Հրապարակվել է Գարեգին Բ-ի եղբայր Գևորգ Ներսիսյանի և նրա որդու դատավճիռը
Գարեգին Բ-ի եղբայր Գևորգ Ներսիսյանի նկատմամբ դատարանի այսօրվա որոշմամբ 3 տարվա ազատազրկում է նշանակվել, ինչպես նաև որոշվել է պատիժը պայմանականորեն չի կիրառվել, նշանակվել է փորձաշրջան 2 տարի ժամկետով։ Դատարանի որոշմամբ Գևորգ Ներսիսյանին արգելվել է լքել ՀՀ տարածքն՝ առանց նրա նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմնի համաձայնության։
Նրա որդու՝ Համբարձում Ներսիսյանի նկատմամբ նշանակվել է ազատազրկում 3 տարի 5 ամիս ժամկետով և որոշվել է պատիժը հետաձգել՝ մինչև վերջինիս երեխան դառնա 6 տարեկան։
Գևորգ և Համբարձում Ներսիսյանները մեղավոր են ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով՝ խմբի կազմում նախընտրական քարոզչությանը խոչընդոտելու համար։
Ըստ մեղադրական եզրակացության՝ գործը վերաբերում է 2025 թվականի նոյեմբերին Արմավիրի մարզի Ոսկեհատ բնակավայրում տեղի ունեցած միջադեպին։ Նախաքննության տվյալներով՝ երբ «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչներն ու թեկնածուն Ոսկեհատում իրականացրել են նախընտրական քարոզչություն՝ տարածելով տպագիր նյութեր և պատրաստվելով ընտրողների հետ հանդիպմանը, Համբարձում Ներսիսյանը մոտեցել է նրանց և հնչեցրել հայհոյանքներ ու անպարկեշտ արտահայտություններ՝ քարոզարշավը խափանելու նպատակով։ Այնուհետև միջադեպին միացել է նաև նրա հայրը՝ Գևորգ Ներսիսյանը, և նրանք խմբի կազմում խոչընդոտել են նախընտրական քարոզչության բնականոն ընթացքը։
Նախաքննության և դատաքննության ընթացքում Ներսիսյաններն ու նրանց պաշտպանները չեն ընդունել առաջադրված մեղադրանքը՝ պնդելով, որ տեղի է ունեցել սովորական խոսակցություն, իսկ քրեական հետապնդումը որակել են որպես անհիմն և քաղաքական ճնշման դրսևորում։
