«Պուտինի և Ալիևի շահերը համընկնում են». Արմեն Վարդանյան
– Ադրբեջանական ապատեղեկատվության նոր ալիք Հայաստանի դեմ
– Ռուսաստանը շահագրգռված է ստատուս քվոյի պահպանմամբ, իսկ Ուկրաինայի պատերազմից հետո կմեծացնի իր ազդեցությունը Հարավային Կովկասում
– Ադրբեջանը ցանկանում է համոզել թուրքական կողմին, որ Հայաստանը տարածքային պահանջներ ունի Թուրքիայի նկատմամբ
Մեկնաբանելով Ադրբեջանի ապատեղեկատվությունը Հայաստանի կողմից նախիջևանյան ուղղությամբ ադրբեջանական բանակի դիրքերի գնդակոծության մասին՝ քաղաքագետ Արմեն Վարդանյանը REGIONSTV-ի հետ զրույցում նշեց, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մի քանի նպատակ է հետապնդում: «Նախ, Բաքուն փորձում է Հայաստանին մշտապես պահել լարվածության մեջ, իրեն ներկայացնել որպես զոհ և նախապատրաստվել Հայաստանի նկատմամբ նոր ագրեսիայի։ Երկրորդ՝ հարմար առիթի դեպքում հրահրել Հայաստանի հետ սահմանային հակամարտություն։ Ադրբեջանը որդեգրել է ապատեղեկատվություն տարածելու և լարվածությունը մեծացնելու քաղաքականություն՝ փորձելով կեղծ տեղեկատվական բազա ստեղծել Հայաստանի Հանրապետության դեմ նոր ագրեսիա իրականացնելու համար: Իր քաղաքականությունը «արդարացնելու» համար Ադրբեջանը շարունակում է Արեւմուտքում Հայաստանին ներկայացնել որպես ագրեսոր»:
Ըստ քաղաքագետի, Ադրբեջանում կարծում են, որ սահմանի նախիջևանյան այդ հատվածն ավելի խոցելի է, Բաքուն այսպես թե այնպես կկիրառի ռազմական ճնշման բոլոր միջոցները՝ իր նպատակներին հասնելու համար, այն է՝ Հայաստանի Սյունիքի մարզով Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապի ապահովումը: «Կարծում եմ՝ նրանք չեն կորցնում «Սյունիքի ճանապարհը» ստանալու հույսը կամ ուժով, կամ Հայաստանի կամավոր համաձայնությամբ։ Այդ պատճառով նրանք հաճախ ապատեղեկատվություն են տարածում և սպառնալիքներ հնչեցնում Հայաստանի հասցեին։ Իր հերթին, հունիսի 22-ին ՀՀ վարչապետի աշխատակազմն առաջարկել է սահմանային խախտման դեպքերը հետաքննելու համար ստեղծել Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ, ինչին Ադրբեջանը մինչ օրս չի արձագանքել, քանի որ Ադրբեջանը շահագրգռված չէ միջադեպերի հանգուցալուծմամբ»:
Տարածաշրջանում անկայունությունը ձեռնտու է միայն Ադրբեջանին և Ռուսաստանին, ընդգծում է Արմեն Վարդանյանը և հավելում. «հարեւան երկիրը՝ Իրանը, դրան վատ է վերաբերվում, նրան իր սահմանների մոտ լարվածության նոր օջախներ պետք չեն։ Բայց Իրանը Ռուսաստանին և Ադրբեջանին սանձազերծելու մեծ լծակներ չունի։ Ավելին, Ռուսաստանն ու Ադրբեջանը ցանկանում են Իրանին ներքաշել Հայաստանի դեմ առճակատման մեջ, փորձում են ամեն կերպ Թեհրանին տրամադրել Երևանի դեմ: Նույնիսկ այնպիսի լուրեր են տարածում, թե իբր ԵՄ դիտորդական առաքելությունը լրտեսական գործունեություն է ծավալում Իրանի դեմ»։
Կարելի՞ է ենթադրել, որ Ռուսաստանը ցանկանում է ակտիվ դերակատար դառնալ տարածաշրջանում: Հարցին փորձագետը պատասխանեց. «Ռուսաստանը երբեք չի թաքցրել, որ Հարավային Կովկասը, ինչպես և ողջ հետխորհրդային տարածքը, իր անմիջական շահերի տիրույթում է ընդգրկում։ Ընդհուպ մինչև վերջին տարիները Հայաստանը համարվում էր ՌԴ ամենամոտ դաշնակիցը տարածաշրջանում՝ լինելով ՀԱՊԿ և Մաքսային միության անդամ։ Նախագահ Պուտինն Ադրբեջան այցից հետո զանգահարել է Փաշինյանին և տեղեկացրել Ալիևի հետ բանակցությունների արդյունքների մասին: Օգոստոսի 28-ին Վլադիմիր Պուտինն Ալիևի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Անդրկովկասում տիրող իրավիճակը: Ինձ թվում է՝ Ռուսաստանը վերջին տարիներին խանդով է վերաբերվում այն փաստին, որ Արևմուտքն էլ է միջամտում բանակցային գործընթացին և ցանկանում է այդ գործընթացը տեղափոխել արևմտյան հարթակ՝ լինի դա Վաշինգտոն, թե Բրյուսել։ Ուստի Ռուսաստանն ամեն կերպ փորձում է հասնել նրան, որ բանակցային գործընթացն անցնի ռուսական հարթակներում և ողջ գործընթացը պահի իր ձեռքում։ Բացի այդ, Ռուսաստանը շանտաժի է ենթարկում Հայաստանին, որպեսզի դուրս չգա 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանագրից։ Ռուսաստանում կարծում են, որ ներկայումս եռակողմ պայմանավորվածություններին այլընտրանք չկա։ Ռուսաստանը շահագրգռված է այս փուլում ստատուս քվոյի պահպանմամբ, իսկ Ուկրաինայում պատերազմից հետո կավելացնի իր կորցրած ազդեցությունը Հարավային Կովկասում, որպեսզի Հայաստանը դուրս չգա Մոսկվայի ազդեցության գոտուց»
