Հայաստանը երբեք ռուսական 102-րդ ռազմաբազան դուրս բերելու մասին հարց չի բարձրացրել․Փաշինյան
Այսօր խորհրդարանում կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Գյումրու ռուսական ռազմաբազային։
Նա ասաց, որ 2018 թվականից շփվում է Ռուսաստանի Դաշնության նախագահի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ և ոչ մի անգամ Հայաստանից 102-րդ ռազմաբազան դուրս բերելու մասին հարց չի բարձրացրել։
Նրա խոսքով՝ Բիշքեկից վերադառնալուց հետո է լսել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը, թե «եթե Հայաստանը ցանկանա ռուսական ռազմաբազան դուրսբերել,, Մոսկվան այն դուրս կբերի»։
Փաշինյանը կրկնեց նախկինում արած իր հայտարարությունը, ըստ որի՝ Հայաստանը երբեք ռազմաբազան դուրս բերելու մասին հարց չի բարձրացրել․«Բայց եթե Ռուսաստանի Դաշնությունը որոշի, որ դուրս է բերում ռազմաբազան, Հայաստանը չի առարկի, քանի որ ռազմաբազայի ներկայությունը չունի կենսական նշանակություն Հայաստանի Հանրապետության համար։ Իսկ եթե Ռուսաստանի Դաշնությունն ուզում է պահել ռազմաբազան, մենք պատրաստ ենք դա քննարկել։ Սա է եղել ամբողջ պատմությունը՝ ոչինչ ավել և ոչինչ պակաս»։
