«Պետք հստակ արձագանք տրվի Իրանի սահմանին ԱՄՆ-ի ներկայության հնարավոր ռիսկերին»․ Իրանի դեսպան | Region

«Պետք հստակ արձագանք տրվի Իրանի սահմանին ԱՄՆ-ի ներկայության հնարավոր ռիսկերին»․ Իրանի դեսպան

Հուլիս 08,2026 13:55

Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին այսօր հրավիրված ասուլիսում անդրադարձել է «Թրամփի ուղի» նախագծին, նշելով՝ Իրանի լեգիտիմ և տրամաբանական անհանգստությունն՝ իր սահմանների հարևանությամբ ամերիկացիների ներկայությանը, պետք է հստակ արձագանք ստանա, պատասխան տրվի այդ անհանգստություններին, որը երաշխավորել և հավաստիացրել է ՀՀ կառավարությունը։

TRIPP-ի նախագծի վերաբերյալ դեսպանը հավելեց, որ դրանք հայ-իրանական հարաբերությունների օրակարգային հարցերը պետք է լինեն․«Եվ դրանք են այս նախագծից ի հայտ եկող ռիսկերի կառավարումը և հնարավոր մարտահրավերների վերացումը։  Իրանի լեգիտիմ և տրամաբանական անհանգստությունը իր սահմանների հարևանությամբ ամերիկացիների ներկայությանը պետք է հստակ արձագանք ստանա և պատասխան տրվի այդ անհանգստություններին։ ՀՀ կառավարությունն էլ հավաստիացրել է, որ այս ծրագրի իրականացման հետևանքով որևէ մարտահրավեր կամ որևէ սպառնալիք Իրանի համար չի ստեղծվի։ Կարծում եմ՝ պետք է ձեռք բերել մի այնպիսի մեխանիզմ, որի շրջանակներում Հայաստանի Հանրապետությունը կկարողանա իրացնել և իրականացնել ապաշրջափակման իր ամբողջ ներուժը, սակայն ի լրումն դրա, պետք է կառավարվեն, և հստակ կերպով արձագանք տրվի ԱՄՆ-ի ներկայության հնարավոր ռիսկերի և Իրանի դեմ ունեցած ցանկացած կետում սպառնալիքներին»։

Խալիլ Շիրղոլամին անդրադառնալով Գագիկ Ծառուկյանին առաջադրված քրգործին, որը Իրանի քաղաքացիներին է առնչվում, նախ ասաց, որ Հայաստանի ներքաղաքական հարցերին Իրանը չի միջամտում։ Ապա հստակեցնող հարցին՝ ի՞նչ տեղեկություն ունի, արդյոք Գագիկ Ծառուկյանը խարդախության միջոցով իրանցի գործարարներից հափշտակել է ներմուծվող ապրանքը, դեսպան Խալիլ Շիրղոլամին պատասխանեց. «Կողմերի միջև ի հայտ են եկել որոշակի տնտեսական անհամաձայնություններ այն ծրագրի շրջանակներում, որոնք իրենք նախաձեռնել են միահամուռ ուժերով։ Այս նախագիծը մշտապես օգտվել է ՀՀ կառավարության և ՀՀ-ում Իրանի դեսպանատան աջակցությունից։ Ցավոք, նախագիծը հաջողության չի հասել։ Կարող ենք ասել՝ տապալվել է։ Բուն վեճի, տարաձայնության հիմնական թեման հենց առևտրային ոլորտին է վերաբերում, ինչպես նաև այլ համագործակցություններին, որոնցում կողմերը չկարողացան արդյունքի հասնել։ Ինքս կարծում եմ, որ որոշակի միջնորդության արդյունքում կարող ենք հասնել կողմերի միջև համաձայնության»։

Դեսպանի կարծիքով՝ ցանկալի չէ, որ տարաձայնությունների և նմանօրինակ վեճի մասին քննարկումները հանրային դառնան, հավելեց՝ երկու կողմերն էլ միմյանց նկատմամբ ունեցել են մեղադրանքներ․«Ինքը՝ հետամուտ լինելով ԻԻՀ քաղաքացիների շահերին, փորձել է կապի մեջ լինել երկու կողմերի հետ էլ։ Այժմ գործն իրավական փուլում է, և ինքն առանձին մանրամասներին և դետալներին չի անդրադառնա։ Հուսով է՝ արդար քննություն կլինի»։