Ըստ Արմեն Վարդանյանի՝ Պուտինի և Ալիևի շահերը համընկնում են, նրանք իսկապես շատ հարցերում արդեն սինխրոն են գործում, համատեղ քննարկում են տարածաշրջանի կայունության, պատերազմի և խաղաղության հարցերը։ «Բաքվում, Պուտինի հետ բանակցություններից հետո, Ալիևը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը դաշնակիցներ ու գործընկերներ են, իսկ ամենակարևորը՝ ադրբեջանա-ռուսական հարաբերություններից է կախված ողջ Հարավային Կովկասի կայունությունը: Ի դեպ, Ռուսաստանն ու Ադրբեջանը դաշնակցային պայմանագիր են ստորագրել 2022 թվականին՝ Ուկրաինայում պատերազմի սկսվելուց 2 օր առաջ։ Իսկ 2011թ.-ին Ադրբեջանն ու Ռուսաստանը պայմանագիր էին կնքել, ըստ որի Ադրբեջանը 5 տարվա ընթացքում ստացել է 5 միլիարդ դոլարի զենք։
Նախկինում հայկական իսթեբլիշմենթը դրան մատների արանքով էր նայում, դրան մեծ նշանակություն չէր տալիս։ Հայկական էլիտան կարծում էր, որ սա առևտրային գործընթաց է, դա միայն բիզնես է, այլ ոչ թե դաշնակցային հարաբերություն։ Բայց իրականում արդեն ավելի քան 10 տարի Ադրբեջանն ու Ռուսաստանը դաշնակիցներ են, և մենք պետք է հաշվի առնենք այդ գործոնը»։
«Քանի դեռ Հայաստանը թույլ է և խոցելի, Ալիևը սպառնալիքների միջոցով կարող է նոր զիջումներ կորզել Հայաստանից։ Ռուսաստանը փորձում էր դրդել Ադրբեջանին հարձակվել Հայաստանի վրա, սակայն վերջին երկու տարիներին Ալիևին Հայաստանի վրա հարձակումից զերծ էր պահում ԱՄՆ պատժամիջոցների սպառնալիքը և Արևմուտքի հավաքական դիվանագիտական ճնշումը: Բաքուն այլևս չի վայելում ԵՄ-ի և ԱՄՆ-ի բարեհաճությունը, Ալիևը վախենում է լայնածավալ պատերազմից՝ արևմտյան պատժամիջոցների սպառնալիքի պատճառով։ Նա հսկայական եկամուտներ է ստանում նավթի, նավթամթերքի, գազի արտահանումից, և իր անձնական իշխանության հիմքը հանդիսացող բիզնեսը հարվածի տակ դնելու ռիսկին դժվար թե դիմի։ Դրա համար էլ հիմա Ալիևը սպասում է ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքներին։ Նա կարծում է, որ եթե ԱՄՆ-ում նախագահ ընտրվի Թրամփը, ապա իր ձեռքերը կազատվեն»,- կարծիք հայտնեց քաղաքագետը։
«Բաքուն գործում է նաև տեղեկատվական ճնշումների միջոցով։ Այսպես, վերջերս Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովը Անկարայում իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանը տարածքային հավակնություններ ունի նաև Թուրքիայի նկատմամբ. իրականում դա բլեֆ է։ Սակայն բոլոր նախագահները, այդ թվում՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, հայտարարել են, որ Հայաստանը տարածքային հավակնություններ չունի իր հարեւանների նկատմամբ՝ հաստատելով, որ Երևանի նպատակը տարածաշրջանում կայուն խաղաղության և կայունության հաստատումն է:
Ի դեպ, Թուրքիայի և Ադրբեջանի միջև լուրջ տարաձայնություններ են առաջացել։ Նախ, ԼՂ նկատմամբ Ադրբեջանի տարած հաղթանակի մեջ Թուրքիայի դերի մասին Էրդողանի հայտարարությունները հարվածեցին Ադրբեջանում ուժեղ առաջնորդի կերպարով հանդես եկող Ալիևի իմիջին։ Բացի այդ, Թուրքիան, ինչպես և Արևմուտքը, ցանկանում է հայ-ադրբեջանական հաշտության պայմանագրի շուտափույթ ստորագրում, որպեսզի կարողանա արագ և անարգել տարածել իր ազդեցությունը մինչև Միջին Ասիա, քանի դեռ Ռուսաստանը զբաղված է Ուկրաինայում։ Այս ֆոնին Ադրբեջանը տարբեր պատրվակներով ամեն ինչ անում է, որպեսզի փաստաթղթի ստորագրումը ձգձգվի։ Այս հարցում Թուրքիայի և Ադրբեջանի միջև նույնպես տարաձայնություններ կան։ Բայց երկու «եղբայրական երկրների» փոխհարաբերությունները նախկինի պես դաշնակցային են, այդ պատճառով Բայրամովն այցելել է Անկարա և իր թուրք գործընկերոջը վստահեցրել, որ Բաքվի գլխավոր դաշնակիցը Անկարան է, այլ ոչ թե Մոսկվան: Ադրբեջանը պետք է Թուրքիային, որովհետև Թուրքիան Ադրբեջանից էժան էներգառեսուրսներ, նավթ և գազ է գնում, իսկ Ադրբեջանը Թուրքիայից՝ շատ զենք«,- եզրափակեց քաղաքագետ Արմեն Վարդանյանը։
Զաբելա Ավագյան