Ենթադրյալ հանցագործությանը պետությունը պետք է արձագանքի․Գալյանը Արսեն Գևորգյանի մահվան համար իշխանությանն ուղղված ընդդիմության մեղադրանքների մասին | Region

Ենթադրյալ հանցագործությանը պետությունը պետք է արձագանքի․Գալյանը Արսեն Գևորգյանի մահվան համար իշխանությանն ուղղված ընդդիմության մեղադրանքների մասին

Նոյեմբեր 10,2026 15:35

«Ուզում եմ ցավակցել մահացածի հարազատներին, ընտանիքի անդամներին և ընկերներին։ Ցավոք սրտի, նման դեպքեր տեղի են ունենում ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ քրեակատարողական հիմնարկներում»,-այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն՝ անդրադառնալով առավոտյան «Նուբարաշեն» ՔԿՀ-ում մահացած «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանի մահվան դեպքին։

Գալյանի խոսքով՝ կալանավորված Արսեն Գևորգյանը քրեակատարողական հիմնարկում գտնվելու ողջ ընթացքում առողջական խնդիրների մասին ընդհանրապես չի բարձրաձայնել, ինքնազգացողության վատացում չի ունեցել․«Այսօր առավոտ շուտ բողոքել է ինքնազգացողությունից, Ժամը 07:55-ի շրջանում բուժակն այցելել է, զննել նրան, կարճ ամանակ անց շտապօգնություն են կանչել, որից հետո արձանագրվել է սրտի կանգ»։

Քրեակատարողական հիմնարկներում մահացության ցուցանիշների մասին լրագրողի դիտարկմանն ի պատասխան, Գալյանն ասել է՝ նախորդ տարվա ընթացքում գրանցվել է մահվան ավելի քան 20 դեպք, այս տարեվերջի դրությամբ սա 4-րդ դեպքն է։

Ընդդիմադիր ուժերը Գևորգյանի մահվան համար մեղադրում են իշխանությանը, քանի որ նա գտնվել է փակ հիմնարկում, պետության պատասխանատվության ներքո։ Այս առնչությամբ Գալյանն ասել է․«Այնպես է ստացվում, որ մարդիկ, որոնք ունեն առողջական խնդիրներ երբեմն գտնվում են անազատության մեջ, և մեղադրել իշխանություններին մարդկանց կալանավորելու մեջ․․․ ճշմարտությունն այն է, որ քաղաքական հետապնդումներ չեն իրականացվում։ Ենթադրյալ հանցագործության կամ ենթադրյալ կատարված արարքներին պետությունը միշտ պետք է տա պատշաճ արձագանք։ Դա պետության գործառույթն է՝ հետևել հանցագործություններին և դրանց բացահայտմանը»։

Այսօր առավոտյան  քրեակատորաղական հիմնարկում մահացել է Ստեփանավանի ընտրություններում «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից համայնքի ղեկավարի թեկնածու Արսեն Գևորգյանը։

Նրա կուսակցական ընկերներն ու ընդդիմադիր ուժերը նրա մահվան կապակցությամբ հայտարարություններ են տարածում՝ իշխանությանը մեղադրելով նրա մահվան համար։

«Արսեն Գևորգյանը դարձավ Նիկոլ Փաշինյանի ռեժիմի կողմից ժողովրդավարական և քաղաքացիական ազատությունների դեմ սանձազերծված արշավի հերթական զոհը»,-նշված է Հայ ազգային կոնգրեսի տարածած հայտարարության մեջ։

«Հայ Ազգային Կոնգրեսը վճռականորեն դատապարտում է Նիկոլ Փաշինյանի իշխանության հաստատած ահաբեկչական «ժողովրդավարության» մոդելը, որի պայմաններում հիմնական ընդդիմադիր ուժերը ընտրություններից առաջ ենթարկվում են հալածանքների ու կալանավորումների, քարոզարշավի և քվեարկության ընթացքում՝ վարչական ճնշումների ու ապօրինությունների, իսկ ընտրություններից հետո՝ նոր բռնաճնշումների։ Երբ իշխանությունն իրավապահ մարմիններն օգտագործում է քաղաքական մրցակիցներին ճնշելու համար, այն սահմանափակում է նաև քաղաքացիների ազատ ընտրության իրավունքը։ Այս քաղաքականությամբ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը քայլ առ քայլ տանում է դեպի բռնապետություն։

Սա նաև հստակ ազդակ պետք է դառնա մեր ժողովրդի և հանրության համար: Պետք է անհապաղ դադարեցնել քաղաքական հետապնդումները և հարձակումները ժողովրդավարական ազատությունների դեմ, պատժել հակաժողովրդավարական և ապօրինի արարքներ գործած բոլոր պատասխանատուներին»,-նշված է հայտարարության մեջ։

