Չիրագործված ծրագրերը՝ նոր խոստումների հիմք․ ՔՊ-ի նախընտրական ծրագրի 44 կետերից 26-ը 2021 թվականի ծրագրի կրկնությունն է

«Ապագա կա, Գյումրի՛» կարգախոսով 2021 թվականին ընտրապայքարի դուրս եկած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 2 տարվա կոալիցիոն կառավարմամբ հակառակն ապացուցեց` քաղաքի համար ապագայի գրեթե ոչ մի ծրագիր չիրագործելով։ Նախընտրական նույն դրույթներով, բայց այլ կարգախոսով ու «կրկին փորձիր» սկզբունքով, հիմա նորից իշխանության համար են պայքարում։
Ներկայացնում ենք ՔՊ-ի նախընտրական ծրագիրը՝ այն համադրելով 2021 թվականի դրույթների հետ։ Ծրագրային 44 դրույթներից 26-ը 2021 թվականի նախընտրական ծրագրի կրկնությունն է։ Չկատարված ծրագրերը նորից խոստումներ են դարձել։
Նախընտրական 2025 թվականի ծրագրով ՔՊ-ն առաջարկում է առաջիկա 5 տարում վերացնել երկրաշարժից հետո տեղադրված ոչ հիմնական շինությունները, լուծել այդ տարածքներում բնակվող ընտանիքների բնակարանային հարցը։ Այս դրույթը ՔՊ-ի նախորդ ծրագրում էլ կար, բայց 3 տարվա ընթացքում Գյումրիի ավելի քան 2000 տնակներից ընդամենը մի քանիսը պակասեցին։ Խնդրին հիմնարար լուծում չեղավ, պետական բնակարանաշինական որևէ ծրագիր չիրականացվեց։
Մյուս դրույթով նախատեսում են կառավարության աջակցությամբ ավարտին հասցնել փողոցների լայնածավալ հիմնանորոգումը, բարեկարգելու են մայթերն ու մայթեզրերը։ Սա ՔՊ-ի 2021-ի նախընտրական ծրագրի թերևս եզակի դրույթներից է, որը քիչ թե շատ իրականացվել է, բայց այստեղ էլ խնդիրներ կան։ Որոշ փողոցներ անորակ են կառուցվել ու ընդունման ենթակա չեն։
«Քաղաքացիական պայմանագիրը» հատկացնելու է տարածք նոր գերեզմանոցի համար, կառուցելու են գերեզմանատուն, որով լուծվելու է քաղաքային գերեզմանատների գերծանրաբեռնվածության խնդիրը։ Նախկինում այս դրույթը չկար, բայց ՔՊ-ի իշխանության օրոք, քաղաքի 2 փակ գերեզմանատներում ապօրինի հուղարկավորությունները շարունակվում էին, իսկ «Շիրակ» գերեզմանատունը թեև բաց է, բայց գերեզմանատան պարսպից դուրս, մարդիկ ճանապարհի վրա են հուղարկավորում։ Ոչինչ կանոնակարգված չէ, ավտոճանապարհն էլ երբևէ չի հարթեցվում, այն շարունակում է մնալ անանցանելի։
Հանրային տրանսպորտին առնչվող որևէ խոստում չի կատարվել։ ՔՊ-ն 2021-ին խոստացել էր «Գյումրիում քաղաքային տրանսպորտի լիարժեք հասանելիություն ապահովել մինչև կեսգիշեր»։ Այն ժամանակ չարեց, հիմա նույն ձևակերպմամբ խոստումը նախընտրական ծրագրում է, բայց առանց «լիարժեք» բառի։ Այս բաժնում նոր խոստում է էկոլոգիապես մաքուր ավտոբուսների ներդնելը Գյումրիում։ Նախընտրական դրույթում չի ասվում, որ Էլեկտրական 5 ավտոբուս արդեն կես տարի է՝ Գյումրիում է ու չի շահագործվում։ Ու ցանկացած ուժ եթե իշխանության գա, ապա ոչ թե նորը պիտի գնի, այլ ընդամենը եղածները շահագործի։
Շրջակա միջավայրի և կոմունալ տնտեսության ոլորտի բոլորն դրույթները քաղաքական ուժը նույնպես նախորդ ծրագրից է «ժառանգել»։ Սրանց մեջ ամենաուշագրավը թափառող շների խնդրին է առնչվում։ 2021 թվականին «Քաղաքացիական պայմանագիրը» ծրագրում գրել էր, որ թափառող շների խնդրի կարգավորման նպատակով կառուցելու են ապաստարաններ։ Ոչ մեկը չկառուցվեց ու այս դրույթի համար ՔՊ-ն մեծ քննադատությունների ենթարկվեց։ Հիմա խմբագրել են այն ու առաջիկա 5 տարում խոստանում են ոչ թե մի քանի, այլ միայն 1 ապաստարան կառուցել, նաև իրականացնելու են զանգվածային ստերջացման ծրագիր, որն, ի դեպ, այս քարոզարշավի շրջանում բավականին ակտիվ ընթացք ունեցավ։
Նախընտրական հաջորդ կրկնվող դրույթներն առնչվում են Գյումրի գետակի հունի մաքրմանը, քաղաքի կենտրոնական աղբադաշտի խնդրին, գետնանցումների մաքրմանն ու լուսավորությանը, կանաչ գոտիների ավելացմանը, քաղաքի շատրվանների վերանորոգմանն ու դրանց շրջակա տարածքների բարեկարգմանը։
Նախընտրական ծրագրում նորույթ է այն, որ ՔՊ-ն ստանձնում է նաև սոցիալական աջակցության բաղադրիչը, հատուկ ծրագրեր են մշակելու միայնակ թոշակառուների, հաշմանդամություն ունեցող անձանց և բազմազավակ ընտանիքների աջակցության համար։ Ի դեպ, ՔՊ-ն համայնքային իշխանություն դառնալու դեպքում որոշել է ստանձնել նաև զբաղվածության կենտրոնի դերը և մասնագիտական վերապատրաստման ու զբաղվածության խթանման ծրագրեր իրականացնել՝ նպաստելով անապահով ընտանիքների աշխատաշուկայում ներգրավմանը։
Գյումրիում հասարակական զուգարաններ տեղադրելը, օդանավակայանից երկաթուղային կայարան տանող տրանսպորտային հանգույց ստեղծելը, Գյումրին տեխնոքաղաք դարձնելու ռազմավարություն ու ճանապարհային քարտեզ մշակելը, մարզադպրոցներ վերանորոգելն ու գույքով ապահովելը, մանկապարտեզներն ամբողջովին անվճար դարձնելը, երաժշտական ու արվեստի դպրոցներում երաժշտական գործիքներն ու գույքը թարմացնելը նույնպես ՔՊ-ի նախկինում չկատարած աշխատանքներից են, որոնք բարեհաջող լրացնում են այս տարվա նախընտրական խոստումների շարանը։
Ծրագրի մեկ այլ նորույթն էլ Գյումրիում հեծանվային ենթակառուցվածքների զարգացումն է՝ ստեղծվելու է ապահով հեծանվային գոտի։
Այս անգամ ՔՊ-ականները կարևորել են նաև կառավարման բարելավումն ու մարդկային կապիտալի զարգացումը։ Նախընտրական ծրագրում նշել են, որ զարգացնելու են համայնքային ծառայողների մասնագիտական կարողությունները՝ վերանայելով աշխատավարձերի համակարգը։
Ի դեպ, Գյումրու համայնքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը հանրապետության համայնքների մեջ ամենացածրերից են։
Կարինե Կազարովա