ԸԸՀ-ն դիմելու է վարչական դատարան՝ ՔՊ թեկնածու Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու պահանջով | Region

ԸԸՀ-ն դիմելու է վարչական դատարան՝ ՔՊ թեկնածու Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու պահանջով

Նոյեմբեր 13,2026 20:07

Թիվ 22 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն այսօր կայացած նիստում սեփական նախաձեռնությամբ վարչական վարույթի շրջանակներում ընդունել է որոշում՝ հայցադիմումով դիմել վարչական դատարան՝ Լոռու մարզի Սպիտակ համայնքի համամասնական ընտրակարգով 2026 թվականի նոյեմբերի 29-ի ավագանու ընտրություններին մասնակցող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար։ Այս մասին տեղեկացնում են ԿԸՀ-ից։

Որոշման համար հիմք է հանդիսացել  դիտորդական կազմակերպությունների հայտարարությունը, ըստ որի՝  Քաջայր Նիկողոսյանը չարաշահել է իր պաշտոնական լիազորությունները նախընտրական շրջանում։

Քաջայր Նիկողոսյանն աշխատանքից ազատել է մրցակից «Բարոյական արժեքներ» կուսակցության ցուցակով առաջադրված համայնքապետարանի չորս աշխատակցի (իր տեղակալին և երեք բնակավայրերի վարչական ղեկավարների)։

«Անկախ դիտորդ» դաշինքը հայտարարել է, որ հոկտեմբերի 29-ին համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանի որոշմամբ պաշտոնից ազատվել է համայնքի ղեկավարի տեղակալ, «Բարոյական արժեքներ» կուսակցության թեկնածու Հովիկ Հովհաննիսյանը։

«Անկախ դիտորդը» նշել է, որ Հովհաննիսյանն այդ ժամանակ արձակուրդում է եղել, իսկ աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին որոշումը չի պարունակել որևէ պատճառաբանություն։ Ըստ հայտարարության՝ չեն պահպանվել նաև ծանուցման ժամկետները։

«Ավագանու թեկնածուների գրանցման օրը՝ 2026-ի հոկտեմբերի 30-ին, համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը որոշում է կայացրել զբաղեցած պաշտոնից ազատել նաև «Բարոյական արժեքներ» կուսակցության թեկնածուներ Կաթնաջուր բնակավայրի վարչական ղեկավար Արմեն Պապոյանին, Սարամեջ բնակավայրի վարչական ղեկավար Թամարա Մինասյանին և Սարահարթ բնակավայրի վարչական ղեկավար Արտյոմ Փիլոյանին։ Այս որոշումները նույնպես չեն պարունակում փաստական հիմավորումներ»,- ասված է հայտարարության մեջ։

Նա շրջաբերական է ուղարկել մյուս վարչական ղեկավարներին՝ պահանջելով նպատակային արձակուրդի դիմումներ չներկայացնել, ինչը դիտորդների («Անկախ դիտորդ» դաշինք) կողմից որակվել է որպես վարչական ռեսուրսի չարաշահում և ճնշում մրցակից ուժերի նկատմամբ։

Նորություններ