Գյումրիի Տերյան փողոցում 4 տան տանիք է այրվել․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
Նոյեմբերի 25-ին, ժամը 11։48-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Տերյան փողոցի տներից մեկի տանիքում: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է փողոցի մի քանի հարակիցտների տանիքներում։
Հայտարարել է հրդեհի բարդության «1 Բիս» կանչ․ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ․ այնուհետև դեպքի վայր օգնության է մեկնել ևս մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:57-ին, մարվել՝ 14:51-ին: Այրվել են Տերյան փողոցի 4 հարակից տների տանիքները (մոտ 500 քմ):
Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի մոտակա տներ:
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են 1 ջրատար։