ՀՀ ԱԺ փոխխոսնակ, «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը գրել է․«Տևական ժամանակ է, ինչ ուղիղ խոսում ենք այն մասին, որ կալանքը Հայաստանում վերածվել է ոչ միայն քաղաքական ռեպրեսիվ գործիքի, այլև հենց չարիքի։ Արսեն Գևորգյանը, պաշտպանված լինելով անմեղության ու ազատության կանխավարկածով, որոնք կոպտորեն խախտվել էին իրավասու պաշտոնյաների կողմից` եղել է բացառապես պետության պատասխանատվության ներքո և այդ պայմաններում տեսնում ենք սարսափելի փաստը։

Վերջապես հասկացեք՝ կալանքը պատիժ չէ, դա զուտ ծայրահեղ խափանման միջոց է, իսկ դուք բազմաթիվ մարդկանց տանում եք անհիմն կալանքի, քանի որ չեք պատկերացնում Հայաստանն առանց քաղբանտարկյալների ու գերբնակեցված կալանավայրերի։ Դուք կալանավորված անձանց նվազագույն բժշկական օգնության երաշխիքներ չունեք, բայց անպայման տանում եք կալանավայր, որ ի՞նչ լինի։

Դուք տրորում եք անմեղության կանխավարկածը մարդկանց ճակատագրերի գնով։ Սա է ատելության, կալանքի ֆետիշացման ու քաղաքական հետապնդման հերթական ողբերգական օրինակը»։

«Միասնության թևեր»-ն էլ պահանջում է Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքների անկախ և անաչառ քննություն։ Կուսակցության հայտարարության մեջ նշված է․«Պաշտոնյաների գործողություններն ու հնարավոր անգործությունը պետք է իրավական գնահատական ստանան։ Իշխանությունները պարտավոր են պարբերաբար տեղեկացնել հանրությանը քննության ընթացքի մասին և հրապարակել դրա արդյունքները։ Խորապես ցավակցում ենք Արսենի ընտանիքին, հարազատներին, ընկերներին և «Ուժեղ Հայաստան» կուսակցության մեր գործընկերներին»։

«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը նույնպես պնդում է, որ քրեակատարողական հիմնարկում գտնվող Արսեն Գևորգյանի մահվան իրավական և բարոյական ամբողջ պատասխանատվությունը կրում է իշխող վարչախումբը։

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը սոցիալական ցանցւոմ գրել է․«Այս իշխանության զազրելի գործելակերպի հետևանքով ևս մեկ մարդկային կյանք կիսատ մնաց։ Միայն վերջին մեկ տարվա ընթացքում քանի՞ դեպք է գրանցվել, երբ կալանքի են տարվել մարդիկ՝ ծանր հանցակազմ չպարունակող գործերով։ Ի՞նչ է սա, եթե ոչ՝ սպանություն քաղաքական այլախոհության պատճառով։ Կալանքը՝ որպես խափանման միջոց կիրառումը պատժամիջոց է, երբ արդարացված չէ։ Իսկ այս իշխանությունների դեպքում՝ մահախոսական՝ քաղաքական ընդդիմախոսների հանդեպ։ Մեկ այլ դեպքում՝ սպանություն հենց տան բակում։

Այս երկրի դատաիրավական համակարգը պարտավոր է հաշիվ տալու իրեն, ի վերջո ո՞ւմ է ծառայում․ Փաշինյանի օրակարգին, թե օրենքին։ Բավական է խաղալ մարդկային ճակատագրերի հետ։ Արսեն Գևորգյանի անժամանակ մահը ծանրանալու է օրվա իշխանությունների և նրանց քաղաքական օրակարգը սպասարկող դատաիրավական համակարգի խղճին։ Սա ողբերգություն է, որի հանգամանքները պետք է լիարժեք և անաչառ քննության ենթարկվեն»։

ԱԺ նախկին պատգամավոր Գեղամ Նազարյանն էլ գրել է․ «Աննկարագրելի ցավ է լսել 45-ամյա երիտասարդ տղամարդու մահը։ Ցավակցում եմ Արսեն Գեւորգյանի ընտանիքի անդամներին։ Եւ քանդեք, հիմնովին քանդեք Նուբարաշենի բանտը։ Այն հնի ու զզվելի բարքերի խորհրդանիշն է։

Եւ հիշեք, կալանքը եւ նույնիսկ ազատազրկումը դա ամենօրյա կտտանք չի նշանակում, ամենօրյա խոշտանգում չի նշանակում։ Նուբարաշենի բանտը մեր բոլորի դեմքն է։ Քրեական ենթամշակույթով չապրող մարդու համար որոշակի պայմաններում եւ այդ մշակույթով ապրող մարդկանց հետ նույն միջավայրում գտնվելը եւս խոշտանգում է։ Խնդրում եւ պահանջում եմ, հենց այսօր քանդեք այդ հին բարքերի խորհրդանիշը»։

 

Նորություններ