Եվրոպական երկրների առաջնորդներն ու ԵՄ ղեկավարությունը համատեղ հայտարարություն են տարածել Հայաստանի վերաբերյալ | Region

Եվրոպական երկրների առաջնորդներն ու ԵՄ ղեկավարությունը համատեղ հայտարարություն են տարածել Հայաստանի վերաբերյալ

Նոյեմբեր 13,2026 13:29

Եվրոպական առաջնորդներն ու ԵՄ բարձրագույն ղեկավարությունը համատեղ հայտարարությամբ վերահաստատել են իրենց աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը՝ ընդգծելով, որ քայլեր են ձեռնարկում Ռուսաստանի ճնշումներին դիմակայելու և Հայաստանի տնտեսական ու էներգետիկ գործընկերությունները դիվերսիֆիկացնելու ուղղությամբ։ Այս մասին ինչպես տեղեկանում ենք ԵՄ պաշտոնական կայքից։

ԵՄ հաղորդագրության համաձայն՝ Էստոնիայի, Ֆրանսիայի, Լատվիայի, Լիտվայի, Միացյալ Թագավորության առաջնորդներն ու ներկայացուցիչները և Միության արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչն Դուբլինում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում հանդիպել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Միանալով Գերմանիային, Նիդերլանդներին, Նորվեգիային, Լեհաստանին, Եվրոպական խորհրդի նախագահին և Եվրոպական հանձնաժողովի նախագահին՝ նրանք հանդես են եկել հետևյալ հայտարարությամբ.«Մենք վերահաստատում ենք մեր աջակցությունը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը, կայունությանը, անկախությանը և դիմակայունությանը։

Հինգ ամիս առաջ Հայաստանում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ։ Դրանք թույլ տվեցին հայ ժողովրդին հստակ ընտրություն կատարել հօգուտ խաղաղության, ժողովրդավարության և Եվրոպայի հետ ավելի սերտ կապերի՝ չնայած Ռուսաստանի կողմից բազմակողմանի միջամտությանը։

Այդ ժամանակվանից ի վեր Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի ուղղակի քաղաքական և տնտեսական ճնշումը միայն աճել է։ Ռուսաստանն աննախադեպ սահմանափակումներ է մտցրել հայկական արտահանման վրա և այժմ սպառնում է էներգակիրների մատակարարումներն օգտագործել որպես ահաբեկման միջոց։

Որպես պատասխան՝ մենք քայլեր ենք ձեռնարկում՝ հնարավորություն տալու Հայաստանին պաշտպանել իր ինքնիշխանությունը և ազատորեն ընտրել իր սեփական ճակատագիրը։ Մենք շարունակելու ենք աջակցել Հայաստանին տնտեսական գործընկերությունների դիվերսիֆիկացման գործում, մասնավորապես՝ առևտրի և էներգետիկայի ոլորտներում՝ հիմնվելով Եվրոպական Միության՝ դեպի ԵՄ հայկական արտահանման 80%-ի նկատմամբ մաքսատուրքերը կասեցնելու որոշման վրա։

Մենք ընդունում ենք հայ ժողովրդի եվրոպական ձգտումները և շարունակելու ենք աջակցել Հայաստանի ջանքերին՝ կառուցելու ծաղկուն և դիմակայուն ժողովրդավարություն ու բարգավաճ տնտեսություն, որոնք լիովին ինտեգրված են տարածաշրջանային կապուղիների ցանցերին և միջազգային առևտրային հոսքերին։

Մենք նաև սատարում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին և 2025 թվականի օգոստոսին Վաշինգտոնում կայացած հանդիպումից ի վեր արձանագրված զգալի առաջընթացին, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Մենք քաջալերում ենք հետագա ջանքերն այս ուղղությամբ՝ ի շահ Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդների և ավելի լայն տարածաշրջանի»։

Նորություններ