Ժողովուրդն ինչ որոշի, այդպես էլ կլինի. Սամվել Կարապետյան | Region

Ժողովուրդն ինչ որոշի, այդպես էլ կլինի. Սամվել Կարապետյան

Հունիս 07,2026 11:49

Տնային կալանքի տակ գտնվող «Ուժեղ Հայաստանի» վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանն այսօր քվեարկություն կատարելուց հետո պատասխանեց  լրագրողների հարցերին։
Անդրադառնալով ԿԸՀ ներկայացված դիմումին՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղյալ համարելու վերաբերյալ, Կարապետյանն ասաց․ «Դա հերթական անշնորհքությունն էր, որ արեցին մեր դաշինքի նկատմամբ։ Ես ուրախ եմ, որ նույնիսկ իրենց այդ փոքրիկ ուղեղով կարողացան ճիշտ գնահատել սիտուացիան և արեցին ճիշտ ընտրություն»։

ՌԴ-ից քվեարկությանը մասնակցելու համար մարդկանց տեղափոխելու մասին հրապարակումների մասին էլ նա ասաց․ «Օրինակ, դուք դա ո՞նց եք պատկերացնում, տասնյակ հազարավոր մարդիկ են գալիս»։ Կարապետյանը նաև հայտարարեց՝ իրենք ընտրակաշառք չեն բաժանել․ «Եթե բաժանած լինեինք, հիմա ինձ էլ նորից կալանավորած կլինեին»։

Հարցին՝ ինչ պլան ունի ընդդիմությունը Փաշինյանի հաղթանակի պարագայում, նա պատասխանեց․ «Ժողովուրդը ինչ կորոշի, այդպես էլ կլինի»։
Պատասխանելով հնարավոր հետընտրական զարգացումների մասին հարցին՝ ասաց․ «Ես ուրախ կլինեի, որ մեր երկիրը չտանենք նոր ցնցումների, որովհետև ամեն մի ցնցում նորից մեր երկրի զարգացումը հետ է գցելու»։

Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ Սամվել Կարապետյանը, Ռոբերտ Քոչարյանն ու մյուսները չեն կարողանալու Հայաստանը լքել, քանի որ բանտում են լինելու, Կարապետյանն այսպես արձագանքեց․«Ինձ թվում է՝ ո՛չ ես, ո՛չ Քոչարյանը չենք էլ պատրաստվում Հայաստանը լքել, դրա համար ինքը դա հասկանալով իր ձևով խոսում է»։
Հարցին՝ անձամբ Վլադիմիր Պուտինը Փաշինյանին աջակցո՞ւմ է, սա խա՞ղ է, թե բնական գործընթաց, Կարապետյանը պատասխանեց․«Ինձ թվում է՝ պայմանավորված բան չկա, բայց Ռուսաստանը հետևողական հետապնդում է իր շահերը Հայաստանում»։
Հարցին՝ ՌԴ-ն ձեզ աջակցո՞ւմ է, նա պատասխանեց․«Դուք տեսե՞լ եք, Ռուսաստանն ինձ աջակցո՞ւմ է, թե՝ չէ»։ Նա, Փաշինյան-Պուտին հանդիպման ժամանակ ՌԴ նախագահի հայտարարությունը՝ թույլ տալ ընդդիմությանը մասնակցել ընտրություններին, չի համարում իրեն աջակցություն։
Հարցին՝ եթե չհաջողվի ընտրություններով Նիկոլ Փաշինյանին հեռացնել, իշխանափոխության այլ սցենար ունե՞ք, Կարապետյանը պատասպանեց․«Իշխանափոխության այլ սցենարը կախված է հայ ժողովրդից, ես ինչպե՞ս կարող եմ ունենալ այլ պլան։ Հայ ժողովուրդը ինչպես որոշի, այդպես էլ կորոշի։ Եթե Նիկոլ Փաշինյանն ընտրվի, չնայած դրա հնարավորությունը զրո է, բայց հայ ժողովուրդը եթե համակերպվի, կհամակերպվի»։
Վերջում հայտարարեց, որ կուզենար վաղը տեսնել լեգիտիմ իշխանությունով Հայաստան, քանի որ, ըստ նրա, ոչ լեգիտիմ իշխանությամբ, հնարավոր չէ ապահովել Հայաստանի զարգացումը։

 

Նորություններ