Բնակարանների առուվաճառքի և վարձակալության գները կտրուկ աճել են․ վիճակագրություն և պատճառներ
Հայաստանում անշարժ գույքի շուկայում արձանագրվում է զգալի գնաճ։ Օրինակ, ըստ վիճակագրական կոմիտեի, Երևանում 2025 թվականի սեպտեմբերին Կենտրոն վարչական շրջանում բնակարանի 1քմ-ի միջին արժքեը կազմում էր 900 հազար դրամ, իսկ այս տարվա սեպտեմբերին՝ 994 հազար դրամ, իսկ 1-ին և 2րդ գոտիներում 1 քմ-ի արժեքը հասել է մինչև 1 միլիոն 215 հազարի։ Արաբկիրում նախորդ տարվա սեպտեմբերին բնակարանի 1քմ-ի շուկայական միջին գինը 630 հազար դրամ էր, ապա այս տարվա սեպտեմբերին 748 հազար դրամ է, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում 392 հազար դրամ էր, այժմ՝ 517 հազար դրամ։
Բնակարանները թանկացել են մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում․ 1քմ-ն մեկ տարվա ընթացքում թանկացել է 120-140 հազար դրամով։
Ամենաբարձր աճը գրանցվել է Էրեբունիում՝ 141 հազար դրամ, Նորք-Մարաշում՝ 141 հազար դրամ, Դավթաշենում՝ 139 հազար դրամ։
Միջին միջակայքում գտնվող շրջանների մեծ մասում (Քանաքեռ-Զեյթուն, Շենգավիթ, Նոր Նորք, Ավան, Մալաթիա-Սեբաստիա, Արաբկիր, Աջափնյակ) թանկացումը տատանվել է 115 հազարից մինչև 135 հազար դրամի սահմաններում:
Ամենացածր աճը եղել է Նուբարաշենում՝ 58 հազար 600 դրամ։ Արաբկիրում նախորդ տարվա սեպտեմբերին բնակարանի 1քմ-ի շուկայական միջին գինը 630 հազար դրամ էր, ապա այս տարվա սեպտեմբերին 748 հազար դրամ է, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում 392 հազար դրամ էր, այժմ՝ 517 հազար դրամ։
Մարզային 45 քաղաքներում 2025թ. սեպտեմբերից մինչև 2026թ. սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում 1 քառ. մ-ի միջին թանկացումը կազմել է 23,764 դրամ կամ մոտ 13%-ով։
Տարեկան ամենաբարձր աճ գրանցած քաղաքներն են՝ Վեդի, 1քմ-ն թանկացել է 74 հազար դրամով, այս տարվա սեպտեմբերին այս քաղաքում բնակարանի 1քմ-ի արժեքն է 264,800 դրամ, Չարենցավանում 1քմ-ն թանկացել է 62 հազար դրամով, այսինքն, 1 քմ-ն արժե 274 հազար դրամ, Դիլիջանում 1 քմ-ն թանկացել է 59,500 դրամով, 340,500 դրամ արժե 1քմ-ն , Հրազդանում մեկ տարվա ընթացքում 1քմ-ն թանկացել է 58,700 դրամով, Կապանում՝ 47,500 դրամով։
Գրեթե անփոփոխ մնացած քաղաքներն են՝
Վանաձոր՝ 1քմ-ն թանկացել է 500 դրամով, այսինքն՝ այս տարվա սեպտեմբերի տվյալներով՝ 1 քմ-ի արժեքը կազմում է 193 հազար դրամ։
Ախթալա՝ 1քմ-ն թանկացել է 1000 դրամով, 1 քն-ն արժեն 49 հազար դրամ։
Ջերմուկ՝ 1քմ-ն թանկացել է 2600 դրամով, 1 քմ-ն արժե 175 հազար 600 դրամ։
Գյումրի՝ 1քմ-ն թանկացել է 2700 դրամով, 1 քմ-ն արժե 220 հազար 500 դրամ։
Մարզային ամենաթանկ քաղաքներն են՝ Ծաղկաձոր՝ 1քմ-ն 468,900 դրամ, Աբովյան՝ 389,600 դրամ, Վաղարշապատ՝ 364,800 դրամ, Դիլիջան՝ 340,500 դրամ: Իսկ ամենաէժանը՝ Թումանյանն է, այստեղ 1քմ-ն արժե 33,400 դրամ։
Գնաճ է գրանցվել նաև բնակարանների վարձակալության ոլորտում։ Երևանում, ըստ անշարժ գույքի գործակալությունների, երկսենյականոց բնակարանների ամսական վարձավճարի արժեքը 285 հազարից մինչև 570 հազար դրամ է՝ կախված տարածքից ու տան վիճակից։ Մեկ տարվա կտրվածքով՝ միջինում մոտ 100 հազար դրամով թանկացում է գրանցվել։
