«Իրավիճակը կարող է վերածվել և իսկական պատերազմի, սակայն Սարգսյանը փորձելու է ամեն գնով ժամանակ ձգել» | Region

«Իրավիճակը կարող է վերածվել և իսկական պատերազմի, սակայն Սարգսյանը փորձելու է ամեն գնով ժամանակ ձգել»

Հունիս 21,2016 12:01

ԳԱԼԱ-ի հարցազրույցը փորձագետ Հայկ Բալանյանի հետ:

— Պարոն Բալանյան, ի՞նչ կարծիք ունեք Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած հանդիպման մասին, ինչպե՞ս եք գնահատում եռակողմ հանդիպումը, հայկական կողմին ի՞նչ տվեց այն: Թե հայկական, թե ադրբեջանական կողմերը գոհ են հանդիպումից: ԱԳՆ—ների մակարդակով, համենայնդեպս, երկու կողմն էլ բարձր են գնահատել երեկվա հանդիպման արդյունավետությունը:

— Հանդիպումն ուներ երեք կողմերի համար տարբեր նշանակություն և նպատակներ: Ռուսների համար հանդիպումը փորձ էր վերահաստատել Ռուսաստանի հատուկ դերը և նշանակությունը կարգավորման գործընթացում՝ վերադառնալով Կազանի փաստաթղթին, ինչպես նաև միջոց էր ստիպել Հայաստանին՝ վերահաստատել նախկինում վերցված պարտավորություններն ու համաձայնվել, այսպես ասած, շփման գծի դիտորդական առաքելության առավել թույլ և ոչ գործուն մեխանիզմի: Ռուսները չկարողացան վերադարձնել բանակցությունների սեղան Կազանի փաստաթուղթը որպես բանակցությունների հիմք, և հետևաբար խոսք չկա կարգավորման գործընթացում Ռուսաստանի հատուկ դերի հաստատման մասին: Սակայն փաստացի ապագա բախումների կանխարգելման և վերահսկման մեխանիզմի հարցը վերածվեց Կասպրշիկին մի քանի օգնականի ավելացման կետին, իսկ Երևանը չհամարձակվեց հրաժարվել նախկինում վերցված պարտավորություններից:

Բաքվի համար էական էր, որ Մոսկվան հանդես չեկավ որպես խաղաղության հստակ երաշխավոր, չմատնանշվեց նախահարձակ կողմը և խաղաղությունը խախտողների նկատմամբ որևէ պատժամիջոց կամ վերաբերմունք: Սերժ Սարգսյանի միակ նպատակն, ըստ ամենայնի, ժամանակ ձգելն էր: Ընդհանուր առմամբ հանդիպումը գնահատում եմ որպես մի միջանկյալ զինադադար նոր սաստկացումից առաջ՝ ռազմական կամ քաղաքական: Կողմերն իրարից շատ հեռու են, և Բաքվի պատրաստակամությունը՝ հարցը ուժով լուծել, ոչ մի եղանակով մեր «դաշնակցի» կողմից չի զսպվում և չի զսպվելու: Ալիևն այդ փաստն ապրիլյան բռնկումից հետո կրկին իր համար վերահաստատեց և գործելու է նույն եղանակով, իսկ Մոսկվան չունի ոչ մի շարժառիթ զսպելու Բաքվին, եթե իր «առանձնահատուկ» դերին ու նպատակներին Արևմուտքը և Երևանը համաձայն չեն:

— Պարոն Բալանյան, կարծես ԵԱՀԿ ՄԽ մյուս անդամների կողմից ևս տրվեց լրացուցիչ մանդատ Մոսկվային Արցախի հարցում հատուկ դեր ու նշանակություն ունենալու համար: Համանախագահող մյուս երկրների պասիվ գործելաոճը, որը նկատելի էր ապրիլյան օրերին, կարծես հիմա արդեն պաշտոնական, ֆորմալ տեսք է ստանում: Ինչո՞վ է պայմանավորված սա:

