«Մարտի 1»-ի պատասխանատուն գործող ողջ համակարգն է, ֆորմալ և ոչ ֆորմալ սուբյեկտներով հանդերձ | Region

«Մարտի 1»-ի պատասխանատուն գործող ողջ համակարգն է, ֆորմալ և ոչ ֆորմալ սուբյեկտներով հանդերձ

Փետրվար 29,2016 13:54

2008 թվականի մարտյան ողբերգական իրադարձությունից տարիներ անց բազմաթիվ անպատասխան մնացած հարցեր կան: Որտե՞ղ պետք է փնտրել տեղի ունեցածի հիմքերը, ինչո՞ւ համարժեք գնահատական չի տրվում մարտյան ողբերգությանը: Թեմայի վերաբերյալ ԳԱԼԱ-ն զրուցել է «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ Ստեփան Դանիելյանի հետ:

— Պարոն Դանիելյան, Ձեր կարծիքով ինչո՞ւ առ այսօր Մարտի մեկին չի տրվում իրավական, քաղաքական գնահատական:

-Իմ տեսակետն այն է, որ Հայաստանի երկու հիմնական խնդիրներն են՝ պատասխանատվության բացակայությունը և այն, որ երևույթները և դեպքերը չեն ստանում քաղաքական գնահատական: «Մարտի 1»-ին նույնպես չի տրվել քաղաքական գնահատական. ո՞վ է է կրակել, ո՞ւմ վրա են կրակել և նույնպես շատ կարևոր մի հարց. ով իրեն ինչպե՞ս է պահել այդ հանցագործությունից հետո: Առաջին հայացքից կարծես թե այդ բոլոր հարցերի պատասխանները պարզ են, սակայն ընդամենն առաջին հայացքից:

Քաղաքական դերակատարություն ստանձնած կամ նման դերակատարությանը հավակնող շատ սուբյեկտներ մինչև օրս այդ ողբերգությունը շահարկում են իրենց իրական կամ հնարավոր շահերի համար: Իմ տեսակետից առաջին հարցի պատասխանը մեկն է՝ առնվազն 10 անձի գնդակահարությունն իրականացրել է համակարգը. մեկը տվել է հրամանը, ձևավորված շտաբը համակարգել է գործողությունները, հատուկ ստորաբաժանումները, պատասխանատու կառույցները և ոչ ֆորմալ ռազմականացված ջոկատները իրականացրել են ուժային գործողությունները, իրավապահ մարմինները ձերբակալել են հարյուրավոր մարդկանց, դատարանները և դատախազներն իրականացրել են պատվերը, բանակի ղեկավարությունն իրականացրել է հատուկ դրությունը: Ավելին, ամիսներ և տարիներ մարդիկ գտնվել են թաքստոցներում, դատվել են և այլն: Սա ի՞նչ է նշանակում: Նշանակում է, որ գործել է մի ամբողջ համակարգ, որտեղ պետական կառույցներից բացի «միջոցառմանը» մասնակցել են ոչ ֆորմալ կառույցներ և կրիմինալ աշխարհը: Այդ ամենին ներգրավված են եղել հազարավոր մարդիկ:

Իմ կարծիքով սա է առաջին հարցի պատասխանը: «Մարտի 1»-ի պատասխանատուն գործող ողջ համակարգն է, ֆորմալ և ոչ ֆորմալ սուբյեկտներով հանդերձ:

Երկրորդ հարցի (ո՞ւմ վրա են կրակել) պատասխանը նույնպես կարևոր է: Կոնֆլիկտը եղել է երկու քաղաքական կողմերի միջև՝ իշխող համակարգի և ընդդիմության, սակայն գնդակահարվածների մեջ չեն եղել ընդդիմության ներկայացուցիչները: Գնդակահարվել են պատահական մարդիկ, ավելին, նույնիսկ լրագրողներ կամ հանրային քիչ թե շատ ճանաչված դեմքեր չեն եղել նրանց մեջ:

Սա նույնպես կարևոր է գիտակցել: Սպանվել են մարդիկ, որոնք քաղաքական առումով սուբյեկտներ կամ կողմ չեն եղել: Այդ հանցագործությունն ուղղակիորեն ուղղված չի եղել քաղաքական հակառակորդների դեմ: Իմ կարծիքով հիմնական պատճառը եղել է այն, որ հետագայում հնարավոր լինի նրանց հարկադրել՝ գնալով երկխոսության ճանաչել Մարտի 1-ից հետո ստեղծված քաղաքական ստատուս քվոն, և հիմնականում դա հաջողվել է:

Ձերբակալվածերի և փախուստի մեջ գտնվողների ճակատագիրը հանդիսացել է այն հանրային արդարացումը, որի համար ընդդիմությունը համագործակցել և ճանաչել է գործող համակարգը: Կամ ավելի ճիշտ կլինի ասել՝ երկարատև ռեպրեսիաներն իրականացվել են հենց այդ նպատակի համար:

