Հայ-ամերիկյան համաձայնագրերի ռիսկերն ու հեռանկարները. Դավիթ Կարապետյանի մեկնաբանությունը
Անկախ նրանից, թե որքան սերտ կլինի ԱՄՆ ռազմավարական դաշինքը Հայաստանի Հանրապետության հետ, նրա տարածքային ամբողջականության խախտման, սադրանքների կամ օկուպացիայի դեպքում ԱՄՆ-ն Հայաստանի հանդեպ որևէ իրավական կամ ռազմական պարտավորություն չի կրում։ RegionsTV-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարեց միջազգային դիվանագետ և քաղաքագետ Դավիթ Կարապետյանը։
Նա մեկնաբանեց ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյի այցը Երևան, որի ընթացքում ստորագրվել են երեք փաստաթղթեր՝ «Համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը», օգտակար հանածոների, կրիտիկական և հազվագյուտ մետաղների վերաբերյալ համաձայնագիրը, ինչպես նաև «Թրամփի երթուղին՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» համաձայնագիրը։

Դավիթ Կարապետյան
Դավիթ Կարապետյանի խոսքով՝ ԱՄՆ-ն իր վրա չի վերցրել Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ագրեսիայից պաշտպանելու անվտանգային երաշխիքներ։ Չնայած ԱՄՆ-ի ստանձնած՝ անվտանգության երաշխավորի դերին, բացակայում են ռազմավարական համագործակցության և փոխօգնության այնպիսի պայմանագրերը, որոնք թույլ կտան պնդել, թե Ադրբեջանի հարձակման դեպքում ԱՄՆ-ն օգնության կհասնի և կկանգնի Հայաստանի սուվերենությունն ու սահմանների անձեռնմխելիությունը պաշտպանող հայ զինվորի կողքին։ «ԱՄՆ-ն նման գործառույթ չունի»,-նշեց Կարապետյանը։
Նա պարզաբանեց, որ անցյալ տարվա հոկտեմբերի 8-ին ստորագրված եռակողմ համաձայնագիրը ԱՄՆ-ի համար սոսկ դիտորդի կարգավիճակ էր նախատեսում հայ-ադրբեջանական հակամարտության հանգուցալուծման գործընթացում․«Դա չի նշանակում, որ ԱՄՆ-ն իր վրա որևէ գործառույթ կվերցնի, նույնիսկ եթե Ադրբեջանը ծավալապաշտական օկուպացիա սկսի։ Լավագույն դեպքում ԱՄՆ-ն կարող է քաղաքական ճնշում գործադրել, սակայն գետնի վրա Հայաստանի անվտանգությունն ապահովելու ոչ մի պարտավորություն չունի»։
Դավիթ Կարապետյանը կասկածներ ու մտահոգություններ հայտնեց նախորդ շաբաթ պետքարտուղար Ռուբիոյի երևանյան այցի և երեք փաստաթղթերի ստորագրման կապակցությամբ։ Նա կարծում է, որ դա կարող է վերաբերել Հայաստանի ընդերքին, որը ռազմավարական կարևորություն ունի հայ ժողովրդի և պետականության համար։
Կարապետյանը բերել է Ուկրաինայի օրինակը, որտեղ, նրա կարծիքով, ԱՄՆ-ն, լինելով հակամարտության կարգավորման միջնորդ, օգտվեց առիթից՝ պայմանագրի միջոցով տիրանալու ուկրաինական օգտակար հանածոներին ու ռեսուրսներին, ինչն ուկրաինական կողմն ստիպված էր կատարել․«Հայաստանը նույնպես կարող է ճնշման ենթարկվել իր ընդերքի, հատկապես՝ Սյունիքի տարածաշրջանում առկա հազվագյուտ մետաղների մասով։ ԱՄՆ-ն շահագրգռված է այս ռեսուրսներով, և նրանց քաղաքական վարքագիծը վկայում է սեփական պետական շահերի առաջնահերթության մասին։ ԱՄՆ-ին ձեռնտու է երաշխավորել խաղաղությունը՝ առաջարկելով իր պաշտպանությունը, բայց փոխարենը հասանելիություն ստանալ հայկական հազվագյուտ մետաղներին և հանքարդյունաբերությանը»։
Միջազգայնագետը մտահոգություն է հայտնում ՀՀ իշխանությունների գործողությունների կապակցությամբ, որոնք «տանում են մի աշխարհաքաղաքական հեգեմոնիայի փոփոխությանը մեկ ուրիշով՝ առանց իրական անկախության ձեռքբերման»։