— Ոչ ոք չի ուզում դիվանագիտական տապալման համար պատասխանատու լինի: Մոսկվան սկզբնական փուլում նախաձեռնող էր, Արևմուտքը թողեց իրավիճակը, որպեսզի Մոսկվան իր դիվանագիտական ջանքերում տապալվի, և այն տապալվեց: Այժմ, երբ պարզ է, որ կարգավորում չի ստացվում, և լրագրողների ուշադրություն, շքանշաններ ու դափնիներ չեն լինելու, այլ լինելու են մեղադրանքներ ու տապալում, և Արևմուտքը, և Ռուսաստանն իրար վրա են գցում իրավիճակի համար պատասխանատվությունը, որը ոչ ոք չի ուզում կրի:

Իսկ մանդատ տրամադրելն առանց գործուն աջակցության ընդամենը միջոց է մրցակցին «պադստավկա» անելու:

—Պարոն Բալանյան, հասկանալի է նաև, որ ՀՀ իշխանությունների ցանկությունն էլ ժամանակ ձգձգելն է: Եվ դա արդեն իսկ համարում են ձեռքբերում: Առջևում ի՞նչ զարգացումներ են սպասվում, որովհետև տպավորություն է, որ ընդամենը կողմերը վերադարձել են նախաապրիլյան ժամանակաշրջան: Խնդրի լուծումը բանակցային հեռանկարով հասկանալի է, որ մշուշոտ է:

-Նախաապրիլյան իրավիճակին վերադառնալ անհնար է. Ադրբեջանը հասկացել է, որ իր գործողությունների համար չի պատժվի, առավել ևս, եթե հաղթի: Ադրբեջանը որոնելու է, սպասելու, ստեղծելու է հարմար առիթ նոր խոշոր բախումներ իրականացնելու, իսկ մանր, սահմանային ճնշումը շարունակելու է որպես միջոց՝ ստիպելու հայկական կողմին գնալ զիջումների: Այդ ճնշումը շարունակվելու է ներկայացվել նաև եռանախագահներին որպես խաղաղության հաստատման և Երևանին հավելյալ զիջումների պարտադրման միջոց: Ընդհանուր առմամբ այդ քաղաքականությունը եռանախագահներին ձեռք է տալիս. Արևմուտքի համար այդ բախումները լավ առիթ են դիտորդ-խաղաղապահների հարցն ակտուալ պահելու, իսկ Մոսկվայի համար՝ հարցն իր սցենարով լուծելու: Ուստի նախաապրիլյան իրավիճակին վերադարձ չեմ սպասում, վիճակը մնալու է լարված և մազից կախված: Դեռևս այդպես է լինելու, առնվազն մինչև Ադրբեջանի եկամուտների ու տնտեսության հերթական էական անկումը, որն ընդհանուր առմամբ նշմարվում է: Սերժ Սարգսյանի կողմից որևէ սկզբունքային քայլ կամ նախաձեռնություն չեմ ակնկալում: Իրավիճակը կարող է վերածվել և իսկական պատերազմի, սակայն Սարգսյանը փորձելու է ամեն գնով խուսափել պատերազմից և ձգել ժամանակն ինչքան որ կարողանա: Կհաջողվի այդ մոտեցումը, թե ոչ՝ դժվար է ասել, սակայն այդ մոտեցումը լիարժեք պատերազմից պակաս ռիսկային չէ, քանի որ ռեսուրսների տեսակետից հակառակորդն ունի առավելություն, և զուտ ֆինանսական տեսակետից այդ մրցակցությունը մեր օգտին չէ: Մենք ծախսում ենք տարիներով կուտակած զինապաշարն ու սպառազինությունն առանց էական ռազմաքաղաքական արդյունքների ու հակառակորդի շեշտակի ճնշման, իսկ Բաքուն կարող է այդ ռեսուրսներն արագ վերականգնել և նույնիսկ շարունակել վերազինվել:

Հարցազրույցը՝ Քրիստինա Մկրտչյանի

Նորություններ