Ավելի քան 12 ժամ տևող խափանում Microsoft-ում. կիբեռհարձակումը բացառվում է, ծառայությունները մասամբ վերականգնվում են | Region

Ավելի քան 12 ժամ տևող խափանում Microsoft-ում. կիբեռհարձակումը բացառվում է, ծառայությունները մասամբ վերականգնվում են

Նոյեմբեր 13,2026 13:58

Microsoft-ը բախվել է խոշոր գլոբալ խափանման, որն արդեն ավելի քան 12 ժամ է, ինչ անջատել է Outlook-ը, Microsoft Teams-ը, Copilot-ը և Microsoft 365-ի այլ հիմնական ծառայությունները ամբողջ աշխարհում։ Ընկերությունը  հայտնում է, որ ինտենսիվ աշխատում է խնդիրը վերացնելու ուղղությամբ և նկատում է մասնակի դրական տեղաշարժ, սակայն ամբողջական վերականգնման հստակ ժամկետ դեռևս չկա։

Խափանումը սկսվել է 2026 թվականի նոյեմբերի 12-ին և անդրադարձել է տասնյակ հազարավոր ընկերությունների, բանկերի, պետական կառույցների ու միլիոնավոր օգտատերերի վրա 74 երկրներում։

Microsoft-ի տվյալներով՝ մի շարք սերվերներ անսպասելիորեն դարձել են անհասանելի, ինչը ծանրաբեռնել է մնացած համակարգերը և խախտել տրաֆիկի հավասարակշռությունը։ Նախնական տվյալներով՝ խնդիրը կապված է սերվերների աշխատունակությունը ստուգող (health check) բաղադրիչի խափանման հետ։

Ընկերության ղեկավարությունը պաշտոնապես հաստատել է, որ խափանումը կիբեռհարձակման կամ չարամիտ միջամտության հետևանք չէ։

Խնդիրը շղթայական ազդեցություն է ունեցել նաև արհեստական բանականության այլ ընկերությունների վրա։ Մասնավորապես, OpenAI–ը և Anthropic–ը հայտնել են իրենց գործիքների և Microsoft 365-ի միջև կապի խափանումների մասին։

Նոյեմբերի 13-ի դրությամբ իրավիճակը շարունակում է մնալ լարված, իսկ ինժեներական թիմերը փորձարկում են տարբեր լուծումներ։

Ըստ The Guardian-ի  և Microsoft-ի վերջին հաղորդագրությունների՝ ընկերությունը գրանցել է սերվերների կայունության «դրական արդյունքներ» և որոշ տարածաշրջաններում ծառայությունները մասամբ վերականգնվել են։

Microsoft-ը զգուշացրել է, որ կիրառված փոփոխությունները դեռևս սպասված արդյունքը չեն տալիս։ Որոշ վերականգնված ծառայություններ կրկին դառնում են անհասանելի՝ մեծ հոսքերի պատճառով։

Ինժեներները կանգնեցրել են համակարգային բոլոր նոր թարմացումները, վերագործարկում են խափանված ենթակառուցվածքները և փորձում են տրաֆիկը վերաուղղորդել այլընտրանքային սերվերների վրա։

Microsoft Q&A հարթակում մասնագետները հորդորում են օգտատերերին չփորձել վերատեղադրել ծրագրերը կամ փոխել սարքերի կարգավորումները։

Հիշեցնենք, որ վերջին շրջանում ընկերության շուրջ քննարկումների առանցքում է նաև աշխատակազմի օպտիմալացման թեման. ըստ https://ca.finance.yahoo.com/news/microsoft-outage-hits-companies-governments-075042295.html?guccounter=1 Yahoo Finance-ի, հոկտեմբերի վերջին Microsoft-ը ծախսերը կրճատելու նպատակով կամավոր հեռացման դեպքում շուրջ 60,000 աշխատակցի փոխհատուցումներ է առաջարկել։

Նորություններ