Կառավարությունը ե՞րբ կներկայացնի Կապսի ջրամբարի կառուցման և Ջրաձորի բնակիչների վերաբնակեցման հստակ ժամանակացույց
Շիրակի մարզի Ախուրյան գետի հովտում գտնվող Կապսի ջրամբարի կառուցումը և Ջրաձոր գյուղի ամբողջական վերաբնակեցումը Հայաստանի պատմության մեջ եզակի ծրագրերից են, քանի որ Երրորդ Հանրապետության տարածքում առաջին անգամ պետք է գյուղ կառուցվեր զրոյից։
2020թ․-ի օգոստոսի 27-ի կառավարության նիստում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը հայտարարել էր․ «Ջրաձորի վերաբնակեցումը պետք է արվի առաջին փուլի իրականացմանը զուգահեռ՝ պետական միջոցներով: Հետազոտությամբ գնահատվել են բոլոր գույքերը. 72 և ավելի տնտեսություն, շուրջ 350 բնակչի հնարավոր կլինի վերաբնակեցնել նոր տեղում, որը կլինի 60 մլն խմ-անոց ջրամբարի հարևանությամբ, տեղը նախնական ընտրված է: Ի սկզբանե վերաբնակեցման երկու տարբերակ է եղել. կամ բնակարանների գնման վկայագրեր տալ բնակիչներին, կամ նոր բնակավայր կառուցել: Ջրաձորի բնակիչները հակված են եղել ամբողջական վերաբնակեցմանը»:
Ջրաձորի շուրջ 350 բնակիչների համար հին գյուղից մոտ 2 կմ հեռավորության վրա նախատեսված է կառուցել բոլորովին նոր, ժամանակակից գյուղ՝ նորակառույց սեյսմակայուն տներով։ Ծրագրի ընդհանուր արժեքը գնահատվել է շուրջ 4․9-5 միլիարդ դրամ։ Նոր բնակավայրում նախատեսված են արդիական բնակելի տարածք, հետիոտնային կանաչ արահետներ, առանձնացված անասնապահական հատված և ժամանակակից ենթակառուցվածքներ։


Կապսի ջրամբարի կառուցման մասին համաձայնագիրը ստորագրվել էր Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամում 2023թ․-ի ապրիլին՝ ՀՀ կառավարության և գերմանական KfW բանկի միջև։ Ծրագրի բյուջեն կազմում էր 97,8 մլն եվրո, որից 68,5 մլն եվրոն KfW-ի վարկն էր, իսկ մյուս մասը պետք է համաֆինանսավորեր ՀՀ կառավարությունը։
2023թ․-ի մայիսի 17-ին տեղի ունեցավ Կապսի ջրամբարի պաշտոնական հիմնարկեքը, իսկ 2025թ․ դեկտեմբերին շինարարությունը կասեցվեց։ Պայմանագիրը խզելու գործընթաց է սկսվել չինական «Shanxi Construction Investment Group» ընկերության հետ՝ ժամանակացույցի խախտման պատճառով։


Դեռևս ԽՍՀՄ ժամանակաշրջանում Ջրաձոր գյուղը տեղափոխելու ծրագիր է եղել, սակայն Կապսի ջրամբարի՝ 1985թ․-ին մեկնարկած շինարարությունը դադարեցվել է 1988թ․-ի երկրաշարժից հետո։ Հետագա տարիներին Ջրաձորում բնակապահովման որևէ ծրագիր չի իրականացվել։ Ջրաձորցիները շուրջ 4 տասնամյակ անորոշ վիճակի մեջ են ապրել՝ կատարելով միայն տների կոսմետիկ վերանորոգման աշխատանքներ, քանի որ նրանց չեն թույլատրել տները կառուցապատել՝ հիմնավորելով, որ գյուղը տեղահանվելու է։ Երկրաշարժից հետո տները դարձել են վթարային, և բնակչության մի մասը լքել է գյուղը։



Այսօր Ջրաձորի բնակչության թիվը 350 է, սակայն գյուղում փաստացի բնակվում է 190 մարդ։ Կապսի ջրամբարի շինարարության մեկնարկը բնակիչների մոտ նոր հույսեր էր արթնացրել․ նրանք սպասում էին, որ տարիների անորոշությունն ավարտվելու է, և վերջապես կունենան նոր բնակավայր ու նոր բնակարան։ Շինարարության կասեցումը կրկին հիասթափեցրել է նրանց։

