Նախարարը ներկայացրեց, թե որ խմբերն են մտնելու 2026-ից մեկնարկող առոջության համապարփակ ապահովագրության համակարգում և որքան կկազմի փաթեթի արժեքը

«Ավարտվել են մարզային բժշկական կենտրոնների՝ նախարարության ենթակայության տակ անցնելու բոլոր կազմակերպաիրավական ձևակերպումները: Այս մասով մենք վերջին ամիսներին մեծ աշխատանք ենք իրականացրել նույնական հաշվետվողականության ձև սահմանելու համար, որպեսզի կարողանանք վերահսկել մեր բժշկական կենտրոնների ինչպես զուտ բուժական գործունեության կազմակերպման հետ կապված ցուցանիշները, այնպես էլ ֆինանսական ցուցանիշները, ինչը ևս շատ կարևոր է»,-այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Տիկին Ավանեսյանը վստահահեցրեց՝ նշեց, որ առողջապահության նախարարության նպատակն է իրենց կողմից հավաքագրված տեղեկություննների, և արված վերլուծությունների հիման վրա ապահովել բժշկական կենտրոնների կառավարման միասնականությունը. վարչական, կառավարչական և ֆինանսական տվյալների կառավարումը իրականացնել հնարավորինս խոշորացված ձևաչափով:
«Որևէ բժշկական կենտրոն չի փակվելու, որևէ բժշկական կենտրոն չի կրճատվելու, և մարզային բոլոր բժշկական կենտրոնները կրկին շարունակելու են գործել իրենց շենքերում և տեղակայման վայրերում»,-վստահեցրեց նախարարը։
Անդրադառնալով 2026 թվականի բյուջեում ներառված առողջության համապարփակ ապահովագրության բարեփոխման ֆինանսավորմանը, նախարարը նշեց՝ 2026 թվականից սկսում ենք բարեփոխումը․«Ըստ էության, մեր օրենսդրական նախագծի մեջ ապահովագրության ներդրումը ամրագրված է եռամյա փուլային շրջանակներում, որում կներառվեն բնակչության հետևյալ խմբերը՝ մինչև 18 տարեկանները, 65 տարին լրացած քաղաքացիները պետության 100 տոկոս սուբսիդավորմամբ 2026 թվականից կներառվեն ապահովագրության համակարգ: Հաջորդը՝ 18-ից 65 տարեկան հաշմանդամություն ունեցող քաղաքացիներն են։ Ապա անապահովության 28 բալ ունեցող քաղաքացիները, այս համակարգը ևս փոփոխման մեջ է։ Ամսական 200 հազար դրամ եկամուտ ունեցող քաղաքացիները ևս կներառվեն առաջին փուլով: Պարտադիր պայման է այն հանգամանքը, որ այդ քաղաքացիները լինեն ռեզիդենտ՝ այսինքն Հայաստանում ապրեն 183 օր»:
Նախարարը հայտարարեց՝ այս որոշումը պատմական է, և լուծում է տասնամյակներով անտեսված խնդիրներ. «65 տարին լրացած քաղաքացիները տարիներով, տասնամյակներով ակնկալել են, որպեսզի իրենց առողջապահական ծախսերը ինչ-որ ձևով հասցեագրվի։ Ըստ էության, այսօր այդ տարիքի քաղաքացիների ծախսերի բեռը կրում են միջին տարիքի իրենց հարազատները: Մենք այդ բեռը վերցնում ենք, այսինքն ստեղծում ենք հնարավորություն, որ այդ անձը վճարելով ստանա ապահովագրություն: Այս դեպքում մենք բոլորս ունենում ենք հնարավորություն ապահովագրական համակարգում ընդգրկվելու համար»:
2026 թվականին պարտադիր ապահովագրությունը 1,6 մլն մարդու է վերաբերելու։ Նախարարի փոխանցմամբ՝ ապահովագրական փաթեթի արժեքն առաջին փուլի համար սահմանվել է 129 600 դրամ։ Այն իր մեջ ներառում է կանխարգելիչ, վաղ հայտնաբերմանը ուղղված սկրինինգային ծրագիր, հիվանդանոցային ծրագրեր, դեղորայքային ապահովում, շտապօգնության ծառայություններ։
Նիկոլ Մարգարյան