Ըստ նրա՝ հայ ժողովուրդը պետք է իշխանություններից պարզաբանումներ պահանջի մետաղների կառավարման, օգտագործման և ֆինանսական ոլորտի վերաբերյալ, քանի որ սա լուրջ մտահոգություններ է առաջացնում։ Դիվերսիֆիկացման պատրվակով «ռուսական շրջանակից» դուրս գալը կարող է հանգեցնել Հայաստանի հայտնվելուն ԱՄՆ ազդեցության գոտում՝ փաստացի փոխարինելով մեկ գերիշխող տերությանը մյուսով, որը նույնպես օգտագործելու է երկրի ռեսուրսները։
Արևմտյան քաղաքական գործիչների և փորձագետների շրջանում լուրջ տարակարծություններ կան այն հարցում, թե արդյոք ԱՄՆ-ի հետ գործընկերությունն ավելի լավ է, քան Ռուսաստանի հետ։ Ներկայումս հայ-ռուսական հարաբերություններում ճգնաժամ է նկատվում, ինչը խոչընդոտում է հայկական գյուղմթերքի արտահանմանը։ Փորձագետի խոսքով՝ Ռուսաստանի հետ 3 միլիարդ դոլարի ապրանքաշրջանառությունը չի իրականացվում, իսկ երկրի բյուջեից փչացող մթերքների վնասները փոխհատուցելու մասին իշխանությունների հայտարարությունները կհանգեցնեն կրկնակի՝ 6 միլիարդի վնասի։
Չնայած այս խնդիրներին՝ իշխանությունները հայտարարում են նոր շուկաների բացման և արևմտյան տնտեսությանը ինտեգրվելու մասին, ինչի վկայությունն է նաև Ռուբիոյի այցը։
Փորձագետը գտնում է, որ դիվերսիֆիկացման քողի տակ իշխանությունները ժողովրդին ներշնչում են, թե Հայաստանը երբեք անկախություն և սուվերենություն չի ունեցել, սակայն այժմ, բախվելով ԱՄՆ-ի պահանջներին, նրանք այդ մասին չեն խոսում։ Այսպիսով, տեղի է ունենում ընդամենը մեկ աշխարհաքաղաքական կենտրոնի պարզ փոխարինում մյուսով։
Հայ ժողովուրդը պետք է իշխանություններից բացատրություն պահանջի գրանցված արդյունքների վերաբերյալ։ Փորձագետը ենթադրում է, որ իրավիճակի գագաթնակետը կլինի հունիսի 7-ին կայանալիք ընտրություններին, և եթե ներկայիս իշխանությունը պահպանվի, ապա վերամբարձ ճառերով իր գործողությունները հավանաբար կներկայացնի որպես բացառապես ժողովրդի ու պետության շահերից բխող քայլ։
Անդրադառնալով TRIPP ծրագրի շրջանակներում ռազմավարական համագործակցության համաձայնագրին՝ Դավիթ Կարապետյանը նկատեց․«Ուղղակի համեմատություն անեմ հայտնի պայմանավորվածության հետ. ասվում է, որ Միացյալ Նահանգները կստանան ճանապարհի շինարարության նախագծի 76%-ը, իսկ Հայաստանի Հանրապետությունը՝ միայն 24%-ը, չնայած այս ճանապարհը հիմնականում անցնելու է Հայաստանի ինքնիշխան տարածքով։ Սակայն շինարարական աշխատանքների և սպասարկման համար հարաբերակցությունը 50/50 չէ, ընդհակառակը՝ նույն տրամաբանությամբ հայ ժողովրդին, հայկական պետականությանը պետք է ավելի շատ գումար հատկացվի»։
Դավիթ Կարապետյանը նշեց, որ կրիտիկական նշանակության միներալների մասին փաստաթղթերում հստակ գրված է. «Մասնակիցները մտադիր են աշխատել կրիտիկական միներալների և հազվագյուտ հանածոների իրենց համապատասխան շուկաները ոչ շուկայական քաղաքականությունից և անբարեխիղճ առևտրային պրակտիկայից պաշտպանելու ուղղությամբ։ Նաև մասնակիցները մտադիր են խորհրդակցություններ անցկացնել՝ նոր ազգային կարողություններ ու դիվանագիտական գործիքներ ձևավորելու կամ եղածներն ամրապնդելու համար՝ նպատակ ունենալով ազգային անվտանգության հիման վրա ստուգել, կանխել կամ թույլ չտալ կարևոր միներալների և հազվագյուտ հանածոների հետ կապված ակտիվների վաճառքը»։
Նա առանձնացրել է երեք հիմնական ասպեկտ.
