Ընտրախախտումներն այս պահի դրությամբ
Այսօր՝ հունիսի 7–ին, Հայաստանում ընթանում են խորհրդարանական ընտրություններ, որին մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 16 կուսակցություն։ Ընտրելու իրավունք ունի 2 միլիոն 485 հազար 851 քաղաքացի։
Մինչ այս պահն, ըստ ԶԼՄ-ների և դիտորդների արձանագրված ընտրախախտումները՝ 9/51 ընտրատեղամասում տպված կտրոնի թիվը չի համապատասխանել մատյանում գրված համարին, որոշվել է՝ արդեն տպված կտրոններով ընտրողները քվեարկեն մատյանի անուններով, սակայն ընտրական պրոցեսի հետագա ընթացքը դեռ անհայտ է։
Արտաշատի թիվ 12/7 ընտրատեղամասում Զոյա Զաքարյանը քվեախցում փորձում էր քվեարկել, բայց ասել է, որ իր նախընտրած թեկնածուի անունը չկա քվեաթերթիկների վրա։ Հանձնաժողովին աել է, որ օգնության կարիք ունի։
Հանձնաժողովի նախագահ Անժելա Սահակյանն ասել է, որ իրենք օգնել չեն կարող, ապա առաջարկել դրսում գտնվող մարդկանց օգնությանը դիմել։ Զոյա Զաքարյանը քվեաթերթիկները ձեռքին դուրս է եկել սենյակից և քվեարկության եկած քաղաքացիներից մեկին խնդրել գտնել իր նախընտրած թեկնածուի անունը, գտնելուց հետո վերադարձել ու կատարել իր ընտրությունը։ Հանձնաժողովն այդ պահին արձանագրություն չի կազմել, նախագահ Անժելա Սահակյանն ասել է, որ օրվա ընթացքում ԿԸՀ-ից կճշտեն եւ կկազմեն։
«ՀայաՔվե» միավորումը [«Ուժեղ Հայաստան» դաշինք] հայտարարում է, որ 8/14 ընտրատեղամասում բաց քվեարկության դեպք է եղել։ ԶԼՄ-ներում տեղեկություն է տարածվել, որ Վանաձորի 23/58 ընտրատեղամասում ոստիկանը քվեարկելուց հետո իր հետ դուրս է բերել քվեաթերթիկներ: ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը պարզաբանել է, որ ոստիկանը իր հետ ընտրատեղամասից դուրս չի բերել քվեաթերթիկներ։ Միջադեպը հանձնաժողովի կողմից արձանագրվել է, քվեախցիկի մոտ պարզաբանվել է կարգը, ինչից հետո իրականացվել է օրենքով սահմանված քվեարկություն: 23/42 տեղամասում ընտրողը քվեախցիկում նկարել է քվեարկության ընթացքը։
Երեւանի 4/38 տեղամասը, որ տեղակայված է երաժշտական դպրոցում եւ ունի երկար աստիճաններ, առանց թեքահարթակի է՝ անմատչելի հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար։ Այս տեղամասում վնասված դրոշմանիշի դեպք է արձանագրվել, գրանցում է կատարվել մատյանում։
Չնայած վնասված դրոշմին՝ հանձնաժողովի նախագահը ընտրողի քվեարկության ծրարը համարել է վավեր։ Քվեատուփի պատասխանատուն դրոշմանիշերը ծրարներին փակցնում է ոչ թե ընտրողի ձեռքում, այլ դրանք հերթով վերցնելով ընտրողի ձեռքից. պատճառաբանությունն այն է, որ դրոշմանիշի որակը վատն է, առանց դիպչելու դժվար է փակցվում։ «Հայաքվե» դիտորդական առաքելությունը, որը կապված է «Ուժեղ Հայաստան» դաշինքի հետ, արձանագրել է խախտումներ՝ Թիվ 8/9 ընտրատեղամասում խախտվել է քվեարկության գաղտնիության սկզբունքը, իսկ թիվ 10/1 ընտրատեղամասում տեղադրված են եղել քարոզչական պաստառներ, ինչը կարող է հակասել ընտրական օրենսդրության պահանջներին։ Թիվ 23/42 ընտրատեղամասում իրականացվել է քվեարկության ընթացքի նկարահանում։
Գորիսի 34/03 ընտրատեղամասում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչը, ըստ իրենց տվյալների, օգնության կարիք ունեցող ընտրողին ուղղորդել է 3-րդ համարի քվեաթերթիկը դնել տրցակի տակ։ «Արդար Քվե»-ն ահազանգում է՝ դիտորդական առաքելության ներկայացուցիչների իրավունքների ոտնահարման մասին։
Ըստ հաղորդման՝ դիտորդներին թույլ չի տրվել մասնակցել տեղամասային ընտրական հանձնաժողովների նիստերին, և նրանց հորդորել են ներկայանալ միայն ժամը 08:00-ից հետո։ ԿՀԸ նախագահը լրագրողներին հայտնել է, որ գիշերը ձերբակալվել են հանձնաժողովի 2- նախագահ և 1 քարտուղար։
ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը նաև ասել է, որ որոշ ընտրատեղամասերում տեխնիկական խնդիրներ են եղել, երբ սարքը կտրոնը տպագրել է, ու ընտրողի հերթական համարն է եղել, իսկ ցուցակում մեկ կամ երկու նիշ այլ է եղել։ Այս դեպքում, որտեղ նման խնդիր է եղել, հանձնարարվել է, որպեսզի ընտրողն իր անվան դիմաց ստորագրի։
