Գազի 10% թանկացումը կարող է ընդհանուր գնաճն ավելացնել մոտ 0,8 տոկոսային կետով․ԿԲ նախագահ | Region

Գազի 10% թանկացումը կարող է ընդհանուր գնաճն ավելացնել մոտ 0,8 տոկոսային կետով․ԿԲ նախագահ

Նոյեմբեր 03,2026 18:16

Հայաստանում սպառողների համար բնական գազի գնի 10% բարձրացումը կարող է ընդհանուր գնաճն ավելացնել մոտ 0,8 տոկոսային կետով։

Այսօր հրավիրված ասուլիսում Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը հայտարարել է՝ գազի 10% թանկացման ուղղակի և անուղղակի ազդեցությունը սպառողական գների վրա կարող է կազմել շուրջ 0,6 տոկոսային կետ, դրան կարող է ավելանալ ևս 0,1–0,2 տոկոսային կետի ազդեցություն՝ գազ օգտագործող հարակից ոլորտներում արտադրանքի հնարավոր թանկացման հետևանքով։

ԿԲ-ն գազի հնարավոր թանկացման կոնկրետ սցենար դեռ չի մշակել, քանի որ հայտնի չեն գնի փոփոխության չափը և դրա հնարավոր հետևանքներին հակազդելու միջոցները։

Գալստյանի խոսքով՝ երբ պարզ դառնան ռուսական կողմի հնարավոր քայլերն ու Հայաստանի կառավարության արձագանքը, ԿԲ-ն կկարողանա ավելի հստակ գնահատել դրանց ազդեցությունը տնտեսության և գնաճի վրա։

Հիշեցնենք, որ  Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի անդամները ներկայացրել են զեկույց Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության կասեցման հնարավոր հետևանքների մասին։ Ըստ այդ զեկույցի՝ նման սցենարի դեպքում Հայաստան մատակարարվող բնական գազի գինը կարող է աճել շուրջ 69%-ով՝ 1000 խորանարդ մետրի դիմաց ներկայիս 177,5 դոլարից հասնելով 300 դոլարի։ Զեկույցում նաև նշված է, որ ԵԱՏՄ-ում Հայաստանի անդամակցության հնարավոր դադարեցման դեպքում ԵԱՏՄ երկրների հետ ՀՀ ապրանքաշրջանառությունը կնվազի 55.6%-ով, երկրի ՀՆԱ-ն կնվազի 15.6 %-ով:

 

Նորություններ