«Հիմա կարող ենք ասել՝ Ղարաբաղի ժողովրդի վերադարձը օրակարգ ենք որդեգրում, Ղարաբաղի ժողովուրդը դրանից շահելո՞ւ է»․ Փաշինյան | Region

«Հիմա կարող ենք ասել՝ Ղարաբաղի ժողովրդի վերադարձը օրակարգ ենք որդեգրում, Ղարաբաղի ժողովուրդը դրանից շահելո՞ւ է»․ Փաշինյան

Դեկտեմբեր 18,2025 15:01

«Մենք հիմա կարող ենք ասել՝ Ղարաբաղի ժողովրդի վերադարձը օրակարգ ենք որդեգրում, բայց ո՞վ է շահելու դրանից։ Ղարաբաղի ժողովուրդը դրանից շահելո՞ւ է»,-այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանելով լրագրողի դիտարկմանը՝ դուք փոխանակ Ադրբեջանի դեմ միջազգային դատարանում հայց ներկայացնեք, հայտարարում եք, թե հայերի վերադարձն Արցախ ահնար է, ու Ադրբեջանի նախագահին առաջարկում եք զուգահեռ փակել  «արևմտյան Ադրբեջան» ու հայերի Արցախ վերադարձի թեմաները։

«Այսինքն, դուք հիմա ասում եք՝ եկեք Ղարաբաղի ժողովրդին հայ ժողովորդի մնացած մասերի նման դատապարտենք հավիտյան պանդուխտի կարգավիճակի, ու էդ մարդիկ չիմանան՝ իրենք, իրենց թոռներ, ծոռները չիմանան՝ իրենք որտե՞ղ են ապրելու, կա՞ հասցե, թե՝ չկա։ Ես ասում եմ՝ կա հասցե, դա Հայաստանի Հանրապետությունն է։ Մնացած ձեր ասածը ճանապարհ է, որը ես, որպես ՀՀ վարչապետ, ասում եմ՝ հազիվ այդ գործից ես ու մենք ազատվել ենք։  Ղարաբաղի մեր սիրելի քույրեր ու եղբայրներ, դուք պետք է տնավորվեք Հայաստանի Հանրապետությունում»,-ասաց Փաշինյանը։

Նորություններ