Հայկ Խալաթյան. ՀԱՊԿ դաշնակիցները չհեռացրեցին Հայաստանին, որպեսզի վերջնական որոշումն ու պատասխանատվությունը մնա հենց Փաշինյանի վրա
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) որոշումը սպասելի էր․Հայաստանի իշխանություններն ամեն ինչ անում էին, որպեսզի Հայաստանին հեռացնեն կազմակերպությունից, սակայն միևնույն ժամանակ ինչ-ինչ պատճառներով չէին ցանկանում իրենք պաշտոնապես հայտարարել դրանից դուրս գալու մասին։ Հասկանալով Նիկոլ Փաշինյանի այս խաղը՝ Ռուսաստանն ու ՀԱՊԿ մյուս դաշնակիցները որոշեցին Հայաստանին զրկել ձայնի և նշանակումներ կատարելու իրավունքից, բայց միևնույն ժամանակ չհեռացնել կազմակերպությունից, որպեսզի վերջնական որոշումն, այնուամենայնիվ, կայացնի հենց ինքը՝ Փաշինյանը, և արդյունքում ինքն էլ պատասխանատվություն կրի իր որոշման համար»,- REGIONSTV-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի» ղեկավար Հայկ Խալաթյանը՝ մեկնաբանելով Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու վերաբերյալ ՀԱՊԿ-ում ընդունված որոշումը։
Նոյեմբերի 11-ին Մոսկվայում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովում Հայաստանին կազմակերպությունից հեռացնելու հարց օրակարգում չի եղել։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ մի քանի տարի է՝ Հայաստանը չի կատարում իր պարտավորությունները, ուստի ՀՀ-ին զրկել են ձայնի իրավունքից․ «Ղեկավարվելով ՀԱՊԿ կանոնադրության 25-րդ հոդվածով՝ առաջարկվել և որոշվել է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից, ինչպես նաև ՀԱՊԿ պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից»։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Տաալատբեկ Մասադիկովը հստակեցրել է, որ «վերջին երկու տարիներին Հայաստանը չի վճարել անդամավճարները և իր աշխատակիցներին չի գործուղել ՀԱՊԿ քարտուղարություն ու ՀԱՊԿ միացյալ շտաբ։ Հենց որ Հայաստանը որոշի մարել անդամավճարների գծով իր պարտքը, նրա իրավունքները կարող են վերականգնվել՝ իր աշխատակիցներին գործուղելու և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության աշխատանքներին մասնակցելու առումով։ Որոշումը Հայաստանի ղեկավարությանն է»։ Միաժամանակ նա ընդգծել է Հայաստանի և հայ ժողովրդի շատ դրական ու կառուցողական ներդրումը ՀԱՊԿ գործում այս բոլոր տարիների ընթացքում։
ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցությունը սառեցնելու մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր 2024 թվականի փետրվարին։ Հայաստանի մասնակցության կասեցումը կապված էր այն հանգամանքի հետ, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը 2021-2022 թվականներին չէր կատարել Երևանի հանդեպ ստանձնած իր պարտավորությունները։ Խոսքը նշված ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի վրա Ադրբեջանի հարձակումների մասին էր։ 2026 թվականի նոյեմբերի 5-ին Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի հետաքրքրությունը ՀԱՊԿ-ի նկատմամբ սպառված է, և հանրապետությունն այլևս շահագրգռված չէ այդ կազմակերպությամբ։
Հայկ Խալաթյանի կարծիքով՝ ՀԱՊԿ գագաթնաժողովին չմասնակցելով՝ Հայաստանը բոյկոտում է ու բավականին երկար ժամանակ է, որ բոյկոտում է։
