Ուշիի հատվածում ողբերգական վթարի հատվածը եղել է պատշաճ գծանշված, ճանապարհը՝ երթևեկության նշաններով կահավորված․ Դավիթ Խուդաթյան | Region

Ուշիի հատվածում ողբերգական վթարի հատվածը եղել է պատշաճ գծանշված, ճանապարհը՝ երթևեկության նշաններով կահավորված․ Դավիթ Խուդաթյան

Նոյեմբեր 05,2026 15:11

Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը սոցիալական ցանցում անդրադարձել է Ուշիի հատվածում  տեղի ունեցած ողբերգական վթարի վերաբերյալ մամուլում շրջանառվող պնդումներին։

Նախարարը գրել է․«Ի պատասխան մամուլում հրապարակվող ակնհայտ քաղաքական շահարկումների՝ տեղեկացնում եմ, որ Ուշիի հատվածում 9 մարդու կյանք խլած ողբերգական վթարի հատվածը եղել է պատշաճ գծանշված, ճանապարհը եղել է երթևեկության նշաններով կահավորված, ինչն ակնհայտ է նաև դեպքի վայրից հրապարակված տեսանյութերում և լուսանկարներում:

Ինչ վերաբերում է բեռնատարի տեխզննման հարցին, ապա սխալ պնդում անելուց առաջ, օրինակ, կարելի էր ճշտել, արդյո՞ք ՀՀ-ում է գրանցված տվյալ փոխադրամիջոցը և ունի՞ ՀՀ հաշվառման համարանիշներ:

Բեռնատարը ՀՀ հաշվառում և ՀՀ պետհամարանիշներ չունի, հետևաբար ՏԿԵՆ-ի լիազորությունների տիրույթից դուրս է տվյալ փոխադրամիջոցի տեխզննման հարցը:

Ցավակցում եմ ողբերգական վթարի զոհերի հարազատներին, իսկ վթարից վթար ճանապարհային «փորձագետ» դարձողներին կոչ եմ անում չհրապարակել ակնհայտ կեղծ տեղեկատվություն»։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին Ապարան-Աշտարակ ավտոճանապարհին՝ Օհանավան բնակավայրի մոտակայքում, չորս ավտոմեքենայի բախման հետևանքով ինը մարդ մահացել է, 3-ը՝ տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց։

Դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով՝ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգության կանոնների խախտման հատկանիշներով, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ։ Նախաքննությունը շարունակվում է։

ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հայտնել է, որ ողբերգական ավտովթարի վերաբերյալ պարեկային ծառայողների նախնական գնահատականը մեքենայի արգելակման հնարավոր խնդրին է առնչվում։

Նորություններ