«64 միլիարդ դրամի չարաշահման գործ է, դուրս են գալիս, ասում՝ Ալիևը, Ադրբեջանը»․ Փաշինյանը ընդդիմադիրների հայտարարության մասին
Եթե ՀՀ իրավապահ մարմինները գնացել են այդ քայլին՝ իմանալով, որ լինելու են նման շահարկումներ, նշանակում է, որ առնվազն որոշակի ծանրակշիռ հիմք ունեն այդ իրավական գործընթացը սկսելու։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Սամվել Կարապետյանի կալանավորմանն ու քրեական գործին։
Հիշեցնենք, որ Կարապետյանն կալանավորվել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը 64.5 մլրդ դրամի վնաս պատճառելու գործով։
Ըստ Քննչական կոմիտեի՝ այս նույն գործով հանրային քրեական հետապնդում է հարուցվել ևս 35 անձի նկատմամբ՝ մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կազմակերպելու, առանձնապես խոշոր չափերով վստահված գույքը հափշտակելը կազմակերպելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դրվագներով:
Երեկ ուշ երեկոյան մի քանի քաղաքական ուժեր հանդիպել են ու քննարկել համատեղ պայքարի մասին հարցերը, ապա հայտարարություն տարածել, որ նրանք համախմբվում են չորս նպատակի շուրջ՝
- «Ալիևյան սահմանադրության պարտադրանքի մերժում»։
- «Խաղաղություն՝ առանց միակողմանի զիջումների և տարածքային կորուստների»։
- «Ազգային ինքնության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պաշտպանություն»։
- «Ժողովրդավարական ազատությունների և իրավունքների վերականգնում»։
Հայտարարությունը ստորագրել են «Ուժեղ Հայաստանը», 1-ին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջնորդած ՀԱԿ-ը, 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած «Հայաստան» դաշինքն ու դրա մաս կազմող Հայ հեղափոխական դաշնակցությունը, 3-րդ նախագահ Սերժ Սարգյանի «Հանրապետական» կուսակցությունը, Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ու այլ ուժեր։
Անդրադառնալով այս հայտարարությանը, Փաշինյանն ասաց՝ երբ ինչ-որ քրգործ է լինում՝ թալանը քողարկելու համար տերմիներ են հնչեցնում՝ Ադրբեջան, Ալիև, Թուրքիա։ «Այսինքն՝ եթե 64 միլիարդի չարաշահումը եղել է, ուրեմն ՀՀ իրավական համակարգն ի՞նչ պիտի անի, պիտի գործի։ 64 միլիարդի չարաշահում եթե կա, Ալիևն ի՞նչ կապ ունի էդտեղ։ Մենք, այսպես կոչված՝ բարերարների ծագումնաբանությունը պետք է հասկանանք»,-ասաց Փաշինյանը։
Հարցին՝ արդյոք ընդդիմադիրների այդ հայտարարության շուրջ հանրային մեծ համախմբում չի լինի ու իշխանափոխություն տեղի ունենա, Փաշինյանը հեգնանքով պատասխանեց․«Այդ հարցին պետք է պատասխանի ՀՀ ժողովուրդը։ Մենք գնում ենք խաղաղության ինստիտուցիոնալացման։ 64 միլիարդ դրամի չարաշահման գործ է, դուրս են գալիս, ասում՝ Ալիևը, Ադրբեջանը։ Ինչ լինում է, դուրս են գալիս, ասում՝ Ալիևը, Ադրբեջանը։ Հիմա մեր ժողովուրդը որ խաղաղություն է ուզում, կամ որ ժողովուրդը գնա, նոր սահմանադրությանը կողմ քվեարկի, իրենք իրենց ասածների քաղաքական հետևանքների մասին մտածո՞ւմ են։ Այդ մարդիկ հակապետական մարդիկ են, ովքեր ընդամենն ուզում են իրենց թալանածը ծածկել։ Կազմը նայեք։ Մի կարևոր կոմպոնենտ կա ընդդիմադիր էդ ֆորմատի, որ կտրուկ կմեծացնի այդ ֆորմատի հաջողության շանսերը։ Այդտեղ մի կարևոր անձ պակասում էր՝ Կտրիճ Ներսիսյանը։ Որ ինքն էլ էնտեղ ներկա լիներ, պատկերը կլիներ ամբողջական և կարծում եմ՝ ընդամենը օրերի ընթացքում էդ ֆորմատը կարող էր Հայաստանում հեղափոխություն ր իշխանափոխություն իրականացնել։ Հիմա էլ ուշ չի, եթե էսօր երեկոյան էդ ֆորմատով հավաքվեն, կիրակի երեկոյան արդեն հեղափոխություն կլինի»։
