Արա Պողոսյան.«Ադրբեջանի համար տնտեսական կապերը Հայաստանի վրա ազդելու լրացուցիչ լծակ են»
Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի Հայաստան կատարած այցի շրջանակներում, թե կողմերն ինչ են քննարկել, կողմերն ինչ առաջարկներ կամ պահանջներ են միմյանց ներկայացրել, շատ տեղեկություններ չկան, մանրամասները չեն հաղորդվում։ Միայն պաշտոնական հաղորդագրությամբ հայտնել են, որ սահմանազատման ու գործարար համագործակցության հնարավորության մասին հարցեր են քննակել։
Քաղաքագետ Արա Պողոսյանը RegionsTV-ի հետ զրույցում ասում է, որ դժվար է Մուստաֆաևի այցի մասին խորությամբ որևէ վերլուծութուն անել։
«Ես ձեռնպահ կմնամ Ադրբեջանի փոխվարչապետ Մուստաֆաևի՝ Հայաստան կատարած այցին վերջնական գնահատական տալ, քանի որ նախ պետք է պատասխանել երեք հարցի՝ ինչո՞ւ է նա եկել (իրականում), ինչպե՞ս է խոսել և ի՞նչ է առաջարկել։ Ես այդ հարցերի պատասխանները չունեմ»,- ասաց քաղաքագետը՝ մեկնաբանելով ադրբեջանական պատվիրակության այցը։
Նա ընդգծեց է, որ այցի մասին ամբողջական պատկերացում կազմելու համար անհրաժեշտ է պարզաբանել երեք հիմնական ասպեկտ՝ այցի իրական դրդապատճառները, անցկացված բանակցությունների բնույթը և ադրբեջանական կողմի առաջ քաշած կոնկրետ առաջարկները։ Այս տեղեկատվության պակասը, քաղաքագետի կարծիքով, թույլ չի տալիս վերջնական եզրակացություններ անել տվյալ իրադարձության նշանակության և հետևանքների մասին։
Հիշեցնենք, որ ապրիլի 29-ին Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունն այցելել էր Հայաստան։ Աղվերանում տեղի էին ունեցել պետական սահմանի սահմանազատման հարցերով երկկողմ հանձնաժողովի բանակցությունները՝ փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի նախագահությամբ, որոնց արդյունքում ստորագրվել էր 13-րդ նիստի արձանագրությունը։
Սահմանազատման աշխատանքների քննարկումը
Ինչպես հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից, Հայաստանն ու Ադրբեջանը քննարկել են երկու երկրների միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցեր։ Կողմերը համաձայնեցրել և փոխանակել են սահմանազատման աշխատանքների իրականացման կարգի վերաբերյալ հետևյալ ուղեցույցների նախագծերի տեքստերը.
- «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ընթացքում սահմանազատման փորձագիտական խմբերի աշխատանքի կարգի մասին ուղեցույց»,
- «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման քարտեզի ստեղծման կարգի մասին ուղեցույց»,
- «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման փաստաթղթերի ձևակերպման և հրատարակման կարգի մասին ուղեցույց»:
Կողմերը համաձայնության են եկել դիմել իրենց կառավարություններին՝ ուղեցույցների համապատասխան հաստատման համար։
Ապրիլի 30-ին լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի հստակեցրել սահմանազատման փաստաթղթերի հաստատման կոնկրետ ժամկետը՝ աշխատանքները սկսելու համար։ Միևնույն ժամանակ, նա չի հստակեցրել՝ արդյո՞ք սահմանազատման աշխատանքները նախ կիրականացվեն TRIPP-ի (Տրանսպորտային միջանցքի) երկայնքով, իսկ հետո՝ այլ ուղղություններով։
Առայժմ պարզ չէ, թե սահմանազատման աշխատանքները որ հատվածում կշարունակվեն։
Արա Պողոսյանը կարծում է, որ տվյալ դեպքում իրավաբանորեն սահմանազատված սահմանների առկայությունը պարտադիր պայման չէ, քանի որ տեխնիկապես նրանք կարող են հենվել փաստացի վերահսկվող սահմանների վրա՝ մինչև սահմանազատման աշխատանքների ավարտը․ «Հաշվի առնելով այն փաստը, որ առնվազն կողմերից մեկը՝ Ադրբեջանը, հավակնություններ ունի Հայաստանի նկատմամբ, չեմ բացառում, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ մտահոգությունը կարող է ստիպել Բաքվին հարկադրել Հայաստանի գործող իշխանություններին հանձնել այն տարածքները, որոնց հավակնում է Ադրբեջանը։ Ուստի կարծում եմ՝ սա իրատեսական սցենար է՝ Ադրբեջանի որոշումը՝ սահմանի որոշ հատվածներում իրականացնել սահմանագծման և սահմանազատման աշխատանքներ»։
Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան բեռնափոխադրումների ավելացումը
Մուստաֆաևի՝ Հայաստան այցի ընթացքում, ինչպես հայտնել է ՀՀ ԱԳՆ-ն, տեղի է ունեցել նաև կողմերի գործարար շրջանակների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկում առևտրատնտեսական համագործակցության զարգացման, ապրանքների և ծառայությունների փոխադարձ մատակարարումներին, ինչպես նաև տարանցիկ փոխադրումներին վերաբերող հարցերի շուրջ»։
