Փաշինյանը շնորհավորանքներ է ստանում, ընդդիմությունը՝ դժգոհություն հայտնում | Region

Փաշինյանը շնորհավորանքներ է ստանում, ընդդիմությունը՝ դժգոհություն հայտնում

Հունիս 08,2026 11:40

Նիկոլ Փաշինյանն արդեն շնորհավորանքներ է ստանում տարբեր երկրների առաջնորդներից՝ խորհրդարանական ընտրություններում հաղթելու կապակցությամբ։
Փաշինյանին առաջինը շնորհավորել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

«Սրտանց շնորհավորում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում իր կուսակցության հաջողության կապակցությամբ։ Անհամբեր սպասում եմ մեր սերտ համագործակցության շարունակությանը՝ Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերությունն ու բարեկամական հարաբերությունները ամրապնդելու համար, ինչպես նաև մեր ազգերի բարգավաճման համար»,-ասել է Վրաստանի վարչապետը։

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը նույնպես շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արձանագրած հաղթանակի առիթով։

«Հարգելի՛ Նիկոլ Փաշինյան, շնորհավորում եմ Ձեզ ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։ 2018 թվականին Ձեր գլխավորած թավշյա հեղափոխության ոգին կենդանի է և առողջ։ Մենք խորապես գնահատում ենք մեր գործընկերությունը ժողովրդավարական Հայաստանի հետ, որն ավելի ու ավելի է մոտենում Եվրոպային։

Հայաստանը կարող է հույս դնել մեզ վրա»,-նշված է ֆոն դեր Լայենի շնորհավորական ուղերձում։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը X-ում շնորհավորել է Փաշինյանին «համոզիչ հաղթանակի առթիվ»:

«Ես ուրախ եմ շարունակել աշխատել ձեզ հետ՝ մեր ժողովուրդների օգտին մեր համագործակցությունն ամրապնդելու, խաղաղությունն ու Հայաստանի ինքնիշխանությունը պաշտպանելու, ինչպես նաև Եվրոպայի հետ մերձեցման խթանման ուղղությամբ»,- գրել է Մակրոնը:

Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսի շնորհավորական ուղերձում նշված է․«Շնորհավորում եմ, վարչապետ Նիկոլ Փաշինյան, ընտրություններում Ձեր փայլուն հաղթանակի առիթով։

Հայաստանն ընտրել է իր սեփական ժողովրդավարական ուղին՝ ի հեճուկս սպառնալիքներին և ահաբեկմանը։ Լատվիան ամուր կանգնած է ձեր կողքին և աջակցում է Հայաստանի և Եվրոպական Միության միջև ավելի սերտ հարաբերություններին»։

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը նույնպես շնորհավորել է Փաշինյանին, նշելով, որ ընտրությունները, միջազգային դիտորդների մեծամասնության նախնական տվյալներով, անցել են երկրի գործող ընտրական օրենսդրությանը համապատասխան, բաց և քաղաքացիների կամարտահայտման համար պատշաճ պայմանների ապահովմամբ։

Ղազախստանի նախագահը Նիկոլ Փաշինյանին մաղթել է հետագա հաջող աշխատանք՝ ի նպաստ Հայաստանի երկարաժամկետ ազգային շահերի։

Նա նշել է, որ Ղազախստանը պատրաստ է շարունակել ակտիվ համագործակցությունը բարեկամ Հայաստանի հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում։

Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայ ժողովրդին մաղթել է հաջողություններ պետության զարգացման գործում, խաղաղություն և բարօրություն:Նիկոլ Փաշինյանին շնորհավորել է նաև Բելառուսի ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան․ «Ժողովրդավարությունը հաղթեց։ Հայաստանի ժողովուրդը քաջությամբ և վճռականությամբ ընտրել է ազատությունն ու անկախությունը։ Բելառուսները կանգնած են Հայաստանի կողքին դեպի եվրոպական ապագա տանող նրա շարունակական ճանապարհին»։

Նշենք, որ ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր՝ 2005 տեղամասերի նախնական արդյունքներն, ըստ որոնց՝

«Քաղաքացիական պայմանագիր» – 49.81 % (727 160 ձայն)

«Ուժեղ Հայաստան» – 23.29 % (340 062 ձայն)

«Հայաստան» – 9.94 % (145 097 ձայն)

