Կիբերհանցագործության հետևանքով հազարավոր դոլարներ կորցրած քաղաքացիները պարբերաբար նստացույց են անելու․նրանք պետությունից պահանջում են վերադարձնել իրենց գումարները | Region

Կիբերհանցագործության հետևանքով հազարավոր դոլարներ կորցրած քաղաքացիները պարբերաբար նստացույց են անելու․նրանք պետությունից պահանջում են վերադարձնել իրենց գումարները

Դեկտեմբեր 19,2025 16:45

Քննչական կոմիտեի առջեւ այսօր կրկին բողոքի ցույց էին անում կիբերզեղծարարության զոհ դարձած քաղաքացիները։ Նրանք տևական ժամանակ է՝ ահազանգում են, որ մեծ գումարներ են կորցրել, համացանցի միջոցով զեղծարարների խաբերության զոհ են դարձել, դիմել են իրավապահներին, սակայն բավարարված չեն իրավապահների աշխատանքից։

Տուժողների շահերը ներկայացնող իրավապաշտպան, «Հանրային վերահսկող» հ/կ նախագահ Մհեր Կարագյոզյանը լրագրողների հետ զրույցում այսօր ասաց, որ հանդիպել են Քննչական կոմիտեի կիբերանվտանգության վարչության պետի հետ․«Խոստումներ են տվել գումարների վերադարձի հետ կապված, սակայն չունենք հստակ ժամկետներ։ Մենք այստեղից չենք գնալու, այս պահից սկսած մինչև աշխատանքային ժամի ավարտը հայտարարում ենք նստացույց՝ մինչև չլսենք ժամկետի մասին, թե երբ են խնդրին լուծում տալու։ Քաղաքացիների իրավունքները պետք է վերականգնվեն»։

Նա ասաց, որ տարբեր գործողությունների են դիմելու, թե ինչ գործողությունները հստակ չասաց․ «Գործողություններ ունենք Ազգային ժողովում, կառավարությունում։ Այս մարմիններից պետք է պահանջենք քաղաքացիների ֆինանսական իրավունքների վերականգնում, որովհետև միայն քննչական կոմիտեն չի կարողանում ժամկետներ նշել, բայց սա մեզ համար ընդունելի պատճառաբանություն չէ։ Թող իրենք հարցը տանեն ԱԺ կամ կառավարություն»։

Լրագրողի դիտարկմանը, որ տուժած քաղաքացիները խոշոր գումարներ են փոխանցել զեղծարարաներին՝ առանց կասկածելու, Կարագյոզյանը պատասխանեց․«Կասկածներով են փոխանցել։ Միշտ կարելի է մեղադրել քաղաքացուն, կարելի է քաղաքացուն մեղադրել, երբ նրա գրապանից դրամապանականը գողացել է գրպանահատը։ Քաղաքացուն կարելի է ասել՝  ինչո՞ւ այդքան անփույթ գտնվեցիք։ Քաղաքացին այս պետության քաղաքացին է, և պետությունն ունի պարտականություն, որ պաշտպանի քաղաքացիներին»։

Ցույցի մասնակիցները վստահեցրեցին, որ բողոքի ցույցներն ու նստացույցը շարունակելու են այնքան ժամանակ մինչև իրենց հստակ ասվի, թե գումարները երբ կվերադարձնեն։

Կարագյոզյանն ասաց, որ նախորդ ցույցից հետո, որը տեղի ունեցել  2-3 օր առաջ, ՀԿ-ին նոր քաղաքացիներ են դիմել, հանցագործության մասին նոր հաղորդումներն այսօր մուտք է արվել․ «Քննչական կոմիտեին հարցում ենք արել՝ 2021, 2022, 2023 թվականներին եղել են նմանատիպ դեպքեր, երբ քաղաքացիները գումարներ են կորցրել, բայց մինչ օրս դեռևս պատասխան չեն ստացել, թե իրենց գործերի ընթացքը ո՞ր փուլում է»։

Նա կրկնեց՝ պետությունը պարտավոր է պաշտպանի զեղծարարությունից, կիբերհանցագործությունից իր քաղաքացուն․«Լուծումները թող գտնեն։ ՆԳՆ-ն ասենք իրազեկում է, ասում է՝ զգույշ մնացեք, հարգելի քաղաքացիներ, նման զեղծարար հարթակներ կան ՀՀ-ում։ ՆԳՆ, դատախազությունը լուրջ կառույցներ են, միայն իրազեկելու գործառույթը չէ, ավելի լուրջ գործառույթ ունեն, թող փակեին զեղծարար հարթակները, կանխարգելեին»։

Հիշեցնենք, որ տևական ժամանակ է մի խումբ քաղաքացիներ բողոքի ցույցեր են անում, նրանք պնդում են, որ 20 հազարից մինչև 200 հազար դոլարի չափով գումարներ են կորցրել, գործել են տարբեր մեխանիզմներ ու հարթակներ, որոնք հիմնականում գործել են դրսից։ Ամենատարածված  զեղծարար հարթակներից մեկը Hellobit-ն է։

Իրավապահները պարբերարա հայտարարություններ են տարածում, ու զգուշացնում քաղաքացիներին, թե ինչպես կարելի է պարզել՝ որն է զեղծարար հարթակ, և ինչպես են գործում։

Նորություններ