Երրորդ հարցի (ով իրեն ինչպե՞ս է պահել այդ հանցագործությունից հետո) պատասխանը նույնպես կարևոր է, որովհետև դա ցույց է տալիս քաղաքական սուբյեկտայնություն ունեցող խմբավորումների դիրքորոշումները: Տեսեք, այսօր Դաշնակցությունը հայտարարում է, որ համագործակցում է իշխանության հետ, որովհետև ցանկանում է ստանձնել քաղաքական պատասխանատվություն: Մարտի 1-ից հետո 4 կուսակցություն կոալիցիայի անդամ էին՝ ՀՀԿ, ՕԵԿ, ՀՅԴ և ԲՀԿ: Դա՞ ինչ է նշանակում: Դա նշանակում է, որ այդ ուժերը Մարտի 1-ի արդյունքների համար ստանձնել են քաղաքական պատասխանատվություն: Սակայն դրանով ցուցակը չի սահմանափակվում:

Ընդդիմությունը գնաց երկխոսության Սերժ Սարգսյանի հետ, նախկին քաղբանտարկյալների մի մասը վերցրեց պատգամավորական մանդատները և ԱԺ-ում հարցեր են քննարկում Մարտի 1-ի պատասխանատուների հետ: Ոմանք էլ մասնակցեցին հայտնի ֆոտոսեսիային՝ համապատասխան դիրքով նկարահանվելով Սերժ Սարգսյանի հետ:

Փաստորեն միայն Շանթ Հարությունյանը չընդունեց ոչ անկախ դատարանի լիազորությունն իրեն դատելու համար, և ստիպված իրեն ազատեցին առողջական պատճառաբանությամբ: Սա մեղադրանք չէ մնացած բոլորին: Շանթի նման դիրքորոշում ունենալու համար պետք է ունենալ նման սկզբունքային դիրքորոշում և համապատասխան կամք: Դա քչերին է տրված:

Հիմա հարցը հետևյալն է, այսօր ո՞ր քաղաքական ուժն իրավունք ունի Մարտի 1-ի զոհերի հիշատակի օրը ծաղիկներ դնել «Ռուսաստանի հրապարակում» գտնվող արձանին: Այ այս առումով էի ես ասում, որ Հայաստանում գոյություն չունի պատասխանատվության ինստիտուտ: Կան միայն շահարկումներ ինչ-որ իրավիճակային խնդիրներ լուծելու համար: Եթե ազնվորեն հայտարարեն, որ այսօր այլ ելք չունեն և մասնակցում են իշխող ուժի կողմից պարտադրված խաղին, սակայն հետագայում, երբ ստեղծվի հարմար իրավիճակ, իրենք հետամուտ կլինեն արդարադատության իրականացմանը, իսկ մինչ այդ չեն խոսելու դրա մասին, ապա իմ կարծիքով այդ կեցվածքն ավելի ընդունելի կլինի, քան այդ ողբերգության օգտագործելն իրենց այսօրվա շահի համար: Այսինքն՝ չորոնել ինչ-որ ձևակերպումեր Մարտի 1-ի արդյունքում ստեղծված քաղաքական իրավիճակից օգտվելու համար:

—Պարոն Դանիելյան, Մարտի 1-ի ողբերգական իրադարձություններից տարիներ անց ի՞նչ կարող ենք արձանագրել, դասեր քաղե՞լ ենք տեղի ունեցածից, Մարտի 1-ն ի՞նչ փոխեց մեր երկրում:

— Իմ կարծիքով քաղաքական առումով կամ անգամ հանրային գիտակցության ձևավորման առումով ոչ մի դրական բան չի փոխել, ավելին, Մարտի 1-ի դեպքերն ավելի խորացրեցին թողտվության սահմանները և քաղաքական ցինիզմն ավելի լայն մասշտաբներ ընդունեց:

— Ի՞նչ եք կարծում, որտե՞ղ պետք է փնտրել Մարտի մեկի հիմքերը, կարծիք կա, որ իրականում Մարտի մեկի հիմքերը դրվել էին 2008-ից ավելի շուտ… ի՞նչը նպաստեց, որ հայ ժողովրդի պատմության մեջ արձանագրվի նման ողբերգություն:

-Մարտի մեկի հիմքերը դրվել են 1995-ին, երբ առաջին անգամ կեղծվեցին ընտրությունները: Իսկ դրա պատճառներն ավելի հին են: Այն ժամանակվա քաղաքական իշխանությունները չէին ցանկանում ընտրությունների իրական արդյունքներով հանձնել իշխանությունը, որի պատճառով սկսվեց իշխանության, բիզնեսի և կրիմինալ աշխարհի սերտաճում: Նյութական միջոցներին տիրապետելը դարձավ ամենագլխավոր քաղաքական գործոններից մեկը: Հետագայում այդ ամենն ավելի է կատարելագործվել, և քայլ առ քայլ մենք հասանք այսօրվան:

—Ինչպե՞ս խուսափել Մարտի 1-ի կրկնությունից:

— Լինել հնազանդ: Կան նաև այլ տարբերակներ, սակայն դա առանձին քննարկման թեմա է:

Հարցազրույցը՝ Ա. Վարդանյանի

Նորություններ