«Արարատցեմենտի» հարգելի աշխատողներ, նրանք, ովքեր մարդկանց վրա ճնշում կգործադրեն՝ նրանց մղելով գործողությունների, ազատվելու են աշխատանքից»․Փաշինյան
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Արարատցեմենտը» շատ շուտով լինելու է պետական, նույն ընթացակարգով նշանակվելու է կառավարիչ։ Այս մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանն՝ այսօր հրավիրված ասուլիսում անդրադառնալով Ծառուկյանին պատկանող մի շարք օբյեկտներ չեն աշխատում՝ խուզարկությունների պատճառով, աշխատակիցներն այս առնչությամբ դժգոհություն են հայտնում։
«Խնդրում եմ «Արարատցեմենտի» հարգելի աշխատողներին՝ չմտնել դաշտեր, որ հետո տարիներով անընդհատ այս նույն ցիկլի մեջ մտնենք։ Նրանք, ովքեր կանեն այդ կարգի գործողություններ՝ այսինքն, չգիտեմ, մարդկանց վրա ճնշում կգործադրեն և այլն, և այլն, փորձելով նրանց մղել գործողությունների, ազատվելու են աշխատանքից»,-ասաց Փաշինյանը։
Ըստ նրա՝ այդ աշխատակիցներին, ըստ էության սպառնում են։
Նշենք, որ «Արարատցեմենտի» աշխատակիցները վաղ առավոտից գործարանի դիմաց են, նրանք անհանգստացած են, պարզաբանումներ են պահանջում՝ ինչու գործարանն արդեն 4-րդ օրն է՝ չի աշխատում։
Գործարանի ղեկավարությունն էլ հայտարարում է, թե չգիտեն՝ երբ կվերականգնվի աշխատանքը։
Նկատենք, որ գործարանը դադարեցրել է աշխատանքը, երբ իրավապահ մարմինները խուզարկություններ են իրականացրել Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին պատկանող մի շարք ընկերություններում, ապա կապարակնքել դրանք։
