Նա նկատում էր գեղեցիկը ու նաև սովորեցնում տեսնել․․․ | Region

Նա նկատում էր գեղեցիկը ու նաև սովորեցնում տեսնել․․․

Հուլիս 27,2025 11:00

Կարինեին պատմելու, ասելու շատ բան կար, նրա հետ կիսվելու շատ զգայուն թեմաներ կային, իսկ նրա մասին պատմելիքը շատ ավելի շատ է, ու թեև խորն է ափսոսանքը, որ ամենակարևոր խոսքերը գուցե և չհասցրեցինք ասել նրան իր կյանքի օրոք, մխիթարում է այն, որ այսօր հնչած բառերը նրա վառ հիշատակի հարատևությունն են հյուսելու։

Հոգեբաններն ասում են, որ մարդիկ հակված են իդեալականացնելու նրանց, ովքեր հեռացել են այս կյանքից։ Կարինեի դեպքում, կարծում ենք, այդպիսի միտումն իրական չէ, քանի որ նա հետաքրքիր էր, բացառիկ ու աննկարագրելի՝ երբեմն բուռն, հախուռն էությամբ, իսկ ավելի հաճախ՝ խաղաղ ու ամենահաս սիրով տոգորված։

Երբ խոսում ենք Կարինեի մասին, ակամայից ծով ենք պատկերացնում, որն իր գոյությամբ իսկ կենսատու է, բայց և կարող է փոթորկվել՝ բնության զորությունը երբեք մոռացության չմատնելու համար։ Այդպիսին էր Կարինեն՝ ծովի նման, և իր նվիրական երազանքներից մեկն էլ ծովի ափին՝ մի փոքրիկ տնակում հանգրվանելն էր․․․ երբ խաղաղ կլինեին երեկոները, և ծովի ալիքները, կարծես, կմաքրեին օրվա հույզերը, իսկ լուսաբացները կվազեին ճայերի կանչին ընդառաջ․․․

Շատ ավելի հաճելի է մտածել, որ Կարինեն հիմա այդտեղ է՝ իր երազած փոքրիկ տնակում՝ փրփրահույզ ծովի ափին․․․

Համոզված ենք, որ այս տողերը կարդացող ցանկացած մեկը, որը ճանաչել է Կարինեին, իր ուրույն պատմությունը կամ հիշողությունն ունի այդ զարմանալի կնոջ մասին, քանի որ նա այն բացառիկ մարդկանցից էր, որն ԱՆՏԱՐԲԵՐ ՉԷՐ, և կարող էր լսել, տեսնել ու հասկանալ դիմացինին՝ պատրաստ լինելով սատարել, կարեկցել ու աջակցել նրան, երբեմն էլ լիովին ընկղմվել նրա խնդիրների մեջ՝ մոռանալով սեփական դժվարություններն ու հոգսերը։

Գուցե բնավորության այդ առանձնահատկությունն էլ ժամանակին ստիպեց Կարինեին թողնել ուսուցչությունն ու ավելի լայն գործունեություն ծավալել մեր երկրի հասարակական կյանքում, մասնավորապես՝ լրագրության ոլորտում։

Նա դարձավ այդ բնագավառի նվիրյալներից մեկը։ Լինելով բանիմաց մեդիա մենեջեր, մտքերի գեներատոր՝ Կարինե Հարությունյանը մեծ ներդրում ունի այնպիսի հրաշալի նախագծերի ստեղծման գործում, ինչպիսիք են «Նոյեմի» հեռուստաստուդիան, Գյումրիի անկախ լրատվական ալիքը, Ռեգիոնս TV-ն, նաև հեղինակել է բազմաբնույթ շատ այլ ծրագրեր, որոնք կյանքի են կոչվել՝ երբեմն հաղթահարելով անմատչելի թվացող պատնեշներ ու խոչընդոտներ։

Կարինեի բոլոր նախաձեռնությունների հիմքում Մարդն էր՝ հասարակ քաղաքացին՝ իր առօրեական խնդիրներով, հոգսերով ու կենսակերպով, և նա զարմանալիորեն կարողանում էր յուրաքանչյուրի մեջ գտնել այնպիսի ծալքեր, որոնք այդ մարդուն նկատելի կդարձնեին․ դա նաև Կարինեի հայրենասիրության եղանակն էր՝ կարևորել յուրաքանչյուրին, որն ապրում ու արարում է մեր այս սուրբ հողում, և պատահական չէր, որ Կարինեն վերջին տարիներին շատ մեծ ուշադրություն էր դարձնում հեռավոր գյուղերի, սահմանամերձ շրջանների բնակիչների խնդիրների ուսումնասիրմանն ու բարձրաձայնմանը՝ իր ջանքերը չխնայելով նրանց կյանքի բարելավման համար։

Խնդիրներից ու հոգսերից զատ Կարինեն կարողանում էր նաև տեսնել այն գեղեցկությունները, որոնք երբեմն ամենահամեղ սնկի նման թաքնվում են մեծ թփերի տակ՝ սպասելով իրենց «աստեղային ժամին»։

Կարինեն նկատում էր գեղեցիկը ու նաև մեզ՝ իր բազմաթիվ  գործընկերներին ու մտերիմներին սովորեցնում տեսնել․․․ տեսնել, սիրել ու պատմել կյանքի մասին՝ ինչպես որ է՝ իր խենթացնող շքեղությամբ ու անսպասելի դառնությամբ։

Կարինեն այն մարդկանցից էր, որն ավելի շատ սիրում էր նվիրել, քան ստանալ, և այսօր՝ իր ծննդյան օրը թերևս ամենալավ նվերը նրան կլիներ հայկական լրագրության մեջ այն արժեքների պահպանումն ու զարգացումը, որոնց համար նա ոչինչ չխնայեց․․․

Հիշատակդ վառ մնա, սիրելի Կարինե, և կյանքդ՝ հարատև՝ մեր հուշերի ծովում․․․

 

Հեղինակ` Մարինե Ալեքսանյան

 

 

Նորություններ