Ադրբեջանական մամուլում տեղական պաշտոնյաները կարծիք են հայտնել, որ TRIPP-ի փաստացի շահագործումը կհանգեցնի Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան բեռնափոխադրումների ավելացմանը, և երկու երկրներն էլ ավելի մեծ եկամուտներ կստանան միջազգային բեռնափոխադրումներից։ Այս առնչությամբ Պողոսյանը նշեց, որ դեռ չի հանդիպել որևէ համապարփակ հետազոտության, որտեղ լիներ կանխատեսվող փոխադրումների, դրանց ծավալի և ենթադրյալ եկամուտների քանակական կամ գոնե որակական վերլուծություն․«Ավելին, որպես շահառուներ այս պահին հանդես են գալիս միայն Թուրքիան և Ադրբեջանը, իսկ միջինասիական այս կամ այն երկրի, մասնավորապես Ղազախստանի հայտարարությունը դեռևս հիմք չէ ենթադրելու համար, որ այս նախագիծը կդառնա մեգանախագիծ, ինչպես այն ներկայացվում է»։
Նրա կարծիքով՝ օգուտների մասին հայտարարությունները չունեն ապացուցողական հենք և սոսկ թվացյալ թեզեր են։ «Սա քաղաքական ծրագիր է, որի նպատակն էր բավարարել Ադրբեջանի պահանջներն այնպես, որ որևէ կերպ «չնեղացնեն» Հայաստանին, քանի որ հակառակ դեպքում TRIPP-ի համար պարզապես անիմաստ կլիներ Հայաստանի ինքնիշխանության մի մասը զիջել (վարձակալության հիմունքներով) երրորդ պետության (և այդ 99 տարին Ադրբեջանին՝ որպես ալիբի)»,- ընդգծել է քաղաքագետը։
Հայաստանից Ադրբեջան ապրանքների արտահանման համար խոչընդոտներ չկան
Հիշեցնենք Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ նոյեմբերից սկսած Ադրբեջանի տարածքով Հայաստան է մտել շուրջ 26 հազար տոննա բեռ։ Նա պարզաբանել է, որ այսուհետ Հայաստանի և Ադրբեջանի գործարարները կարող են աշխատել միմյանց հետ ուղղակիորեն, և չկան որևէ քաղաքական կամ տեխնիկական պատնեշներ, որևէ խոչընդոտ Հայաստանից Ադրբեջան ապրանքների արտահանման համար։ Ավելին, կողմերն արդեն փոխանակել են ապրանքների ցանկերը, և վարչապետը հույս ունի, որ հայկական արտադրանքի արտահանումը Ադրբեջան տեղի կունենա մոտ ժամանակներս։
Նաև հավելենք, որ «APA» գործակալությունը, առանց մանրամասների, հայտնել էր, որ Ադրբեջանի տարածքով երեկ Հայաստան է ուղարկվել ռուսական հացահատիկ և պարարտանյութեր։
Խոսելով Հայաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարի մասին՝ Արա Պողոսյանն ասաց՝ քանի որ ես տնտեսագետ չեմ, չեմ կարող մասնագիտական գնահատական տալ հայ-ադրբեջանական տնտեսական ակտիվությանը և դրա պոտենցիալին․«Բայց, առնվազն Ադրբեջանի համար, էներգետիկ կախվածության առաջացումը Հայաստանի վրա ուժի պրոյեկտման միջոց է, որն այս կամ այն իրավիճակում կդառնա ազդեցության լրացուցիչ գործիք Ադրբեջանի ձեռքում»։
Քաղաքագետը համարում է, որ «դժվար է գնահատել Հայաստանի տնտեսական շահերը՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանը հայկական ապրանքների համար արդյունավետ արտահանման ուղղություն չէ, իսկ ադրբեջանական շուկան ցածր գնողունակությամբ շուկա է՝ ի տարբերություն ռուսական կամ եվրոպական շուկաների․«Հայաստանն Ադրբեջանի համար, ինչպես արդեն նշեցի, ուժի պրոյեկտման (Power projection) օբյեկտ է՝ կախվածություն առաջացնելով և այդ կախվածությունը որպես ազդեցության լծակ օգտագործելով։ Իսկ ահա Հայաստանի համար, թերևս, համագործակցության միակ արժեքն այն կլինի, որ շատ հայեր, ի վերջո, որպես էմպիրիկ նյութ, կտեսնեն ու կճանաչեն ադրբեջանցու իրական տեսակը»։
Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները մշտապես բարելավվում են
Արա Պողոսյանն ընդգծեց է, որ Փաշինյանի հայտարարությունը հայ-ադրբեջանական հարաբերությունների մշտական բարելավման և ռազմավարական առումով բարիդրացիական հարաբերությունների հաստատման անհրաժեշտության մասին վկայում է այն մասին, որ նա հաշվի չի առնում Ադրբեջանի խորը արմատացած ցանկություններն ու նպատակները։
Քաղաքագետը կասկածանքով է վերաբերվում ադրբեջանական կողմի մտադրությունների անկեղծությանը և հղում է անում պատմական համատեքստին, որը թելադրում է այլ՝ ավելի ագրեսիվ քաղաքականություն։
«Այս հայտարարությունը ցույց է տալիս, որ հայ-ադրբեջանական հարաբերություններն ուղեկցվում են անվստահության մթնոլորտով՝ պայմանավորված Ադրբեջանի կողմից վարվող պատմական ռևիզիոնիզմով և էքսպանսիոնիստական (ծավալապաշտական) միտումներով»,-եզրափակեց է Արա Պողոսյանը։
Զաբելա Ավագյան
