաշտոնյաների համար լուրջ հաղթանակ է համարվում ՀՀ-ի կոռումպացված իշխանությունների հետ համագործակցությունը, եւ երբ նրանք հիացական հայտարարում են, որ «երբեք այնքան մոտ չեն եղել, ինչպես այժմ», ակամա հարց է ծագում, թե այդ մտերմությունից որն է ֆինանսավորող կողմի ակնկալիքը:

Հայաստանի իշխանությունները, ինչպես լինում է սովորաբար, շատ արագ «գլխի ընկան», որ միջազգային գործընկերներին հետաքրքրողը Հայաստանում ամենեւին էլ կոռուպցիայի ցուցիչը կամ ժողովրդավարությունը չէ, եւ որ ֆինանսավորումը Հայաստանի իշխանություններին ոչ այնքան կոռուպցիայի դեմ պայքարի, որքան Հայաստանում իրենց ներկայությունն ապահովելու հնարավորություն է:

Բացի այդ, տարիների ընթացքում եվրափողերի մատակարարմամբ չի պակասել կոռուպցիայի մակարդակը Հայաստանում: Կերակրելով եվրոպական ինտենսիվ մատակարարումներով՝ ավելի են պարարտացրել այն չարորակ ուռուցքը, որն այսօր պատրաստ է խժռել նաեւ օրգանիզմի ժողովրդավարության վերջին բջիջները:

Եվ հիմա, երբ արդեն ժողովրդավարությունն ու համամարդկային արժեքները շնչահեղձ են լինում Հայաստանում, եւ եկել է դրանց հուղարկավորելու ժամանակը, միջազգային գործընկերները հանկարծ սկսում են քննադատական հայտարարություններով հանդես գալ:

Սա, մեղմ ասած, «վիրավորական» է հայաստանցի գործընկերների համար, ովքեր թերեւս մտածում են, որ հավասար գործընկերային բաժին ունեն «այդ խմբակային հանցանքի մեջ»:

Վաստակը հավասար է. պատկերավոր ասած՝ միասին էին փորել ժողովրդավարությունը Հայաստանում թաղելու փոսը: Եվ հիմա, երբ հասել է վերջին պահը, ի՞նչ է նշանակում դառնալ ու քննադատել գործընկերներին: Սա առնվազն անազնիվ է:

Հենց սա է ակնարկում Հայաստանի իշխանությունը՝ փորձելով աղաղակել, թե դուք մասնակից եք եղել, կերակրել եք, փաղաքշելով տուն եք տարել, եվրաինտեգրել, սարքել եք ձեր մեծ եվրաընտանիքի անդամը, տեղն եկած ժամանակ մեզ հետ նաեւ փոս փորել, եւ հիմա հանկարծ ի՞նչ եղավ…

Թերեւս միջազգային գործընկերների այս ստանդարտներն են, որ թույլ են տալիս արդեն սանձարձակ գտնվելու չափ արհամարհել նրանց եւ ուղարկել սեփական երկրում իրենց մոտեցումները վերանայելու:

Քրիստինա Մկրտչյան

Նորություններ