Նրա խոսքով՝ շատ տարօրինակ է, որ Հայաստանը կազմակերպությունից դուրս գալու դիմում չի ներկայացնում. «Ինձ թվում է՝ Հայաստանի իշխանությունները հիանալի հասկանում են. բավական է դա անել, և կհետևեն Ռուսաստանի պատասխան քայլերը, մասնավորապես՝ տնտեսական ոլորտում և ոչ միայն։ Հայաստանում ցանկանում են իրավիճակն այնպես ներկայացնել, որ երկրի ներսում, եթե, Աստված մի արասցե, Ադրբեջանի հետ ինչ-որ էսկալացիա տեղի ունենա, ամեն ինչ կատարվել է բացառապես հենց Մոսկվայի որոշմամբ։ Իբր՝ մենք չենք դուրս եկել, այլ մեզ են հեռացրել, և այդ պատճառով մենք ստիպված չենք լինի պատասխանատվություն կրել այդ որոշման համար։ Բայց նորից եմ կրկնում՝ Մոսկվայում այս ամենը հիանալի հասկանում են, և հենց դրա համար էլ գնացին այս քայլին»։
Ըստ Խալաթյանի՝ Հայաստանի իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի իրենց հեռացնեն, բայց միևնույն ժամանակ իրենք պաշտոնապես դուրս չեն գալիս կազմակերպությունից․« Ռուսաստանն այս ամենը հիանալի հասկանում է և ասում է՝ «ո՛չ»։ Եթե ցանկանում եք դուրս գալ կազմակերպությունից, դուք ինքներդ պետք է պաշտոնապես հայտարարեք այդ մասին և դուրս գաք, մենք չենք հեռացնի։ Խնդիրն այն է, որ Հայաստանի նկատմամբ միանշանակ կկիրառվեն նոր տնտեսական սահմանափակումներ։ Հնարավոր է՝ բարձրացվի նաև ԵԱՏՄ-ում Հայաստանի անդամակցության սառեցման, ԵԱՏՄ-ում նրա իրավունքներից զրկման հարցը, բայց կրկին՝ առանց պաշտոնական դուրս գալու։ Ես դա էլ չեմ բացառում։ Ինձ թվում է՝ հենց սրա մասին են խոսում Մատվիենկոն և ռուսաստանյան այլ պաշտոնատար անձինք։ Սա հասկանում են նաև Հայաստանի իշխանությունները, այդ պատճառով իրենք պաշտոնապես դուրս չեն գալիս կազմակերպություններից»։
Նախօրեին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու հայտ չի ներկայացրել, իսկ ՀԱՊԿ երկրները մտադիր չեն Հայաստանին հեռացնել կազմակերպությունից։ Միևնույն ժամանակ, նրա խոսքով, պետությունների ղեկավարների քննարկմանը կներկայացվի որոշման նախագիծ՝ անդամավճարների գծով պարտքի պատճառով Հայաստանի ձայնի իրավունքը և քվոտային պաշտոններում թեկնածուներ առաջադրելու իրավունքը սահմանափակելու վերաբերյալ։
ՀԱՊԿ-ն ավելի շատ պետք է Հայաստանի՞ն, թե՞ Հայաստանը՝ ՀԱՊԿ-ին․Խալթյանը գտնում է, որ սա բարդ հարց է, յուրաքանչյուրն ունի իր շահը։ Նրա մեկնաբանմամբ՝ հարցը ՀԱՊԿ-ը չէ, հարցը Ռուսաստանն է, որովհետև Հայաստանի համար ՀԱՊԿ-ը Մոսկվայի հետ հարաբերությունների յուրօրինակ ձևաչափ է, ՌԴ-ի համար սա հնարավորություն է Հարավային Կովկասում ունենալ ռազմաքաղաքական դաշնակից, ունենալ ռազմաբազա տարածաշրջանի երկրներից մեկում, ինչը որոշակիորեն օգնում է արտաքին քաղաքական մի շարք հարցերի լուծմանը, տարածաշրջանում ուժի պրոյեկտմանը և այլն․«Իսկ Հայաստանի համար դա անվտանգության երաշխիք է, Թուրքիայի չհարձակման երաշխիք և որոշակի առումով՝ Ադրբեջանին զսպելու միջոց, թեև այս հարցում, իհարկե, խնդիրներ կային։ Բայց հիշենք Նիկոլ Փաշինյանի խոսքերը 2021 թվականին, երբ նա պատմում էր, որ ինքն է խնդրել ռուսական կողմին զորքեր տեղակայել Սյունիքում, տեղադրել ռուսական դրոշներ, որպեսզի ադրբեջանցիները չմտնեն այդ տարածք։ Ուստի սա շատ բարդ հարց է։ Իհարկե, խնդիրներ կան, բայց ընդհանուր առմամբ դեռ պարզ չէ, թե ինչով են Հայաստանի իշխանությունները ծրագրում փոխհատուցել Ռուսաստանի՝ որպես քաղաքական դաշնակցի կորուստը»։
