«Ազգ-բանակից», «խելացի սահմաններից» մինչև «հոգևոր անվտանգություն». Որ ուժն ինչ է խոստանում բանակի զարգացման և անվտանգության ապահովման համար | Region

«Ազգ-բանակից», «խելացի սահմաններից» մինչև «հոգևոր անվտանգություն». Որ ուժն ինչ է խոստանում բանակի զարգացման և անվտանգության ապահովման համար

Մայիս 27,2026 15:40

Հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, երբ մայրաքաղաքը պատրաստվում է հունիսի 28-ի ռազմական շքերթին, 19 քաղաքական ուժերի պայքարում առանցքային հարցն է՝ ինչպե՞ս երաշխավորել Հայաստանի ֆիզիկական գոյությունն ու անվտանգությունը:

19 քաղաքական ուժերի պայքարում անվտանգության թեման դարձել է գլխավոր՝  եթե անտեսենք քարոզարշավում ամենօրյա փոխադարձ վիրավորանքներն ու մեղադրանքներ։ Ուժերից ամեն մեկն իր բաղադրատոմսն է առաջարկում. մեկը ցանկանում է երկիրը կառավարել «ուժեղ ձեռքով» և անձնական հեռախոսագրքով, մյուսը՝ բանակը ցրել 20%-անոց զեղչերով, իսկ երրորդն ընդհանրապես առաջարկում է հոգևոր անվտանգության կոնցեպտ, որտեղ հայ լինելը պարզապես պետք է լինի «շահավետ», մեկ ուրիշն էլ «Ազգ-բանակ» հայեցակարգն է առաջ բերում։

Ներկայացնում ենք այն ուժերի՝ անվտանգության ու հայկական բանակի վերաբերյալ ծրագրային առաջարկությունները, որոնք ԿԸՀ-ին են ներկայացրել նախընտրական իրենց ծրագրերը։

Ռազմավարական վեկտոր. «Լեգիտիմ սահմաններ», թե՞ աշխարհաքաղաքական շրջադարձ

Ամենաարմատական տարբերությունը նկատվում է արտաքին անվտանգության երաշխիքների փնտրտուքում:

  • «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ). Գործող իշխանությունը որդեգրել է «Լեգիտիմության հայեցակարգը»: Ըստ նրանց՝ անվտանգության առաջնային գործիքը ոչ թե բանակն է, այլ միջազգայնորեն ճանաչված սահմանները (Խորհրդային Հայաստանի սահմանագծով): Բանակին հատկացված է «պահեստային գործիքի» դեր՝ միայն այն դեպքի համար, երբ դիվանագիտությունը ձախողվում է: Անվտանգության հիմնասյունը տնտեսական փոխկապվածությունն է՝ «Խաղաղության խաչմերուկ» և TRIPP նախագծերի միջոցով, որտեղ Հայաստանի կայունությունը պետք է շահավետ դառնա հարևանների համար:
  • «Հանրապետություն» կուսակցություն. Այս ուժն առաջարկում է ամենակտրուկ աշխարհաքաղաքական շրջադարձը՝ մեկ տարվա ընթացքում դուրս գալ ՀԱՊԿ-ից և խզել Ռուսաստանի հետ համատեղ ՀՕՊ համակարգի պայմանագիրը: Նրանց համար անվտանգությունը ենթադրում է լիակատար անջատում հետխորհրդային ռազմական կառույցներից:
  • ՀԱԿ (Հայ ազգային կոնգրես). Ի հակադրություն «Հանրապետության», ՀԱԿ-ը շեշտում է «ռազմավարական դաշնակիցների և բարեկամ պետությունների հետ ինստիտուցիոնալ համագործակցության» վերականգնումը՝ բանակի վերածնունդը կապելով արտաքին հուսալի հենարանի հետ:
  • «Ուժեղ Հայաստան» դաշինք. Շեշտը դնում են անհատական առաջնորդության վրա: Նշում են, որ Սամվել Կարապետյանը (նա իրավունք չունի վարչապետ ընտրվելու, խմբ․) կհասնի ուժեղ խաղաղության՝ հիմնվելով իր միջազգային կապերի, խոշոր համակարգերի կառավարման բազմամյա փորձի և զինվորական ծառայության անցյալի վրա։ «Ուժեղ և հաստատուն առաջնորդությունը կանխում է պատերազմը»,-նշված է ծրագրում։
  • «Միասնության թևեր». Այս ուժը հանդես է գալիս ուղղակի և կարճ ձևակերպմամբ՝ խոստանալով «ազատել Հայաստանի ինքնիշխան տարածքներն ադրբեջանական օկուպացիայից», սակայն չի մանրամասնում դրա իրագործման դիվանագիտական կամ ռազմական գործիքակազմը:

