Պատահականություն, թե՞ միտում. թուրքական ուղղաթիռների կողմից ՀՀ սահմանը հատելու դեպքն արտառոց է
Թուրքիայի օդուժի ռազմական ուղղաթիռները երկու օր շարունակ՝ հոկտեմբերի 6-ին եւ 7-ին, ապօրինի կերպով հատել են Հայաստանի սահմանը՝ 2-4 րոպե տևողությամբ պտտվելով Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղի հատվածում:
Միջադեպից 4-5 օր անց դարձյալ Հայաստանի պաշտոնական կառույցները լուռ են: Հայաստանի պաշտպանության նախարարությունից չեն մեկնաբանել տեղի ունեցածը: Որևէ կերպ չի արձագանքել նաև Հայաստանի արտգործնախարարությունը։
Պաշտոնական միակ տեղեկատվությունն այն է, որ Քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը «Հրապարակ» օրաթերթի հետ զրույցում ասել է՝ Հայաստանի քաղավիացիայի վարչությունը թուրքական կողմից փորձել է ճշտել, թե ինչ ուղղաթիռներ են դրանք և ինչ նպատակով են հատել սահմանը։
Եվ հարցմանն ի պատասխան՝ Անկարայի կարգավարը պնդել է, թե ռազմական ուղղաթիռները սահմանը հատել են եղանակային վատ պայմանների պատճառով: ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչությունը չի դիմել պատժիչ գործողությունների, քանի որ դրա համար ոչ ռեսուրսներ ունի, ոչ էլ իրավասություն:
Նշենք, որ այդ սահմանը հսկում է ՌԴ զինուժը, որի ինքնաթիռներն ավելի վաղ՝ Սիրիայի կառավարությանն աջակցելու գործողությունների ընթացքում մի քանի անգամ ներխուժել էին Թուրքիայի օդային տարածք:
Փաստը, որ թուրքական ուղղաթիռները հատել են հայկական օդային տարածքը, արտառոց է համարում թուրքագետ Լեւոն Հովսեփյանը:
ԳԱԼԱ-ի հետ զրույցում Լեւոն Հովսեփյանն ասաց, որ պետական սահմանի խախտում է գրանցվել, այն էլ այնպիսի երկրի կողմից, որի հետ Հայաստանը չունի բարիդրացիական, դիվանագիտական հարաբերություններ: Արտառոց է հատկապես, եթե հաշվի առնենք վերջին շրջանում Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների լարվածությունը:
Տեղի ունեցածը թուրքագետն, այնուամենայնիվ, դիտարկում է երկու գործընթացների համատեքստում. «Մեկը Թուրքիայի տարածքում՝ հատկապես Հայաստանի սահմանամերձ շրջաններին հարակից տարածքներում, Քուրդիստանի աշխատավորական կուսակցության դեմ իրականացվող գործողություններն են թուրքական բանակի կողմից, իսկ մյուսը վերջին շրջանում Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների լարվածությունը: Երկու վարկածներն էլ հավանական են: Կարս-Իգդիր հատվածում այդ նույն ժամանակահատվածում թուրքական բանակն ակտիվ գործողություններ է իրականացրել քրդերի դեմ, եւ չի բացառվում, որ ռազմական այդ ուղղաթիռները, որոնք, ի դեպ, որքան ես հասկացա, տրանսպորտային ուղղաթիռներ են եղել, ուղղակի նոր հավելյալ կոնտիգենտի փոխադրումներ են իրականացրել»:
Ըստ թուրքագետի՝ չի բացառվում, որ դա Թուրքիայի կողմից ինչ-որ մեսիջներ է Ռուսաստանին ուղղված:
«Հատկապես հաշվի առնելով Հայաստանում ռուսաստանյան ռազմակայանի ներկայությունը եւ մի շարք այլ գործոններ՝ դա հնարավոր է: Բայց ես, համենայնդեպս, կարծում եմ, որ Թուրքիան ամեն կերպ կփորձեր խուսափել նման քայլից, քանի որ նման գործողությունները բավականին լուրջ կարող էր օգտագործվել Ռուսաստանի կողմից: Համենայնդեպս, երկու տարբերակներն էլ գործող տարբերակներ են»,- ասաց Լեւոն Հովսեփյանը:
«Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը, սակայն, ավելի հավանական է համարում թուրքագետի մատնանշած վերջին տարբերակը:
«Այն, որ ռուս-թուրքական հարաբերություններն այսօր չափազանց լարված են, չնայած, որ սա կարճաժամկետ էֆեկտ կունենա ընդամենը, բայց առկա է այդ լարվածությունը, եւ ես չեմ կարող բացառել, որ թուրքական կողմը սրանով ինչ-որ բան է հասկացնել տալիս ռուսական կողմին: Փաստ է այն, որ թուրքական օդուժի կողմից սահմանի հատման դեպքը տեղի ունեցավ Ռուսաստանի կողմից նման բազմաթիվ լկտի խախտումներից հետո:
Ընդ որում, Ռուսաստանը նման խախտումներ անում էր ոչ միայն Թուրքիայի, այլ բազմաթիվ եվրոպական երկրների նկատմամբ: Այսօր ՌԴ ավիացիային տրված է հրաման պահել իրեն առավելագույնս լկտի եւ լպիրշ, եւ նրանք կարող են իրենց թույլ տալ ամեն ինչ:
Այո, ՀՀ-ին ձեռնտու չէ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների լարումը Թուրքիա-Ռուսաստան հարաբերությունների լարման բերումով, սա պետք է հասկանալ: Հայկական կողմն ի վերջո հարցում է արել թուրքական կողմին, թուրքական կողմը պատասխանել է, որ սա եղանակի պատճառով է եղել: Ես կարծում եմ, որ բաց մասով, երեւացող մասով այսքանով պետք է բավարարվել, բայց Հայաստանը պետք է արեւմտյան գործընկերների հետ տանի շատ ակտիվ «բուլվարային դիվանագիտություն» նման դեպքերը բացահայտելու ուղղությամբ»:
Ըստ Մեհրաբյանի՝ նման դեպքեր գրանցվել էին վերջին անգամ սառը պատերազմի տարիներին, եւ ըստ այդմ չպետք է թույլ տալ, որ հայ-թուրքական հարաբերությունները որեւէ ձեւով պայմանավորված լինեն ռուս-թուրքական հարաբերություններով:
«Ռուս-թուրքական հարաբերությունների ջերմացում՝ սա չպետք է նշանակի հայ-թուրքական հարաբերությունների ջերմացում, եւ հակառակը, ռուս-թուրքական հակամարտությունից էլ չպետք է բխի հայ-թուրքական հարաբերություններում ինչ-որ լարվածություն: Եվ ես կարծում եմ՝ սա առաջին խնդիրն է հայկական դիվանագիտության համար»:
Ըստ Մեհրաբյանի՝ ՀՀ պաշտոնական շրջանակները պետք է մեկնաբանեն տեղի ունեցածը, եւ սա լրացուցիչ անգամ պետք է ստիպի ճիշտ հետեւություններ անել դիվանագիտության մեջ եւ հարաբերություններ կառուցելիս.
«Ես չեմ ուզում դեռ շտապել վերջնական հետեւություն անելու համար, բայց կարծում եմ արձագանք կլինի, շատ կարեւոր է, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների այս միջադեպն այլ լարվածության չհանգեցնի:
Սա մեզ լրացուցիչ անգամ պետք է ստիպի հետեւություն անել, որ, այո, Ռուսաստանը կարող է փչացնել մեր հարաբերություններն աշխարհի ցանկացած երկրի հետ, պետք է նորից մեր աչքերը բացել այս իրականության առջեւ, եւ ով որ չի հասկանում, ուրեմն պետք է մեկ անգամ էլ հասկացնել սա»,- ասաց Մեհրաբյանը:
Քրիստինա Մկրտչյան