Հորից որդիներին, որդիներից՝ թոռներին․ ինչպե՞ս է Ջրաձորի հողն ու ջուրը միավորում Ռաֆիկ պապի մեծ ընտանիքին | Region

Հորից որդիներին, որդիներից՝ թոռներին․ ինչպե՞ս է Ջրաձորի հողն ու ջուրը միավորում Ռաֆիկ պապի մեծ ընտանիքին

Նոյեմբեր 14,2026 17:00

Շիրակի մարզի Ջրաձոր գյուղը հիմնադրվել է 1828թ․-ին։ Ամասիա համայնքի այս բնակավայրում գրանցված 350 բնակիչ կա, սակայն մշտական բնակվողների թիվը 190 է։ Բնակիչները զբաղվում են հիմնականում անասնապահությամբ և հողագործությամբ։

Գյուղի հնաբնակներից Ռաֆիկ Գրիգորյանը քաջատեղյակ է իր ծննդավայրի պատմությանն ու անցուդարձին։ Ամբողջ կյանքում կապված է եղել իր հող ու ջրի հետ, զբաղվել գյուղատնտեսական աշխատանքներով։

Տարիներն անցել են, բայց դաշտ ու հանդ դուրս գալու սովորությունը չի փոխվել։ Ռաֆիկ Գրիգորյանը 75 տարեկան է, և մինչ օրս մշակում է հողը, միրգ ու բանջարեղեն աճեցնում՝ ապահովելով իր մեծ ընտանիքի կարիքները։ Բերքից բաժին է հանում նաև բարեկամներին ու հարևաններին։

Նրա կողքին են որդիներն ու թոռները։ Գյուղատնտեսական աշխատանքը նրանց համար դարձել է նաև ընտանեկան գործ՝ սերունդներին միավորող զբաղմունք։

Regions TV-ի հետ զրույցում Ռաֆիկ Գրիգորյանը խոստովանում է՝ աշխատանքն իր կյանքի անբաժան մասն է։ Առողջական խնդիրներն անգամ չեն ստիպում հրաժարվել հողից ու առօրյա գործերից։

«Մարդը որտեղ էլ լինի, որտեղ էլ ապրի, պետք է աշխատի, ընտանիք պահի։ Թեև սրտի հետ կապված առողջական լուրջ խնդիրներ ունեմ, բայց 1 օր առանց աշխատելու չեմ կարող ապրել»,-ասում է 75-ամյա գյուղատնտեսը։

Նորություններ