«Ալիևյան սահմանադրության պարտադրանքի մերժում»․ մի շարք քաղուժեր հայտարարում են միասին համախմբված պայքարի մասին
Հայաստանի մի շարք ուժեր ընդդիմադիր ուժեր, այդ թվում խորհրդարանական «Ուժեղ Հայաստանն» ու «Հայաստան» խմբակցությունները երեկ ուշ երեկոյան հայտարարել են «ալիևյան սահմանադրության պարտադրանքը» մերժելու և այլ հարցերի շուրջ համախմբման մասին:
Երեկ ուշ երեկոյան մի շարք քաղաքական ուժերի ներկայացուցիչներ հանդիպել են կալանավորված միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանի առանձնատանը, ապա այս փակ հանդիպումից հետո համախմբման մասին հայտարարություն արել։ Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն ընթերցեկ է հայտարարության տեքստը, որում մասնավորապես ասվում է, «որ հայտարարության տակ ստորագրած հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և հայոց պետականության առջև ծառացած ճակատագրական մարտահրավերների ողջ լրջությունը, ունենալով մոտեցումների տարբերություններ և տարակարծություններ մի շարք հարցերում, այդուհանդերձ՝ հայտարարում ենք համազգային համախմբման ձևավորման մասին»։
Ըստ հայտարարության նրանք համախմբվում են չորս նպատակի համար՝
- «Ալիևյան սահմանադրության պարտադրանքի մերժում»։
- «Խաղաղություն՝ առանց միակողմանի զիջումների և տարածքային կորուստների»։
- «Ազգային ինքնության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պաշտպանություն»։
- «Ժողովրդավարական ազատությունների և իրավունքների վերականգնում»։
Քաղաքական ուժերը համաձայնել են միավորել իրենց ջանքերը՝ գերակա ազգային խնդիրների շուրջ հանրային միասնության մթնոլորտ ձևավորելու և Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին դիմագրավելու նպատակով։
Հայտարարությունը ստորագրել են «Ուժեղ Հայաստանը», 1-ին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջնորդած ՀԱԿ-ը, 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած «Հայաստան» դաշինքն ու դրա մաս կազմող Հայ հեղափոխական դաշնակցությունը, 3-րդ նախագահ Սերժ Սարգյանի «Հանրապետական» կուսակցությունը, Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ու «Ապրելու երկիրը», «Հայաքվեն», «Ժառանգությունը», «Ազատությունը», «Դեմոկրատական այլընտրանքը», «Նոր դարաշրջանը», «Հայաստանը ես եմ»-ը։
Հայտարարությամբ նրանք «բոլոր քաղաքական ուժերին, հանրային և հասարակական գործիչներին կոչ են անում մաս կազմել ազգային այս համախմբմանը»։
Թե ինչ քայլեր են անելու այս քաղաքական ուժերը, դեռ հստակ չէ։
Օրերս իշխանությունը հայտարարեց, որ նոր Սահմանադրության տեքստը շուտով կհրապարակվի, Անկախության հչակագրին հղումը հանվելու է տեքստից։ Բաքուն բազմիցս է պահանջ դրել, որ ՀՀ Սահմանադրությունը տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ, ու մինչև այն չհանվի, խաղաղության պայմանագիրը չի ստորագրվի։
ՀՀ իշխանությունը պնդում է, որ Սահմանադրությունը Բաքվի պահանջով չեն փոխում։