Արա Հարությունյան
Սակայն, Ջրաձոր բնակավայրի վարչական ղեկավար Արա Հարությունյանի պնդմամբ, անկախ ջրամբարի շինարարության ընթացքից, նոր գյուղը պետք է կառուցվի․ սպասում են ՀՀ կառավարության որոշմանը։ «Բոլոր նախագծերը պատրաստ են։ Խոսքը փոքր գումարի մասին չէ, նախնական 5 մլրդ դրամ գումար էր նախատեսված, սակայն այս փուլում գումարը կավելանա, և, բնականաբար, կառավարության նոր որոշում է պետք։ Դա մեծ գյուղ է՝ 74 տներով»,-Regions TV-ի հետ զրույցում հայտնեց Հարությունյանը։

Ռաֆիկ Գրիգորյան
Ինչպես նշում է Ջրաձոր գյուղի բնակիչ Ռաֆիկ Գրիգորյանը, իրենց խոստացել էին, որ արդեն ընթացիկ տարվա ամռանը նոր գյուղն ամբողջությամբ պատրաստ կլինի և բնակիչները կտեղափոխվեն։ «Ասել էին, որ շինարարության տևողությունը 67 ամիս է, սակայն դեռ չեն էլ սկսել։ Հիմա մեր տները չենք վերակառուցում, քանի որ տեղափոխման դեպքում դա անիմաստ ծախս կլինի»,-ընդգծում է Ռաֆիկ Գրիգորյանը։
Ջրաձորցի Հարություն Մկրտչյանն ավելացնում է՝ հոգնել ենք անվերջ սպասումներից, և քանի որ վթարային տներում այլևս անհնար էր բնակվելը, գյուղի բնակիչներից շատերը հեռացան։
2026 թվականն արդեն մոտենում է ավարտին, սակայն նոր Ջրաձորի կառուցման աշխատանքները դեռ չեն մեկնարկել։ Ջրաձորի բնակիչների համար առաջնայինը հստակ ժամկետների և երաշխիքների ապահովումն է։ Նշում են՝ գոնե իմանանք՝ ե՞րբ կկառուցվի նոր գյուղը և որքա՞ն դեռ պետք է սպասենք։
Կապսի ջրամբարի կառուցման խոստումը ևս ուժի մեջ է, սակայն դրա իրականացման հստակ ժամկետներ չկան։ Նոր մրցույթին ու նոր պայմանագրին սպասելու ընթացքում ժամանակն անցնում է։


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցրել է, որ Կապսի ջրամբարը կկառուցվի։ «Մենք մեր խոստումը այսպես թե այնպես կկատարենք ու կունենանք Կապսի ջրամբարը, ինչպես ունեցանք Վեդիի ջրամբարը»,- 2025թ․-ի դեկտեմբերի 25-ին ճեպազրույցի ընթացքում հայտարարեց Փաշինյանը։
Ավելի ուշ՝ 2026թ․-ի հունիսին, ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն իր հերթին հայտարարեց, որ նախագծի պատրաստ լինելուց և բոլոր փորձաքննություններն անցնելուց հետո կհայտարարվի նոր մրցույթ և նոր շինարարը կկարողանա սահմանված ժամկետում շահագործման հանձնել Կապսի ջրամբարը։ Ըստ նրա՝ ջրամբարի ծավալը նախատեսվում է մեծացնել շուրջ 2,5 անգամ՝ հասցնելով 60 մլն խորանարդ մետրի։ «Ամենայն հավանականությամբ 2027 թ․-ի առաջին կիսամյակի ընթացքում արդեն գետնի վրա աշխատանքներ կունենաք նոր շինարարի կողմից»,-վստահեցրել է ՏԿԵ նախարարը։
Հիշեցնենք՝ ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով տարբեր մարզերում նախատեսված է կառուցել 17 նոր ջրամբար, սակայն ավարտին է հասցվել ընդամենը 1-ի շինարարությունը։

Էդուարդ Մխիթարյան