Անշարժ գույիք գործակալներն այս թանկացումները պայմանավորում են Հայաստան ժամանած մեծ թվով օտարերկրացիներով։
Անշարժ գույքի գործակալ Զորիկ Մանուկյանը RegionsTV-ի հետ զրույցում հաստատեց, որ անշարժ գույքի շուկայում նկատելի գնաճ կա, ինչը պայմանավորված է հիմնականում Ռուսաստանից ժամանումներով։
«Ժամանածների մեծ մասը մեր հայրենակիցներն են, որոնք ի տարբերություն օտարազգիների, բնակարաններ վարձակալելու փոխարեն, դրանք գնել են։ Վարձակալում են հիմնականում օտարերկրյա քաղաքացիները։ Ի տարբերություն 2021 թվականի, այս տարի գործարքների մեծ մասը եղել է գնման գործարքներ, հենց դրա պատճառով էլ թե՛ վարձակալության, և թե՛ առուվաճառքի գնաճ է նկատվում»,-ասում Մանուկյանը։
Նա նշում է, որ գների տատանումներ միշտ էլ լինում են կապված սեզոնի հետ․«Միշտ էլ այդպես է եղել, բնակարանները թանկանում են արդեն մարտ ամսից սկսած մինչև սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներ, իսկ ավելի մատչելի են ձմռան ամիսներին։ Վերջանում է տուրիստական սեզոնը և արդեն գարնան սկզբից նորից նույն կերպ գնաճ է նկատվում»։

Անի Ոսկանյան
Անշարժ գույքի գործակալ Անի Ոսկանյանն աշխատում է Գյումրիում։ Նա Regions TV-ի հետ զրույցում նշում է՝ գնաճը հասել է նաև մարզեր, այդ թվում՝ Շիրակի մարզ, ինչը տեղացի վարձակալողի համար կարող է խնդիրներ առաջացնել։
«Նախ՝ անշարժ գույքի ոլորտում նման գնաճ միշտ էլ եղել է, սակայն վերջին շրջանում աշխարհաքաղաքական զարգացումներով պայմանավորված՝ արտերկրի քաղաքացիների մեծ հոսք է նկատվում, ինչի հետևանքով վարձակալության գները գնալով աճում են։ Սա պայմանավորված է նաև շուկայում առկա առաջարկով, որի վրա ազդում են թե՛ ներքին, թե՛ արտաքին գործոնները։ Օրինակ՝ այն հանգամանքը, որ օտարերկրյա քաղաքացին գնողունակ է, կարող է իրեն թույլ տալ ավելի բարձր գնով վարձակալել, քան տեղացիները։ Մյուս գործոնը, հատկապես Շիրակի մարզում, բազմաբնակարան շենքերի սահմանափակ քանակն է։ Այս պահին վարձով բնակարանների մեծ սակավություն է նկատվում»։
Նա նաև անդրադարձավ անշարժ գույքի առուվաճառքի ոլորտում նկատելի գնաճին, ընդգծելով, որ Շիրակի մարզում շինարարական աշխատանքներ, համեմատած Երևան քաղաքի, քիչ թվով է ծավալվում․«Այս պահին միայն Գյումրի պարկն է, որտեղ կառուցվել է բազմաբնակարան շենք, սակայն սա բավականին ցածր ցուցանիշ է, և եթե ծավալվեն նոր շենքերի կառուցման շինարարական աշխատանքներ, կարծում եմ՝ գների նվազում կգրանցվի»։
Վերջին ամիսներին Հայաստանում, բացի ՌԴ քաղաքացիներից, նկատվում է նաև մեծ թվով Չինաստանի քաղաքացիների այց։ Նրանցից շատերը ոչ թե թե մեկ-երկու շաբաթով են այցելում մեր երկիր, այլ՝ երկարաժամկետ՝ վեց ամսից մինչև մեկ տարի։ Մեզ հետ զրույցում անշարժ գույքի գործակալներն էլ են հաստատում դա, նշելով՝ նրանք հիմնականում թանկարժեք բնակարաններ կամ առանձնատներ են վարձակալում։
Տիրուն Մարգարյան

