Ստեփանավանում համայնքապետ է ընտրվել «Գործարար» կուսակցությունից Արմեն Գրիգորյանը, Եղեգնաձորում՝ «Հանրապետություն» կուսակցության թեկնածու Դավիթ Հարությունյանը
Ստեփանավանում նորընտիր ավագանու ներկա 14 անդամների միաձայն քվեարկությամբ համայնքապետ է ընտրվել «Գործարար» կուսակցությունից Արմեն Գրիգորյանը։ Համայնքապետի ընտրության այսօրվա նիստին ներկա չէին ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության ավագանու 4 անդամները՝ համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանի՝ կալանավայրում մահվան պատճառով։ Գևորգյանը կալանավորվել էր ընտրություններից մի քանի օր առաջ՝ ընտրակաշառք տալու, դրան օժանդակելու և ստանալու համար։
Այսօրվա նիստի սկզբում ավագանու անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արսեն Գևորգյանի հիշատակը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՔՊ-ն հայտարարել էր, որ նախապես ձեռք բերված պայմանավորվածությամբ՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կաջակցի «Գործարար» կուսակցության ցուցակը գլխավորած Գրիգորյանի թեկնածությանն ու այս երկու ուժերը ավագանիում հանդես կգան որպես միասնական ՔՊ։
Հոկտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրություններում Ստեփանավանում ՔՊ-ն հաղթանակ չէր տարել, «Գործարար» կուսակցությունը ստացել էր ձայների 42.20%-ը, իսկ ՔՊ-ն՝ 34.69% ։
Այսօր Եղեգնաձոր համայնքում նույնպես ավագանու նիստ էր, որի ժամանակ նորընտիր ավագանին համայնքապետ ընտրեց «Հանրապետություն» կուսակցության թեկնածու, համայնքի գործող ղեկավար Դավիթ Հարությունյանին: Նա ստացավ 14 ձայն: Իսկ «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածու Հուսիկ Սահակյանը ստացավ 13 ձայն:
