«Միշտ չէ, որ բոլոր ասածները պիտի արձագանք ստանան»․Ալեն Սիմոնյանը Հաջիևի աղմկահարույց հայտարարությանը պաշտոնապես չարձագանքելու մասին | Region

«Միշտ չէ, որ բոլոր ասածները պիտի արձագանք ստանան»․Ալեն Սիմոնյանը Հաջիևի աղմկահարույց հայտարարությանը պաշտոնապես չարձագանքելու մասին

Սեպտեմբեր 16,2026 17:44

Հայաստանը բոլոր տնտեսական անվտանգային հնարավոր հարցերում ընտրել է և ընտրելու է այլընտրանքներ, և այդ մարտավարությունը շարունակվելու է: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանն՝ պատասխանելով հարցին՝ ո՞րն է լինելու ռուսական գազի այլընտրանքը, եթե Մոսկվան Հայաստանի համար թանկացնի գազը։

Թե ո՞ր երկիրը կարող է ռուսական գազին այլընտրանք լինել, Սիմոնյանն ասաց՝ բոլոր հնարավոր երկրներից։

Հարցին՝ որքանո՞վ է ճիշտ ռուսական ասեղից դուրս գալ ադրբեջանական ասեղի վրա նստել, Սիմոնյանն ասաց. «Ընդհանրապես ասեղով չի կարելի ապրել։ Հետո ո՞վ ասեց, որ մենք ինչ-որ մի երկրի կախվածությունը պատրաստվում ենք փոխարինել մեկ այլ երկրից կախվածությամբ։ Մենք պատրաստվում ենք բոլոր հնարավոր տեղերից գազ գնել։ Եթե Ռուսաստանը մեզ գազ տա, Ռուսաստանից գազ կառնենք, Ադրբեջանը տա՝ Ադրբեջանից կառնենք, Իրանը տա՝ Իրանից կառնենք, եթե Թուրքիան ինչ-որ տեղից գազի հնարավորություն ունենա, իրենից էլ կառնենք միաժամանակ։ Իսկ ո՞վ ասաց, որ պետք է մի բանից դուր գալ և թռնել մեկ ուրիշի գրպանը։ Իսկ ո՞վ ասաց, որ ռուսական գազը էժան է, իսկ ո՞վ ասաց, որ գազի գինը մենակ դոլարով է չափվում։ Տեսնո՞ւմ եք, որ այն օգտագործում է որպես քաղաքական արժույթ։ Իսկ բենզինը ավելի էժան որտեղի՞ց էր բերել, իսկ հիմա որտեղից են մեր բենզալցակայանները բենզին լցնում, Ադրբեջանից»։

Լրագրողները նաև հետաքրքրվեցին՝ արդյոք իշխանությունը որևէ  քայլ անում է արձագանքելու Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի կեղծ պնդումներին, ըստ որոնց նա Գանձասարն ու Դադիվանքը  ներկայացրել է որպես աղվանական, Սիմոնյանն այսպես պատասխանեց․«Կարծում եմ, արդեն ամեն ինչ ասված է և միշտ չէ, որ բոլոր ասածները պիտի արձագանք ստանան, պետք է գիտակցենք, թե դա ինչ-որ բան փոխելու է, թե ոչ»։

Սիմոնյանի խոսքով․«Ես կարող եմ հիմա մի հատ սուր բան ասել, ինչ-որ ձևով արձագանքել, մենք բոլորս 15 րոպե մեզ լավ զգանք, բայց բանակցություններին ես դրանով վնաս տամ, իսկ մենք արդեն 100 անգամ ասել ենք, որ պետք է խաղաղությանը խնամքով վերաբերվենք և սա այն դեպքն է, երբ այդ խնամքը պետք է ցույց տալ։ Ոչ մենք իրենց աչքը ունենք՝ տեսնելու, թե իրենք ոնց են տեսնում  վիճակը, ոչ էլ իրենք մեր աչքը ունեն»։

Սիմոնյանն ասաց, որ Հաջիևի հետ պարբերաբար հեռախոսով խոսում են, նշեց․«Կարելի է աել՝ երկու օրը մեկ խոսում ենք։ Այո, ես իր հետ կապի մեջ եմ, այո, խոսել եմ այդ թեմայով։ Մենք չենք խոսում այն մասին, թե ով է սխալ, ով է ճիշտ։ Կա իրենց տեսակետը, և կա մեր տեսակետը և իմ աշխատանքի իմաստը այն է, որ այդ տեսակետները նախ չբերել և բախեցնել մեկը մյուսին։ Ես կարող եմ հիմա 10 նախադասություն ասեմ, ասենք՝ ուխ, էս ինչ լավ ասեց, բա հետո՞»։

Հեռախոսազրույցի ընթացքում Հաջիևին ասե՞լ է, որ Գանձասարը հայկական է, ոչ թե աղվանական, այս հարցին ի պատասխան Սիմոնյանն ասաց․«Եթե մենք մտնենք էդ խոսակցությունների մեջ, դա մեզ ու՞ր է տանելու, ձեր կարծիքով։ Այսինքն մեր ինքնության պաշտպանությունը դրանով է պայմանավորվա՞ծ։ Մեր ինքնությունը և խաղաղությունը և այն պրոցեսները, որոնք որ տեղի են ունենում, դնել իրար հետ կոնֆլիկտի մեջ, ճիշտ չէ»։

Սիմոնյանը վստահեցրեց, որ Հաջիևի այդ հայտարարությունից հետո  խոսել են, սակայն չմանրամասնեց, թե ինչի մասին, միայն ասաց․«Ես նաև ուրիշ մտհոգություն էի արտահայտում, որ պետք է ամեն ինչ արվի, որ պրոցեսին հանկարծակի նման դեպքերը չխանգարեն։ Հիմա էլ եմ կարծում, որ պետք է ամեն ինչ անենք, որ նման իրադարձություններ չխանգարեն»։

Նշենք, որ Հաջիևի այդ հայտարարությանը ՀՀ կառավարությունը պաշտոնական հայտարարություն չի արել։  Ավելի ուշ Մատենադարանից  պարզաբանել են, որ որևէ հնագույն ձեռագրի բնօրինակ երբևէ չի տեղափոխվել Գանձասար, քանի որ այնտեղ անվտանգության և պահպանման համակարգ չի եղել:

 

Նորություններ