«Բարգավաճ Հայաստան» – 4.0 % ( 58 368 ձայն)

«ՀՀ ժողովուրդը իր քվեարկությամբ տեր կանգնեց պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը, Հայաստանի Հանրապետությանը»,-այս մասին ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025թ. բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկման ժամանակ ասաց ՔՊ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:
«Պատերազմի եռագլուխ կուսակցությունը ջախջախված է: Սա կարևոր, բայց ոչ վերջնական արդյունք է, որովհետև կարծում եմ՝ ժողովուրդը նաև իր կամքը հստակ արատահայտեց, որ պատերազմի եռագլուխ կուսակցությունը և նրան ուղեկցող քրեաօլիգարխիկ համակարգը պետք է արմատախիլ արվի ՀՀ-ից, և իհարկե, սա լինելու է քաղաքական մեծամասնության և Կառավարության կարևորագույն օրակարգերից մեկը, որը մենք պետք է իրականացնենք առանց հետաձգումների և շատ վճռական և հատուկ քայլերով: ՔՊ-ն կունենա խորհրդարանական մեծամասնություն, ինչպես նաև կձևավորի Կառավարություն»,- հայտարարել է Փաշինյանը։

Ընդդիմադիրները դժգոհություններ են հայտնում։

«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը գիշերը հայտարարությամբ է հանդես եկել՝ խորհրդարանական ընտրությունները որակելով որպես «խայտառակ»։

Կարապետյանն ասել է, որ իրենց թիմը հալածանքների է ենթարկվել․«Տեսաք, թե այս մեկ ամսում ինչ հալածանքների էինք մենք ենթարկվում, ինչ բռնությունների էինք մենք ենթարկվում: Մեզանից, մեր թիմակիցներից մոտ 75 հոգի այսօր կալանավորված են, 700-ից ավել մարդ ձերբակալվել են, և այս մարդիկ նույնիսկ չհանգստանալով՝ որոշեցին ընտրությունների օրը անհասկանալի գործերով զբաղվել:  Կարապետյանի պնդմամբ՝ «տեսնելով, որ խայտառակ ձևի իրենց արդյունքները նվազում են, և ամեն րոպե նվազում են, իրենք կանգնեցրին հաշվարկը, և մենք նույնիսկ չենք հասկանում՝ առավոտյան ինչ են ներկայացնելու»:

«Հայաստան» դաշինքը նշում է, որ «նախքան ընտրությունների արդյունքների ամփոփումը Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները «Քաղաքացիական պայմանագրի» հաղթանակի մասին «պարզապես ԿԸՀ-ի վրա ճնշում գործադրելու և իշխանությունը յուրացնելու քայլեր են»։

«Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը Ֆեյսբուքում գրում է, որ  «Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե ՔՊ-ն միանձնյա ձևավորում է Կառավարություն և հաղթել է ընտրություններում, հակասահմանադրական է, և վերազանցում է վարչապետի լիազորությունները: Կառավարության ղեկավարը չունի իրավասություն հանդես գալու հայտարարությամբ և հայտարարելու իր միանձնյա հաղթանակի մասին, երբ քվեարկության արդյունքների 10 տոկոսից մի փոքր ավելին է հաշվարկված, երբ Երևանում քվեարկության արդյունքների 10 տոկոսն էլ ամփոփած չէ»։

«Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ և վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը ևս ընդգծում է, որ Փաշինյանը հայտարարությունն արեց, երբ քվեարկության արդյունքների մոտ 10 տոկոսն էր ամփոփված:

Գլխավոր դատախազությունը հայտնում է, որ 2026թ. փետրվարի 7-ից մինչև հունիսի 7-ը՝ ժամը 24:00-ն, նախաքննություն իրականացնող մարմիններում ընդհանուր ստացվել է ընտրական գործընթացին խոչընդոտող առերևույթ հանցանքների վերաբերյալ 599 հաղորդում, որոնցից 210-ով նախաձեռնվել է քրեական վարույթ,

Հանրային քրեական հետապնդում է հարուցվել 349 անձի նկատմամբ, ձերբակալվել է պատգամավորի թեկնածու Վ.Ե.-ն:

Անանուն հաղորդում ներկայացնելու կայքի միջոցով ստացվել է 16 հաղորդում:

 

Նորություններ