ՆԳՆ-ն հերքում է տեղեկությունը, թե հրդեհը տարածվել է «Լեռնային Հայաստան» առողջարանի մոտ, մինչդեռ տեղացիները պնդում են՝ վիճակը լավ չի, շատ տխուր տեսարան է | Region

ՆԳՆ-ն հերքում է տեղեկությունը, թե հրդեհը տարածվել է «Լեռնային Հայաստան» առողջարանի մոտ, մինչդեռ տեղացիները պնդում են՝ վիճակը լավ չի, շատ տխուր տեսարան է

Նոյեմբեր 26,2025 11:12

«Դիլիջանի անտառներն  այրվում են, կրակը մոտեցել է «Լեռնային Հայաստան» առողջարանին, շատ տխուր տեսարան է»․սոցիալական ցանցերում ահազանգում են Տավուշի բնակիչները։

ՆԳՆ-ն հայտնում է, որ նոյեմբերի 26-ի՝ ժամը 10։30-ի դրությամբ, Տավուշի մարզի Դիլիջան «Կազաչի» հատվածում բռնկված հրդեհը մեկուսացվել է, մյուս հատվածներում՝ Նավուր բնակավայրի մոտակայքում, Դիլիջանի ոլորաններին հարակից անտառում և Դիլիջանի «Լեռնային Արմենիա» հյուրանոցի մոտակայքում աշխատանքները շարունակվում են։

«Մամուլում շրջանառվող տեղեկությունը առ այն, որ հրդեհը տարածվել է «Լեռնային Հայաստան» առողջարան, չի համապատասխանում իրականությանը։

Հորդորում ենք հետևել միայն պաշտոնական լրահոսին։

Հրդեհը հիմնականում տարածվել է խոտածածկ հատվածում։ Տարածքում մեծաքանակ ծառեր չեն այրվել․ արձանագրվել են ջերմահարումներ։

Հրդեհի տարածումը դեպի տներ և առողջարան կանխվել է»,-նշված է ՆԳՆ հայտարարության մեջ։

Բնապահպանի տուն ՀԿ-ն  ահազանգում է․«Վիճակը լավ չի։ Տարածքային բոլոր հնարավոր ուժերը փորձում են դիմացն առնել։ Իսկ որոշներին, որ ասում են դաշտերը մի վառեք իբր թե մյուս տարի ավելի լավ խոտի համար, չեն լսում»։

Դիլիջանի հրդեհների դեմ պայքարելու համար հավաքվում է կամավորների խումբ։ Քաղաքացիները միանում են հրդեհաշիջման աշխատանքներին։

ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ ընդհանուր առմամբ հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են 669 փրկարարական ծառայող, 215 էկոպարեկ և բնակիչներ։ Հրդեհաշիջման աշխատանքներին և տարածքի օդային հետախուզությանն աջակցելու նպատակով օրվա ընթացքում ՊՆ ուղղաթիռով իրականացվել է 22 թռիչք։

Աշխատանքներն ինտենսիվորեն շարունակվում են։

«Մամուլում տեղեկութուններ են տարածվում հրդեհաշիջման աշխատանքներում կամավորների հավաքագրման վերաբերյալ: Իրավիճակը լիովին ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության վերահսկողության տակ է, իսկ կամավորական խմբերի օգնության անհրաժեշտության դեպքում կտրվի համապատասխան հայտարարություն»,-նշված է հայտարարության մեջ:

Դիլիջանի համայքապետ Դավիթ Սարգսյանը տեսանյութ է տարածել, նշելով, որ հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են, տեսանյութում  երևում է կրակը։

Նոյեմբերի 20-ին, ժամը 15։03-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել «Դիլիջանի ազգային պարկ»-ի տարածքում։

ՆԳՆ-ն օրեր առաջ տեղեկացրել է Գեղարքունիքում, Շիրակում ու Տավուշում բռնկված հրդեհների մասին, նախարարությունը սակայն հրդեհների բռնկման պատճառների մասին դեռևս չի նշում։ Միաժամանակ ՆԳՆ-ն քաղաքացիներին հորդորում է չայրել խոզաններ, ու զգուշացնում՝

Խոզանների այրումը վնասում է հողը, իջեցնում է հողի բերրիությունը.
Այրման ազդեցությունը մարդու առողջության վրա նույնպես բացասական է.
️Այրման ընթացքում ոչնչանում, տուժում է կենսաբազմազանությունը, թուլանում է էկոհամակարգի ինքնավերականգնման ունակությունը։

Ընդհանուր առմամբ, ըստ ՆԳՆ-ի, հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են 1830 փրկարարական ծառայող, 10 ոստիկանության ծառայող, 103 էկոպարեկ, 17 հիմնական և 143 օժանդակ տեխնիկա։ ՊՆ ուղղաթիռով իրականացվել է հետախուզում և հրդեհաշիջում (70 թռիչք)։

Հրշեջ-փրկարարների համակարգված ու համառ աշխատանքի շնորհիվ հաջողվել է մարել մի շարք տարածքներում բռնկված հրդեհները․ Գեղարքունիքի մարզի Մարտունու Սպիտակասարի հատվածում, Վարդենյաց լեռնանցքում, Զոլաքար բնակավայրին հարակից սարում, Լոռու մարզի Սպիտակի Լեռնանցքի, Լեռնաջուրի, Սարատովկա-Նովոսելցովո հատվածներում, Գոգարան-Սարալանջ գյուղերին հարակից սարում, Ուրասար և Ծաղկաբեր բնակավայրերի մոտակայքում, Սյունիքի մարզի Իշխանասարի, Իշխանասար-Նորավանի հատվածներում, Կոտայքի մարզի Հրազդանի Մաքրավան թաղամասի «Ձորքաշ» կոչվող տարածքում, Արագածոտնի մարզի Ապարանի ջրամբարի մոտակայքում։

Ինտենսիվ կերպով հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են նաև Տավուշի մարզի Դիլիջանի «Կազաչի» հատվածում, Նավուր բնակավայրի մոտակայքում, Դիլիջանի ոլորաններին հարակից անտառում և Շիրակի մարզ Ձորաշեն բնակավայրի մոտակայքում։

Նորություններ