«Խաբողն ու չանողը ՔՊ-ական լինի։ Մեր քաղաքին վայե՞լ են այսքան թափառող շներն ու կրծողները, ՔՊ-ն մեզ բավարար չէ՞»․Ռուբեն Մխիթարյանի՝ պոետիկ զեղումներով ու վիրավորանքներով նախընտրական ծրագիրը | Region

«Խաբողն ու չանողը ՔՊ-ական լինի։ Մեր քաղաքին վայե՞լ են այսքան թափառող շներն ու կրծողները, ՔՊ-ն մեզ բավարար չէ՞»․Ռուբեն Մխիթարյանի՝ պոետիկ զեղումներով ու վիրավորանքներով նախընտրական ծրագիրը

Մարտ 18,2025 13:00

Գյումրու քաղաքապետի պաշտոնի համար պայքարի դուրս եկած ուժերից որոշներն արդեն ներկայացրել են իրենց նախընտրական ծրագրերը։

Գյումրիում խնդիրները շատ են, այս շրջանում խոստումներն՝ առավել շատ։

Քարոզարշավը սկսված է, փոխադարձ մեղադրանքների պակաս չկա, վիրավորանքների՝ ևս։

«Իմ հզոր համայնք» կուսակցությունն իր նախընտրական ծրագրում տեղ-տեղ  խայթում է իշխանություններին, տեղ-տեղ էլ մեղադրում նախկիններին։

Չգիտենք՝ ով է գրել այս ուժի նախընտրական ծրագիրը, բայց փորձել են կրեատիվ լինել, մի քիչ էլ պոետիկ զեղումներով, օրինակ գրում են՝  «․․․Գյումրին կարող է հառնել»։  Դատելով ոճից, կարելի է ենթադրել, որ ծրագիրը գրել է այս կուսակցության քաղաքապետի թեկնածու, պրոդյուսեր և երգերի հեղինակ Ռուբեն Մխիթարյանը։

«Թեթևի մեջ» ծրագիր է, կարծես «ոտքի վրա» գրած լինի, կուսակցությունը կոնկրետ խոստումներ այս ծրագրով չի տալիս, հարցականներով է խոսոււմ, հետևաբար, պարտադրված էլ չի նշել, թե այն, ինչ առաջարկում է, ինչպես է իրականացնելու։

Այս ուժը գտնում է, որ «Գյումրին աղետի գոտու են վերածել նաև այն քաղաքական գործիչները, որոնք բնակչության արդար դժգոհությունը փորձել են ծառայեցնել իրենց նպատակներին, բարերարները, որոնք, սեփական եսասիրությունը բավարարելով, բնակչությանը դատապարտում էին մուրացկանության, տարատեսակ չինովնիկներն ու խաբեբաները, որոնք օգնության անվան տակ զբաղված էին թալանով»։

«Չնայած այդքան փորձություններին՝ Գյումրին կա: Ու կա ոչ թե նմանատիպ մարդկանց շնորհիվ, այլ ի հեճուկս նրանց արկածախնդրության: Ի հեճուկս բոլոր նրանց, ովքեր Գյումրին ու աղետը սարքել էին կթու կով»,-գրված է ծրագրում։

«Իմ հզոր համայնքը» վստահեցնում է՝ Գյումրու վրայից աղետի գոտու պիտակը պիտի վերջնականապես հանենք ու հատուկ հիմնադրամի միջոցով կյանքի կկոչենք հեռանկարային տարբեր ծրագրեր:

Վստահեցնում են՝ «Լենինականի համբավը, ծիծաղը, մթնոլորտն ու լավատեսությունը պետք է հետ բերենք Գյումրի»:

Խոստանում են ժամանակակից փառատոների շուրջամյա կենտրոն դարձնել Գյումրին։ Ծրագրում նշված է, որ քյալլեն ու պոչը պիտի ժամանակակից մատուցմամբ Գյումրի բերեն տասնյակ հազարավոր զբոսաշրջիկների,  ինչպես նաև՝ քաղաքի տոնը,  երգիչներն ու թատերական խմբերը, ֆայտոնը, արհեստները, արվեստը, նույնիսկ հումորը։

Ծրագրում 12 կետով առաջարկներ են ներկայացված, բայց ուշագրավն այն է, որ ծրագրի յուրաքանչյուր կետ  հարցով է սկսվում՝ « բա էս գյոզալ քաղաքը չպիտի՞ կարողանա զարգացման համար այնքան փող ստեղծել, որ մենք մեր ձեռքով մեր խնդիրները լուծենք:  Գյումրին բա չունենա՞ ժամանակակից ու մատչելի տրանսպորտային ցանց: Բա ցույց չտա՞նք, որ նման ցանց ստեղծելու համար պարտադիր չէ աշխարհի բոլոր հիմարություններն անել: Գյումրու նման քաղաքը բա չունենա` իր Փառքի ճեմուղին, որտեղ կտեղադրվեն մեզ փառք ու պատիվ բերած բոլոր անվանի գյումրեցիների կիսանդրիները: Մեր հյուրերին երկար-բարակ պատմելու փոխարեն՝ բա չտանե՞նք Փառքի ճեմուղի, որ հա՛մ քաղաքի համն ու հոտը զգան, հա՛մ էլ հասկանան, որ, իրոք, գլուխ գովելու տեղ ունենք»:

«Իմ հզոր համայնք»-ն առաջարկում է «Ազգային» մարզադաշտը կառուցել Գյումրիում ու նշում՝  «Մեր քաղաքը խերով քաղաք է»։

Առաջարկում է քաղաքն իր խնամքի ու հոգատարության տակ վերցնել, ինչպես գրված է ծրագրում՝ անտեր մնացած անխտիր բոլոր գերեզմանները.«ոչ մի լքված ու անխնամ մնացած գերեզման Գյումրիում չպիտի լինի», ու նշում՝ «Մեզ չի սազում»:

Նախընտրական ծրագրով այս կուսակցությունն առաջարկում է ներդնել համայնքային ծառայությունների միասնական էլեկտրոնային հարթակ, որպեսզի, ըստ ծրագրի հեղինակի՝ « մի թույլտվություն, մի տեղեկանք ստանալու համար մարդը տասը դուռ չթակի, ժամերով չինովնիկների դռների դիմաց հերթ չկանգնի»։

«Բա թափառող շների ու բազմաբնակարան շենքերում կրծողների խնդրի լուծումը չդարձնե՞նք քաղաքապետարանի ամենօրյա հոգսն ու ռեալ լուծենք խնդիրը: Մեր քաղաքին վայե՞լ են այսքան թափառող շներն ու կրծողները, ՔՊ-ն մեզ բավարար չէ՞»,-գրված է ծրագրում։ Ինչպես ասում են՝ no comment։

« Ամեն տարի բա գոնե 3 դրամաշնորհ չտա՞նք գյումրեցի այն բացառիկ ու գերտաղանդավոր երիտասարդներին, որոնք, ավարտելով քաղաքի դպրոցներն ու բուհերը, կընդունվեն աշխարհի ամենավարկանիշային 10 համալսարաններից մեկը՝ կրթությունը շարունակելու համար»,-գյումրեցիներից հետաքրքրվում է «Իմ հզոր համայնք»-ը։

Հետո ծրագրի հեղինակը հարցնում է՝ ․․․բա չստեղծե՞նք «Հայրաքաղաք Գյումրի» վիրտուալ հարթակ։ Առաջարկում է այս հարթակի միջոցով Գյումրու քաղաքացիության վիրտուալ անձնագրեր տալ բոլոր գյումրեցիներին, այդ թվում՝ արտերկրում բնակվող․«որպեսզի մեծ կարևորություն ու հնչեղություն ունեցող խնդիրները պետք եղած պահին դնենք էլեկտրոնային հանրաքվեի, բոլոր գյումրեցիների կարծիքն իմանանք, հետո որոշումներ կայացնենք»:

«Բա հայկական սպորտի սիրտը հանդիսացող Գյումրիում տաղանդավոր երեխան փո՞ղ ման գա, որ պարապի: Մեր հրաշք մարզիչներն իրենց նվաստացած զգան, որ կոպեկներ են ստանում: Սրա ի՞նչն է մեզ սազական»,-գրված է ծրագրում։

«Բա չկառուցե՞նք հենց մեր քաղաքում մի մեծ, փակ «Ակվապարկ», որպեսզի գյումրեցիներին ու մեր զբոսաշրջիկներին հնարավորություն տանք ամառ-ձմեռ ընտանիքներով վայելելու ջրային հանգիստը»,-հարցնում է քաղաքը կառավարելու համար պայքարող կուսակցությունն ու պատասխանում՝ այո, իրատեսական է ծրագիրը ու եզրափակում․«Կհարցնեք՝ կանե՞ք, չե՞ք խաբի։ Խաբողն ու չանողը ՔՊ-ական լինի: Ամեն ինչից բացի` թասիբի հարց է. մենք հենց դրա համար ենք գալիս»:

 

Նորություններ