Լրագրողի դիտարկմանը՝ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ Իրանի թե՛ նախկին, թե՛ ներկայիս դեսպանները գործի մանրամասներին տեղյակ են, ինքը խոսե՞լ է նախկին դեսպանի հետ, դեսպան Խալիլ Շիրղոլամին այս առնչությամբ ասաց, որ հայ-իրանական առևտրի կենտրոնի և կենտրոնի ստեղծման աշխատանքներում ներգրավված էր Հայաստանում ԻԻՀ նախկին դեսպանը, գույքը և տարածքը, որը նախատեսված էր առևտրի կենտրոնի ստեղծման համար, պատկանում էր պարոն Ծառուկյանին․«Շատ լավ համագործակցություն ձևավորվեց, և կենտրոնի բացման արարողությունն էլ պաշտոնապես տեղի ունեցավ։ Ցավոք, աշխատանքի հետագա զարգացման ընթացքում որոշակի առևտրային, տնտեսական տարաձայնություններ առաջացան, և նրանք դադարեցրին իրենց համագործակցությունը։ Եվ, իհարկե, երկու կողմից էլ փոխադարձ մեղադրանքներ էին հնչում առ այն, որ մյուս կողմը հափշտակել է իր գումարը»։

Դեսպանի ներկայացմամբ՝ ծրագրից զատ տվյալ գործարարների միջև այլ նախագծերում համագործակցություն կար, ինչը սակայն դադարեցվել է։

«Ես ինքս ճիշտ չեմ գտնում մեր նախկին դեսպանի փոխարեն որևէ կերպ արձագանքելու այս հարցին։ Իմ ցանկությունն է, որ այս խնդիրը հնարավոր լինի լուծել քննարկման, փոխզիջման, խաղաղ ճանապարհով։ Անձամբ մի քանի քննարկումներ եմ ունեցել երկու կողմերի հետ էլ և բավականին ջանք եմ գործադրել։ Բայց ես իրավասու չեմ գործի մանրամասների վերաբերյալ իմ գնահատականը հայտնելու»,-նշեց դեսպանը։

Անդրադառնալով իրանա-ամերիկյան հակամարտությանը, դեսպանն ասաց․«ԱՄՆ-ն նախագահը, տեսնելով,  որ արդեն  չի կարող շարունակել այդ պատերազմը՝ հաշվի առնելով պատերազմից կրած հետևանքները և վնասները, որոշեցին համաձայնվել հրադադարին։ Սակայն հաշվի առնելով պարոն Թրամփի անհատականությունը, նրա բնավորությունը,  նրա թիմի առանանձահատկությունները, հաշվի առնելով Իրանի իսլամական հանրապետության թշնամի  սիոնիստական ռեժիմի ունեցած նպատակները՝ կարծես թե մենք գործ ունենք մի մարդու հետ, ով երկմտում է, և կարծես թե չի կողմնորոշվում, թե որ կողմով է պետք շարժվել։ Ուստի, հենց այս պատճառով է, որ այն հուշագիրը, համաձայնագիրը, որը ստորագրվել է, մի քանի անգամ արդեն խախտվել է նրանց կողմից»։

Խալիլ Շիրղոլամիի խոսքով՝ ԱՄՆ-ն խախտել է ստորագրված համաձայնագրի 10-րդ կետը, ըստ որի՝ Իրանը նավթը պետք է վաճառվեր առանց պատժամիջոցների։

Իրանի դեսպանի խոսքով՝ «ԱՄՆ-ի նպատակը մեկն է՝ վերահսկի նավթի և վառելիքի միջազգային շուկան»։

«Գաղնի չէ և դրա մասին խոսում են թե ԱՄՆ-ում թե միջազգային տարբեր փորձագետներ, որ իրականում այս ամբողջ գործընթացի նպատակը մեկն է՝ որպեսզի հանգիստ շունչ քաշի և հնարավորություն տա նավթի միջազգային  շուկայում և վառելիքի շուկայում ի հայտ եկած ինֆլացիան, գնաճը որոշակիորեն վերահսկվեն և այդ շուկան որոշակիորեն բալանսի բերեն։ Բոլորի համար ակնհայտ է, որ վերջնական նպատակը Թրամփի կողմից  համաձայնության հասնելը չէ և հնարավոր է հետագայում գործողություններ։ Որոշներն էլ կարծում են, որ այս պատերազմում պարոն Թրամփը չի հասել իր ռազմավարական նպատակներին և զգալի վնասներ է կրել այս պատերազմի  հետևանքով  և  որևէ ցանկություն չունի լայնամաշտաբ պատերազմի ֆորմատին վերադառնալու։ Ամեն դեպքում Իրանի Իսլամամական Հանրապետությունը պատրաստ է այս երկու սցենարներին։ Բանակցություններում մեր դիրքորոշումը վճռական է և նպատակներին հասնելու միտումով»,-ասաց դեսպանը։

 

Տիրուն Մարգարյան

Նորություններ