«Շնորհակալություն իրավապահներին ու այդ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ այն տեղը»․ Փաշինյանը Գագիկ Խաչատրյանի մասին
«Դուք ասում եք՝ խայտառակ տեսարան Գագիկ Խաչատրյանի հետ կապված, և ես, ճիշտն ասած, հետևում եմ այդ աղմուկին, և այդ աղմուկն ավելին, քան խայտառակություն, դժվար է անվանել»,-այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի քրեական հետապնդմանն ու դատարան տանելու տեսարանին։
«Նախ, ես կարծում եմ, որ մեր իրավապահ համակարգը որևէ պատճառ չուներ գործելու, եթե այդ գործողության հիմնավորվածությունն իր համար ակնհայտ չլիներ։ ՀՀ իրավապահ համակարգում ոչ ոք չի գործի այդ տրամաբանությամբ, պատճառ չունի։ Ես ուզում եմ շնորհակալություն հայնել մեր իրավապահ համակարգի բոլոր այն անդամներին` սկսած այդ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ այն տեղը, որտեղ պետք է տանեին։ Ես, ընդհակառակը, կարծում եմ, որ այդ տեսարանը տեսնելով` բոլոր կոռուպցիոներները` ներկա և նախկին, տեսնեն, որ որևէ մեկը, ինչպես նախկինում ասել եմ՝ չպիտի պլստա, որևէ միլիարդ դոլարանոց սիմուլյանտություն, որևէ մեկը չի պլստա»,-ասաց Փաշինյանը։
Նա հիշեցրեց, որ հեղափոխությունից հետո հայտարարել են՝ յուրաքանչյուրն ունի հնարավորություն․«Այդ մարդիկ էլ ունեցել են շանս, որ գային ու ասեի՝ մենք մի քանի միլիարդ գողացել ենք Հայաստանի Հանարապետությունից, և ուզում ենք վերադարձնել։ Այո՛, նրանք պետք է ունեզրկվեն բառիս բուն իմաստով»։
Փաշինյանի կարծիքով՝ Գագիկ Խաչատրյանին պատգարակի վրա տեղափոխելու տեսարանները շատ քաղաքացիներ դիտելիս՝ կարձագանքեն՝ վերջապես Հայաստանում արդարության մասին խոստումներն արդարանում են։
«Ես ուզում եմ իմ գոհունակությունը հայտնել այդ տեսարանների կապակցությամբ, որ ՀՀ-ից միլիարդներ գողացողը չի կարող պատգարակի տակ թաքնված պատասխանատվությունից խուսափել։ Թող բոլոր կոռումպացվածները տեսնեն։ Օրենք էինք ընդունել ու եթե նրանք կարող էին իրենց գողացածի մեծ մասը տալ պետությանը, փոքր մասը պահել իրենց, հիմա էդ հնարավորությունը չունեն»,-հայտարարեց Փաշինյանը։