Բանակի մոդելը, կառուցվածքը և զորակոչը

Ինչպիսի՞ն պետք է լինի հայկական բանակը՝ պարտադի՞ր, պրոֆեսիոնա՞լ, թե՞ խառը։

  • «Հանրապետություն» կուսակցություն. Անցում լիարժեք պրոֆեսիոնալ բանակի՝ յուրաքանչյուր տարի պարտադիր զորակոչի թվաքանակի կրճատում 20%-ով։
  • ՀԱԿ. Տեսանելի ապագայում Հայաստանը պետք է ունենա խառը տիպի բանակ՝ կազմավորված թե՛ համընդհանուր զորակոչի ենթակա քաղաքացիներից, թե՛ պայմանագրայիններից։ Կտրուկ դեմ են «ծառայության գնմանը». կբացառվի օրենսդրության ընդունում, ըստ որի հնարավոր կլինի վճարման դիմաց ազատվել ծառայությունից։ Առաջարկում են ապակենտրոնացված կառավարում բոլոր օղակներում, ինչը ստորին սպաներին կտա նախաձեռնության լայն հնարավորություն։ ԶՈՒ և այլ ուժայինների, ինչպես նաև ցամաքային զորքերի ու մյուս զորատեսակների թվաքանակի հարաբերակցությունը կբերվի օպտիմալ սահմանների։
  • «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ). Առաջիկա 3-5 տարում ձևավորել արդիական, պրոֆեսիոնալ և տեխնոլոգիապես զարգացած բանակ՝ ԶՈՒ օպերատիվ պատրաստվածության և շարժունակության համար։ Անցումը պրոֆեսիոնալ (պայմանագրային) բանակի պետք է լինի փուլային՝ պահպանելով պահեստազորային համակարգը։
  • «Հայաստան» դաշինք. Առաջարկում է օպերատիվ վերակազմավորվող և արագ համալրվող շարժունակ (մոբիլ) մոդել։ Մարտավարական ճկուն բաշխման շնորհիվ կնվազեցվեն թիրախավորման ռիսկերը։
  • «Քաղաքացիական պայմանագիր». Բանակը դիտարկում է որպես արտաքին անվտանգության ապահովման պահեստային գործիք՝ այն դեպքերի համար, երբ դիվանագիտությունը չի գործել։ Բանակը միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս չպետք է կիրառվի (բացառությամբ խաղաղապահ առաքելությունների)։ Խոստանում են շարունակել բարեփոխումները՝ համաձայն Բանակի կերպափոխման հայեցակարգի, և աստիճանական կերպով ներդնել Համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգը (ՀՊԱՀ)։
  • ԱԺԲ (Ազգային Ժողովրդավարական Բևեռ) և «Միասնության թևեր». Երկուսն էլ իրենց ծրագրերում ֆիքսում են բարձր տեխնոլոգիաներով հագեցած պրոֆեսիոնալ բանակի ձևավորման անհրաժեշտությունը։

Տեխնոլոգիական մրցավազք և ռազմարդյունաբերություն

Ժամանակակից պատերազմների դասերը (հատկապես ԱԹՍ-ների և կիբերհարձակումների դերը) արտացոլված են գրեթե բոլոր ծրագրերում, սակայն տարբեր մասշտաբներով:

  • «Ուժեղ Հայաստան» դաշինքն առաջարկում է ամենամեծ թվային ցուցանիշը՝ 10 000 դրոն և ԱԹՍ, բազմաշերտ հակադրոնային պաշտպանություն և էլեկտրոնային պատերազմի (ՌԷՊ) համակարգեր: Նրանք նաև նախատեսում են ստեղծել մասնագիտացված Ազգային կիբերանվտանգության ծառայություն:
  • «Հայաստան» դաշինքը շեշտը դնում է «Խելացի սահման» մոդելի վրա՝ ամբողջական ինժեներական կահավորմամբ և տեխնոլոգիական վերահսկողությամբ, ինչպես նաև տեղական մարտավարական ԱԹՍ-ների արտադրության վրա:
  • ՀԱԿ-ը առաջարկում է ինստիտուցիոնալ լուծում՝ պետություն-մասնավոր գործընկերության (ՊՄԳ) մոդելով գիտահետազոտական կենտրոնների ստեղծում, որտեղ ՏՏ ոլորտի տաղանդավոր զինակոչիկները կծառայեն իրենց մասնագիտությամբ՝ դառնալով կամուրջ բանակի և գիտության միջև:
  • «Հանրապետություն» կուսակցություն. Ռազմական արդյունաբերությանը և ռոբոտաշինությանը տալ գերակա կարգավիճակ՝ պետության ուղիղ մասնակցությամբ։
  • ԲՀԿ. Երկակի նշանակության (քաղաքացիական և ռազմական) տեխնոլոգիաների արտադրության խթանում, պաշտպանական մշակումների աջակցություն և արտահանման ներուժի զարգացում։ Բանակի կառավարումը կթվայնացվի ցանցային տեխնոլոգիաների հիման վրա։
  • ԱԺԲ և «Միասնության թևեր». Ծրագրերում ներառել են պաշտպանական արդյունաբերության զարգացումն ու ներդրումների ապահովումը հայրենական սպառազինության մեջ։

Սահմանների կահավորում, պահեստազոր և ներքին անվտանգություն

Ինչպե՞ս պաշտպանել հենց սահմանագիծը և ինչպե՞ս պատրաստել հասարակությանը հնարավոր ճգնաժամերին։

  • «Հայաստան» դաշինք. «Խելացի սահման» հայեցակարգ՝ սահմանագծի ամբողջական ինժեներական կահավորում և տեխնոլոգիական վերահսկողություն։ Առաջարկում են վարժական հավաքների պարտադիր ռոտացիոն համակարգ՝ պահեստազորի վերապատրաստման համար։ Բանակից անօրինական խուսափած անձանց կարգելվի զբաղեցնել բարձր պետական պաշտոններ:
  • «Ուժեղ Հայաստան» դաշինք. Խոստանում են սահմանները վերածել «խելացի պաշտպանական գոտիների», որտեղ մշտական հետախուզական կենտրոնները կմիավորեն արբանյակային տվյալները, անօդաչու հետախուզությունը և ԱԲ վերլուծությունը։ Կձևավորվի Հայաստանի բազմաշերտ ազգային հակաօդային պաշտպանության համակարգ՝ համադրելով ինչպես հարվածային, այնպես էլ ոչ հարվածային պաշտպանական միջոցները։ Կարճ, միջին և հեռահար պաշտպանության համակարգերը գործելու են միասնական՝ ոչնչացնելով սպառնալիքները մինչև Հայաստանի տարածք հասնելը։
  • ՀԱԿ. Տարածքի օպերատիվ կահավորում՝ ներքին կոմունիկացիաների զարգացում, ԶՈՒ նյութատեխնիկական ապահովման ստորգետնյա պահեստների ցանցի ստեղծում և օդանավակայանային ենթակառուցվածքների վերագործարկում։ Անձնակազմի համար առաջադրում են «Ունիվերսալ զինվորի» ստանդարտ (փոխադարձ փոխարինելիություն, մարտական բժշկություն, ինքնօգնություն) և ակտիվ զորավարժությունների վերականգնում։
  • ԲՀԿ. Կենտրոնանում է Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) արմատական վերակառուցման վրա. համակարգի բացարձակ ապաքաղաքականացում, ԱԱԾ հետախուզական և քննչական ծառայությունների վերականգնում, կրթական կենտրոնի ընդլայնում։ Խոստանում են նաև ռազմավարական պահեստազորի և մոբիլիզացիոն պատրաստվածության զարգացում։