- Ֆինանսներ. Անհրաժեշտ է ապահովել հազվագյուտ մետաղների արդյունահանումից ստացված շահույթի թափանցիկ կառավարումն ու մուտքագրումը Հայաստանի պետական բյուջե։ Ռեսուրսների տնօրինման կառավարման հարցը պետք է առաջնահերթություն լինի։
- Էկոլոգիա և բնակչություն. Հայաստանի հարավը հարուստ է ոչ միայն օգտակար հանածոներով, այլև ուրանով։ Վայոց Ձորի և Սյունիքի մարզերը դիտարկվում են որպես հանքավայրեր։ Օգտակար հանածոների արդյունահանումը կարող է աղետալի հետևանքներ ունենալ բնակավայրերի համար՝ պահանջելով դրանց տեղափոխումը առնվազն 30 կմ հեռավորության վրա (օրինակ բերելով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որն արդեն իսկ վնաս է հասցնում մոտակա բնակավայրերին)։
- Ինքնիշխանություն. Գործող իշխանությունները, կարծես թե, կառավարումը հանձնում են Վաշինգտոնին։ Հայաստանը պետք է ցույց տա իր անկախությունն ու վերահսկողությունը բնական ռեսուրսների նկատմամբ։ Իշխանությունների գործողությունները, որոնք մատուցվում են որպես բարիք ժողովրդի համար, մտահոգություն են առաջացնում, որ իրականում դրանք ուղղված են սեփական իմիջի և իշխանության պահպանմանը։
Մեր բանախոսը նաև նշեց, որ առաջին հերթին շատ կարևոր է մշակել թափոնների վերարտադրության, դրանց օգտագործման կամ ոչնչացման հատուկ հայեցակարգ։ «Արդյո՞ք բոլոր ռիսկերը հաշվարկված են։ Շատ լուրջ մտահոգություններ կան հատկապես ջրային ռեսուրսների օգտագործման տեսանկյունից։ Թափոնների մեծ մասը թափվելու է գետերը, ինչը աղետալի հետևանքներ կունենա բնակավայրերի համար։ Հետևաբար, մենք պետք է հասկանանք, թե ինչ սցենար են նրանք մշակել այդ թափոնների ուտիլիզացման համար, արդյո՞ք կա նման ծրագիր։ Երկրորդ՝ մենք պետք է ուշադրություն հրավիրենք բնապահպանական այնպիսի հարցերի վրա, ինչպիսին է մի շարք լիկվիդացված տարածքների մաքրումը։
Երրորդ՝ առողջ շրջակա միջավայրի հետ կապված հարցերը մենք նույնպես պետք է ներառենք պահանջի տեսքով։ Եթե նրանք սկսեն գործել ինչ-որ տեղ, գոնե հստակ իմանանք, որ կտան իրենց մասնագիտական հանձնարարականները, ինչպես Ամուլսարի դեպքում էր։ Չնայած Ամուլսարը, միևնույն է, վերագործարկվեց, բայց այն դարձավ շատ լուրջ խնդիրների առարկա, հատկապես տարածաշրջանի այս հատվածում»,-ասաց Կարապետյանը։
Փորձագետը նաև կասկած հայտնե, որ արևմտյան ընկերությունները, գալով Հայաստան, չեն հետապնդի անձնական շահեր՝ դատարկելով ընդերքն ու դուրս բերելով հումքը։ Նա նշեց, որ գերտերությունները, ինչպիսին ԱՄՆ-ն է, նման կերպ են վարվել շատ երկրներում՝ օգուտ քաղելով նրանց ռեսուրսներից։ Կարապետյանը կարծում է, որ գերտերությունների նպատակը կրիտիկական նշանակության հազվագյուտ ռեսուրսների հանքավայրերի հայտնաբերումն ու սեփականաշնորհումն է, ինչը կարող է տեղի ունենալ հայ ժողովրդի հաշվին։ Նա այս մտահոգությունները կապել է հունիսի 7-ին կայանալիք ընտրությունների հետ՝ քաղաքացիներին կոչ անելով գիտակցված ընտրություն կատարել։
