Թեհրանն արձագանքել է Նախիջևանի միջադեպին. «Մեր թիրախը հակառակորդ տերությունների ռազմաբազաներն են»
Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին այսօր հայտարարել է, որ Իսլամական Հանրապետությունը «չի թիրախավորում հարևան երկրները»՝ մարտի 5-ին Նախիջևանի միջազգային օդանավակայանում անօդաչու թռչող սարքերի հարվածների մասին հաղորդագրություններից հետո։
Իրանական Tasnim լրատվական գործակալությունը գրում է, որ Ղարիբաբադին վերահաստատել է, որ «Իրանի քաղաքականությունն է՝ հարվածել միայն իր հակառակորդների, այդ թվում՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների և սիոնիստական ռեժիմի ռազմակայաններին»։
«Քանի որ մենք ի սկզբանե հայտարարել ենք՝ եթե տարածաշրջանում լինեն որևէ ռազմակայաններ, որոնք կօգտագործվեն Իրանի դեմ հարձակվելու համար, մենք թիրախավորելու ենք դրանք։ Այդպիսին է եղել մեր վարած քաղաքականությունը»,- AnewZ-ին տված հարցազրույցում հայտարարել է փոխարտգործնախարարը։
Նա նշել է, որ Նախիջևանում տեղի ունեցած միջադեպը պետք է հետաքննվի։
Այսօր Բաքուն հայտարարել է, որ իրանական ԱԹՍ-ները հարվածել են Նախիջևանի օդանավակայանին։