Սոցիալական երաշխիքներ և զինվորականի կերպարը

Որպեսզի ծառայությունը գրավիչ դառնա, ուժերը ներկայացնում են նաև նյութական խթաններ.

  • «Ուժեղ Հայաստան». Յուրաքանչյուր զինվոր կստանա երաշխավորված ծառայության վարձատրություն՝ կապված երկրի նվազագույն աշխատավարձի հետ։ Ծառայությունն ավարտելուց հետո զինվորները հնարավորություն կունենան ստանալ պետության կողմից ֆինանսավորվող բարձրագույն կրթություն Հայաստանի բուհերում կամ օգտվել անվճար մասնագիտական և տեխնոլոգիական կրթական ծրագրերից։ Վետերանները կունենան երկարաժամկետ բժշկական և հոգեբանական աջակցություն, արտոնյալ բնակարանային ծրագրեր և աշխատանքի առաջնահերթ հնարավորություններ պետական ծառայության տարբեր ոլորտներում։
  • «Հայաստան» դաշինք. Բացի բարձր աշխատավարձից, առաջարկում է յուրահատուկ տնտեսական խթան՝ զինծառայողների ծնողների եկամտահարկի նվազեցում 10%-ով: Միևնույն ժամանակ, նախատեսում են պատժիչ մեխանիզմ՝ բանակից անօրինական խուսափած անձանց արգելել զբաղեցնել բարձր պետական պաշտոններ:
  • «Քաղաքացիական պայմանագիր». Խոստանում է լիարժեք մարել 2000-ականներից կուտակված բնակարանային պարտավորությունները երկարամյա զինծառայողների, զինթոշակառուների և զոհվածների ընտանիքների առաջ:

Ընդլայնված անվտանգություն. Պարեն, Էներգետիկա և Գաղափարախոսություն

Որոշ ուժեր փորձել են անվտանգությանը դիտարկել նաև այլ տեսանկյունից

  • ՔՊ-ն անվտանգային բաղադրիչ է դիտարկում Պարենային ինքնաբավությունը (ճգնաժամային պարենի արտադրություն և պահեստավորում երկրի ներսում՝ առանց արտաքին կախվածության) և Էներգետիկ անվտանգությունը (արևային, քամու էներգետիկայի, կանաչ ջրածնի և նոր ատոմակայանի կառուցման միջոցով):
  • ՀԱԿ-ը շեշտում է տարածքի օպերատիվ կահավորումը՝ ստորգետնյա պահեստների ցանցի ստեղծումը և օդանավակայանային ենթակառուցվածքների վերագործարկումը:
  • «Ժողովրդավարական համախմբում». Ի տարբերություն վերը նշված գործնական ծրագրերի, այս ուժի հայեցակարգը կրում է զուտ գաղափարախոսական, վերացական բնույթ: Ծրագրում չկան տեխնիկական կամ կառուցվածքային կոնկրետ առաջարկներ, փոխարենը խոսվում է «Ֆիզիկական և հոգևոր անվտանգության հավասարակշռության», հայ լինելը «շահավետ և անվտանգ» դարձնելու և պետության 6 սյուների (մշակույթ, կրթություն, գիտություն, տնտեսություն, բանակ, բժշկություն) մասին:
  • «Դեմոկրատիա օրենք կարգապահություն» կուսակցության նախընտրական ծրագրում անվտանգությանն ու բանակին վերաբերող կետեր կամ առաջարկներ ընդհանրապես առկա չեն:

 

Նորություններ