Դավիթ Կարապետյանը կասկած հայտնեց, որ ԱՄՆ-ն կփրկի Հայաստանը ցնցումներից ու աղետներից։ Նա նաևկասկածներ ունի արդյունաբերության, նորագույն տեխնոլոգիաների և զենքի արտադրության զարգացման համար Հայաստանի՝ ԱՄՆ-ից տեխնիկական և ֆինանսական աջակցություն ստանալու հնարավորության վերաբերյալ։
Կարապետյանը նաև հիշեցրեց 907-րդ բանաձևի չեղարկման մասին լուրերը, ինչը, նրա կարծիքով, կարող է հանգեցնել ԱՄՆ-ից Ադրբեջանին զենքի մատակարարմանը, այլ ոչ թե Հայաստանին․«Հունիսի 3-ին Կարեն Դեմիրճյանի անվան համալիրում տեղի ունեցավ տեղական արտադրության զենքի և զինամթերքի ցուցահանդես։ Իհարկե, շատ ոգևորիչ է, որ Հայաստանում զինատեսակների որոշ տեսակներ արտադրվում են տեղում, բայց հիմնական մասը, վստահեցնում եմ ձեզ, չինական արտադրության է, որոնց հայկական անուններ են տրվել։ Մենք հասկանում ենք, որ Միացյալ Նահանգները մեզ հետ դեռևս չունի զինամթերքի որևէ փաթեթ ռազմավարական-ռազմական համագործակցության շրջանակներում։ Թերևս ապագայում կստորագրվի, բայց այս պահին չկա»։
Անդրադառնալով իրանական գործոնին՝ փորձագետը նշել է. «Կարևոր է, որ Իրանի պետության և նրա ազգային անվտանգության շահերը նույնպես անցնում են կարմիր գիծը, քանի որ իրանական կողմն իր պատվիրակների միջոցով բազմիցս զգուշացրել է Բաքվին, որ չի հանդուրժի Հայաստանի տարածքային ամբողջականությունից նույնիսկ մեկ սանտիմետր շեղում։ Այսինքն՝ սա այն եզակի դեպքն է, երբ Միացյալ Նահանգների և Իրանի խոսքերն այս պահին համընկնում են Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանման համատեքստում»։
Քաղաքագետի կարծիքով՝ ելնելով սեփական անվտանգության շահերից՝ Իսլամական Հանրապետությունը գծել է իր «կարմիր գծերը» Հայաստանի տարածքային ամբողջականության, Սյունիքի և հատկապես 44 կիլոմետրանոց պետական սահմանի վերաբերյալ, որը դարեր շարունակ համարվել է բարեկամության և եղբայրության խորհրդանիշ։
«Սա բխում է ազգային պետական շահերից. Հայաստանի հետ պետական սահմանը պետք է պահպանվի։ Ավելին, Թրամփի երթուղին Իրանի համար երկրորդ կարևորագույն ռազմավարական կետն է՝ Հորմուզի նեղուցից հետո։ Իրանի հյուսիսային սահմաններին ամերիկյան ներկայացուցչությունների տեղակայումը վերջինիս կողմից կարող է դիտարկվել որպես կարմիր գիծ։ Ուստի Իրանն այս առթիվ հայտնել է իր մտահոգությունը և դիվանագիտական խողովակներով հասկացրել հայկական կողմին։ Հայկական կողմն իր հերթին հայտնել է իր բոլոր մտահոգություններն այս կապակցությամբ, սակայն այդ անհանգստությունը դեռևս արդիական է»,-ընդգծեց Դավիթ Կարապետյանը։
Զաբելա Ավագյան