Խալաթյանը հավելեց՝ ռուսական կողմի որոշումը մի կողմից զրկում է Հայաստանին կազմակերպությունում իրավունքներից, զրկում է Հայաստանի իշխանություններին դրա աշխատանքը սաբոտաժի ենթարկելու բուն հնարավորությունից։ Մյուս կողմից՝ Հայաստանի իշխանությունների դիրքորոշման փոփոխության կամ Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների նկատմամբ դրական տրամադրված նոր ուժերի իշխանության գալու դեպքում այս որոշումը թույլ կտա խուսափել այն բարդ, խճճված բյուրոկրատական ուղուց, որով ստիպված կլինեին երկիրը վերադարձնել կազմակերպություն։
Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն հայտարարել է. «Հայաստանի իրավունքն է՝ պահպանել իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին, թե ոչ։ Երևանը շատ բան կկորցնի, եթե որոշի դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից։ Հավատացեք, կյանքը ցույց կտա, որ այդ քայլը չի բխում Հայաստանի ազգային շահերից և հայ ժողովրդի շահերից»։ ՌԴ Պետդումայի պատգամավոր Անդրեյ Կլիմովն իր հերթին նշել է, որ «ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքի կորուստը Հայաստանի համար հարված կդառնա իր պատմական հողերի վրա երկրի ապագային։ ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից զրկելն էլ ավելի է նվազեցրել երկարաժամկետ կայունություն ապահովելու Հայաստանի հնարավորությունները»։
Մեկնաբանելով ռուս պատգամավորների հայտարարությունները՝ Խալաթյանն ընդգծել է, որ նախևառաջ մենք պետք է մտածենք, թե որքանով է ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշումը համապատասխանում Հայաստանի շահերին. «Ռուսաստանցի պաշտոնատար անձինք բարձրաձայնում են Մոսկվայի մոտեցումները։ Հայաստանը պետք է առաջնորդվի սեփական շահերով, և սա հաշվի առնելով՝ ես չեմ կարծում, որ ՀԱՊԿ-ից դուրս գալը բխում է Հայաստանի շահերից կամ ինչ-որ կերպ բարձրացնում է նրա անվտանգությունը։ Ընդհակառակը՝ դա նոր խնդիրներ է ստեղծում ոչ միայն անվտանգության, այլև տնտեսության, սոցիալ-տնտեսական ոլորտում։ Ներկայիս քաղաքականությունն արդեն իսկ որոշակի ռիսկ է ստեղծում։ Եթե Հայաստանը դուրս գա, արդեն ավելի լուրջ ռիսկ կառաջանա»։
Խալաթյանը կարծում է. «ՀԱՊԿ-ին անդամակցելը բխում է հենց Հայաստանի շահերից։ Հայաստանի և Ռուսաստանի երկկողմ դաշնակցային հարաբերություններում կուտակված բոլոր խնդիրներով հանդերձ՝ երբեմն նաև միանգամայն հիմնավորված, մի շարք հարցերի շուրջ Մոսկվային ուղղված օբյեկտիվ պահանջներով ու դժգոհություններով, ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալը երկրի անվտանգության համար լրացուցիչ լուրջ ռիսկ կստեղծի։ Եվ առայժմ բոլորովին չի երևում, թե ինչի կամ ում հաշվին են Հայաստանի իշխանությունները հաշվարկում փոխհատուցել Ռուսաստանի՝ որպես ռազմաքաղաքական դաշնակցի այդ կորուստը»։
Հայկ Խալաթյանի կարծիքով՝ Հայաստանի կորուստը Ռուսաստանի համար կդառնա ցավոտ հարված, բայց ոչ մահացու. դրանից կախված չի լինի Ռուսաստանի ապագան՝ լինել, թե չլինել. «Ավելին՝ Ռուսաստանը նույնիսկ կպահպանի տարածաշրջանի վրա այս կամ այն չափով ազդելու հնարավորությունը Վրաստանի, Ադրբեջանի կամ նույնիսկ ապագայում հենց իր՝ Հայաստանի միջոցով։ Այսպես թե այնպես Ռուսաստանը կվերադառնա Հարավային Կովկաս և կպահպանի իր ազդեցությունը, որն այսօր խիստ թուլացած է։ Իսկ ահա Հայաստանի համար այդ դաշնակցային հարաբերությունների կորուստը հղի է շատ ավելի լուրջ խնդիրներով։ Ահա թե որն է Հայաստանի և Ռուսաստանի միջև տարբերությունն ու դիսբալանսը այս հարաբերություններում»։
Զաբելա Ավագյան
