«Բելառուսի կառավարման օրինակն իմ երկրի համար անընդունելի է»․ Սիմոնյանն արձագանքում է պաշտոնական Մինսկի բողոքի նոտային | Region

«Բելառուսի կառավարման օրինակն իմ երկրի համար անընդունելի է»․ Սիմոնյանն արձագանքում է պաշտոնական Մինսկի բողոքի նոտային

Մայիս 06,2026 12:48

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում արձագանքել է Բելառուսի ԱԳՆ-ի՝ ՀՀ դեսպանին հղված բողոքի նոտային, և արձագանքելով հարցին՝ արդյոք հայ-բելառուսական հարաբերությունները վտանգված չեն, ասել է․«Հայաստանի նկատմամբ, ՀԱՊԿ-ում գործընկերոջ նկատմամբ, Հայաստանի պետականության նկատմամբ անհարգալից վերաբերմունքն է վատացնում հարաբերությունները, Ադրբեջանի հետ 44-օրյա պատերազմ նախապատրաստելն է վատացնում հարաբերությունները»։

Սիմոնյանի խոսքով՝ քաղաքական կուրսն ամեն պետության ընտրության հարց է․« Հայաստանի Հանրապետության համար մարդու իրավունքները, ազատությունները կարևորագույն արժեքներ են, և կարծում եմ՝ ամեն պետություն իր օրինակն է ընտրում։ Մենք ընտրել ենք ՀՀ ժողովրդավարացման ճանապարհը, իրենք՝ մի քիչ այլ ճանապարհ են ընտրել»։

Հիշեցնենք, որ մայիսի 5-ին Բելառուսի ԱԳՆ է կանչվել Բելառուսում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Արթուր Սարգսյանը։ Ըստ Բելառուսի ԱԳՆ-ի՝«հայ դիվանագետին ներկայացվել է խիստ բողոք և հանձնվել համապատասխան նոտա՝ կապված հայկական կողմի վերջին ոչ բարեկամական գործողությունների հետ»։

Այդ երկրի արտաքին գործերի գերատեսչությունը չի նշել, թե որն է բողոքի նոտայի պատճառը։

Բելառուսական լրատվամիջոցները գրում են, որ այս բողոքի նոտան կապված է ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի հայտարարության հետ, ինչպես նաև «Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին» Բելառուսի ընդդիամդիր գործիչ, ժողովրդավարական ուժերի առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայայի մասնակցությունը։

Հիշեցնենք, որ մայիսի 3-ին Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Բելառուսն անվանել է «Ռուսաստանի նահանգ»․ նա ասել է, որ «թույլ չենք տալու Հայաստանը դարձնեն գուբերնիա, Հայաստանը չպետք է կառավարվի այնպես, ինչպես Բելառուսը»։

Սիմոնյանի հայտարարությանն արձագանքել էր Բելառուսի արտաքին գործերի նախարարությունը, նշելով՝ ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան նախընտրական պոպուլիզմ և սեփական ընտրազանգվածին ներքին լուրջ խնդիրներից շեղելու հուսահատ փորձ։

Սիմոնյանն այսօր անդրադառնալով իր ավելի վաղ արած հայտարարությանն, ասել է․«Հայաստանը ծայրագավառ չի լինելու, Հայաստանը քաղաքական կախվածության մեջ լինելու, Հայաստանն իր քաղաքական ինքնիշխանության մակարդակը բոլոր առումներով բարձրացնելու է, և Բելառուսի կառավարման օրինակն իմ երկրի համար, իմ համար անընդունելի է։ Հայաստանը ազատ երկիր է՝ իր ազատ մեդիաներով, մարդու իրավունքներով և օրենքի գերակայությամբ»։

Նորություններ