«Մոսկվա էլ եմ մեկնելու, Վաշինգտոն էլ, Փարիզ էլ, Բրյուսել էլ»․Փաշինյանը քվեարկելուց հետո պատասխանեց լրագրողների հարցերին
«Մոսկվա էլ եմ մեկնելու, Վաշինգտոն էլ, Փարիզ էլ, Բրյուսել էլ։ Ասել եմ նաև, որ հույս ունեմ, որ հնարավորություն կունենամ մասնակցել նաև Բաքվում նախատեսված Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին: Պատրաստվում ենք լիարժեք միջազգային հարաբերությունները զարգացնել»,–այս մասին քվեարկությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյան։
Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին, Փաշինյանը վստահեցրեց՝ Ռուսաստանի հետ որևէ լարվածություն չկա, ըստ նրա՝ դա արհեսատական լարվածություն է․« ՌԴ–ի հետ մեր հարաբերությունները ունեն ինստիտուցիոնալ ֆոն և հիմնված են փոխադարձ հարգանքի վրա։ Հայաստանում գործող որոշ ուժեր փորձում են որոշակի լարվածություն ստեղծել Հայաստան–Ռուսաստան հարաբերություններում, սակայն այդ լարվածությունները չեն ստեղծվում այն պարզ պատճառով, որ ՌԴ նախագահի հետ սերտ հարաբերություններ ունենք»։
Հարցին՝ եթե այնպես դասավորվի, որ իշխանություն ձևավորելու համար մեծամասնություն չունենա, պատրա՞ստ է աշխատել որպես ընդդիմություն, վարչապետը պատասխանեց. «Ժողովուրդն ինչ որոշի, այն էլ կանեմ»: Ինչո՞ւ է ճնշումներ գործադրում ընդդիմության վրա, օրինակ՝ փորձում էին «Ուժեղ Հայաստանին» դուրս թողնել ընտրապայքարից, այս հարցին ի պատասխան էլ Փաշինյանն արձագանքեց՝ իսկ ո՞վ է փորձել․«Դրանք գործընթացներ են, որոնք իրականացվում են՝ համապատասխան Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսդրության։ Դուք գիտեք՝ ցավոք, շատ փաստեր կան ընտրակաշառքների վերաբերյալ, և ՀՀ պետական մարմինները պարտավոր են արձագանք տալ»։
Նիկոլ Փաշինյանն իր ընտրությունը կատարեց 8/20 ընտրատեղամասում։ Նա ծրարը քվեախցիկում դնելուց հետո ցուցադրեց իրենց նախընտրական ժեստը՝ սրտիկ։
