Գործընկերության աննախադեպ խորացում, ՀՀ-ԵՄ գագաթնաժողով, Երևանի եվրոպական հեռանկարներ. ԵՄ դեսպանի հարցազրույցը | Region

Գործընկերության աննախադեպ խորացում, ՀՀ-ԵՄ գագաթնաժողով, Երևանի եվրոպական հեռանկարներ. ԵՄ դեսպանի հարցազրույցը

Մայիս 02,2026 20:06

Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև հարաբերություններն առավել մոտ են, քան երբևէ. ահա այսպիսի գնահատականի է արժանացրել Հայաստանում Եվրամիության դեսպան Վասիլիս Մարագոսը՝ բնութագրելով երկկողմ հարաբերություններն ու ընդգծելով, որ այդ համագործակցությունը հիմնված է ընդհանուր արժեքների, ապագայի ընդհանուր տեսլականի և Հայաստանի ինքնիշխան ընտրության նկատմամբ հստակ հարգանքի վրա։

Դեսպանի բնորոշմամբ՝ Բրյուսելը ոչ միայն քաղաքական աջակցություն է ցուցաբերում, այլ նաև իրականացնում է շոշափելի ներդրումներ, որոնք ուղղված են Հայաստանի տնտեսության, ենթակառուցվածքների և անվտանգության ամրապնդմանը՝ նպատակ հետապնդելով ապահովել իրական արդյունքներ ՀՀ քաղաքացիների համար։

«Արմենպրես»-ի թղթակցին տված հարցազրույցում Հայաստանում ԵՄ դեսպանը մանրամասն անդրադարձ է կատարել մի շարք առանցքային թեմաների՝ մասնավորապես Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների աննախադեպ զարգացմանը, Հայաստանի եվրոպական հեռանկարներին, Հայաստանի համար մայիսի 4-ին և 5-ին Երևանում համապատասխանաբար անցկացվելիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի և Հայաստան-Եվրամիություն գագաթնաժողովի կարևորությանը, Հարավային Կովկասում հաստատված խաղաղությանը և մի շարք այլ հարցերի:

Հարցազրույց ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի հետ

Վասիլիս Մարագոսը նաև շեշտում է, որ Հայաստանն այսօր փաստացի հայտնվել է եվրոպական քաղաքական ուշադրության կենտրոնում, և Երևանում կայանալիք առաջիկա գագաթնաժողովներն էլ հենց վկայությունն են այն հանգրվանի, որին հասել են Երևանն ու Բրյուսելը: Դեսպանը մատնանշում է՝ երկկողմ համագործակցությունն արդեն դուրս է եկել իր սկզբնական շրջանակներից և շարունակում է ընդարձակվել՝ ընդգրկելով նոր ոլորտներ։ 

–  Ձերդ գերազանցություն, հաշվի առնելով Հայաստանի և Եվրոպական միության միջև հարաբերությունների և գործընկերության վերջին աննախադեպ խորացումն ու զարգացումը, ինչպե՞ս եք գնահատում Հայաստան-Եվրոպական միություն երկխոսության ներկայիս մակարդակը։

–  Եվրոպական միության և Հայաստանի միջև հարաբերություններն ավելի մոտ են, քան երբևէ։ Մեր համագործակցությունը հիմնված է ընդհանուր արժեքների, ապագայի ընդհանուր տեսլականի և գործընկերների ընտրության հարցում Հայաստանի ինքնիշխան իրավունքի նկատմամբ հստակ հարգանքի վրա։ ԵՄ-ն կանգնած է Հայաստանի կողքին՝ օգնելով   ամրապնդել անվտանգությունը, բարեկեցությունը և կայունությունը, որը  Հայաստանի ժողովրդի համար կապահովի իրական արդյունքներ:

Գործնականում դրանք ընդլայնվում և շարունակաբար խորանում են: 270 միլիոն եվրո ընդհանուր արժողությամբ «Դիմակայունության և աճի» ծրագրի միջոցով մենք կատարում ենք ուղղակի ներդրումներ Հայաստանի տնտեսության և բիզնեսի ոլորտներում՝ աջակցելով հայկական ընկերություններին աճել, նորարար դառնալ և մուտք գործել նոր շուկաներ։  Ակնկալվում է, որ «Գլոբալ դարպասներ» ռազմավարության շրջանակում Հայաստանում Եվրոպական միության ներդրումները կհասնեն 2.5 միլիարդ եվրոյի և ուղղված կլինեն ճանապարհային և երկաթուղային կապուղիների, էլեկտրաէներգետիկ համակարգերի և էներգետիկ ենթակառուցվածքների զարգացմանը՝ ընդլայնելով Հայաստանի առևտրային ուղիները, բազմազանեցնելով գործընկերների շրջանակը և նվազեցնելով կախվածությունը մեկ մատակարարից։ Դրանք կլինեն ոչ թե վերացական քաղաքական ժեստեր, այլ գործնական նախագծեր, որոնք կբարելավեն քաղաքացիների կենսապայմանները և տնտեսական հնարավորությունները:

Դեկտեմբերի 2-ին,  ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի շրջանակներում ստորագրվել է «ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգ» փաստաթուղթը, որը սահմանում է մի շարք հավակնոտ առաջնահերթություններ, որոնք առաջիկա տարիներին կուղղորդեն մեր համագործակցությանը։  Կարևոր է ընդգծել, որ գործնականում մենք արդեն իսկ իրականացնում ենք այդ օրակարգը, մասնավորապես՝ վիզաների ազատականացման գործընթացի շրջանակում իրականացվող մեր աշխատանքով, որի նպատակն է՝ սահմանված հենանիշների ամբողջական կատարման պարագայում, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին հնարավորություն ընձեռել առանց վիզայի կարճատև (մինչև 90 օր) ուղևորություններ իրականացնել դեպի Եվրոպական միություն և Շենգենյան գոտի, անվտանգության ոլորտում մեր համագործակցությամբ, ինչպես նաև ներդրումներին և տնտեսական զարգացմանը ցուցաբերվող աջակցությամբ։ Այս համատեքստում, օրինակ, Սյունիքի մարզում  «Եվրոպայի թիմ՝ դիմակայուն Սյունիք» ծրագրի շրջանակում ԵՄ անդամ պետությունների հետ համատեղ իրականացնում ենք տեղական ենթակառուցվածքների զարգացմանը, մասնավոր հատվածի, գյուղատնտեսության, մարդկային կապիտալի և զբոսաշրջության խթանմանն ուղղված նախաձեռնություններ:

Հայաստանում Եվրոպական միության առաքելության (ՀԵՄԱ) ավելի քան 200 հոգանոց անձնակազմի միջոցով ապահովում ենք շարունակական և տեսանելի ներկայություն հակամարտությունից տուժած սահմանամերձ համայնքներում։ Առաքելության ներկայությունը նպաստում է կայունության ամրապնդմանը՝ այդ տարածքների բնակիչների շրջանում ձևավորելով անվտանգության  կարևոր վստահություն։ Միաժամանակ, հարկ եմ համարում ընդգծել, որ առաքելության գործունեությանն առնչվող յուրաքանչյուր հաղորդված միջադեպ ենթարկվում է պատշաճ ստուգման և փաստաթղթավորման, ապա ներկայացվում է Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմիններին։ Առաքելությունը գործում է լիակատար թափանցիկությամբ՝ խստորեն համապատասխանելով իր քաղաքացիական մանդատին:

Վերջերս ԵՄ խորհրդի կողմից հաստատվեց Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելություն՝ Հայաստանում ԵՄ գործընկերային առաքելություն տեղակայելու մասին որոշումը:  Առաքելությունը կաջակցի Հայաստանին պայքարել սպառնալիքների, այդ թվում՝ ապատեղեկատվության, կիբեռհարձակումների և անօրինական ֆինանսական հոսքերի դեմ: Մասնավորապես, Հայաստանում ԵՄ գործընկերային առաքելությունը ռազմավարական և գործառնական խորհրդատվության, ինչպես նաև տարբեր նախարարությունների և պետական հաստատությունների կարողությունների զարգացման միջոցով՝ կտրամադրի աջակցություն հասարակության և պետական  մարմինների առջև ծառացած սպառնալիքներին դիմակայելու քաղաքականության մշակման հարցում: ԵՄ գործընկերային առաքելությունը տեղակայվում է Հայաստանի Հանրապետության իշխանությունների դիմումի հիման վրա և գործելու է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունից լիովին անկախ՝ առանձին մանդատի շրջանակում:

ԵՄ–ՀՀ հարաբերությունները չեն սահմանափակվում քաղաքական և տնտեսական ոլորտներով․ դրանց հիմքում մարդակենտրոն մոտեցումն է։ Հայաստանը հարուստ և ինքնատիպ մշակութային ժառանգություն ունեցող երկիր է, որն ունի զարգացող ստեղծագործական արդյունաբերություններ և մասնագիտացված զբոսաշրջության զգալի ներուժ, որի զարգացմանը մենք ևս աջակցում ենք:

Մայիսի 5-ին կայանալիք ԵՄ–ՀՀ գագաթնաժողովը ևս մեկ կարևոր հանգրվան է երկկողմ հարաբերությունների զարգացման ճանապարհին։ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովից մեկ օր անց՝ Երևանում կայանալիք ԵՄ-Հայաստան երկկողմ գագաթնաժողովը, Հայաստանը բերում է եվրոպական քաղաքական քննարկումների կիզակետ՝ արտացոլելով, թե որտեղ են հասել մեր հարաբերությունները։ Վերջին հաշվով, կայուն և բարեկեցիկ Հայաստանը լավ է Հայաստանի քաղաքացիների համար, լավ է տարածաշրջանի համար և լավ է Եվրոպայի համար:

Հարցազրույց ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի հետ

– 2023 թվականից ի վեր Դուք ղեկավարում եք Հայաստանում ԵՄ պատվիրակությունը և քաջատեղյակ եք երկրում տեղի ունեցող իրադարձություններին ու գործընթացներին: Որո՞նք են Ձեր՝ որպես Հայաստանում ԵՄ դեսպանի հիմնական առաջնահերթությունները։

– Իմ հիմնական առաջնահերթությունը Հայաստանի և Եվրոպական միության միջև հարաբերությունների համակողմանի ամրապնդումն է։ Կարող եմ գոհունակությամբ արձանագրել մեր առաջընթացի մասին։ Միաժամանակ ցանկանում եմ հստակ ընդգծել, որ այս գործընկերությունը ձևավորվել է համատեղ ջանքերով։ Յուրաքանչյուր քայլ արտացոլում է Հայաստանի ինքնուրույն ընտրությունը, և երբ Հայաստանը դիմել է աջակցության համար, Եվրոպական միությունը եղել է նրա կողքին:

Հատուկ ուշադրություն է հատկացվել վիզաների ազատականացման գործընթացին, որը կարևոր է Հայաստանի քաղաքացիների համար, նրանց՝ ճանապարհորդելու, կրթության, աշխատանքի և Եվրոպայի հետ կապեր հաստատելու հնարավորությունների տեսանկյունից: Հատկապես ուրախ եմ նշել, որ այս երկխոսությունը մեկնարկել է երկկողմանի նշանակալի քաղաքական մեծ կապիտալի շնորհիվ: Կցանկանայի նաև ընդգծել, որ ԵՄ անդամ պետությունները սկզբից ի վեր ցուցաբերել են բարձր հանձնառություն՝ ամբողջ գործընթացում լինելով  Եվրոպական հանձնաժողովի ուղեկիցը: 2024 թվականին երկխոսության մեկնարկից ի վեր արձանագրվել է շոշափելի և կայուն առաջընթաց: Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրով սահմանված հենանիշների ամբողջական կատարման և բարեփոխումների թափի պահպանման դեպքում առանց վիզայի կարճատև ուղևորությունները առաջիկա տարիներին կդառնան իրատեսական հեռանկար։ Վերջին հաշվով դա լինելու է Եվրոպական միության կառույցների և ԵՄ անդամ պետությունների համատեղ որոշման արդյունքում է և չի հանդիսանալու որևէ կոնկրետ կառավարության կամ ընտրական գործընթացների արդյունքներով պայմանավորված քաղաքական պարգև։ Առանց վիզայի կարճատև ճանապարհորդությունները զգալիորեն կհեշտացնեն Հայաստանի քաղաքացիների այցելությունները Շենգենյան գոտում գտնվող ընտանիքի անդամներին, մասնակցությունը միջազգային համաժողովներին և կարճաժամկետ կրթական ծրագրերին, ինչպես նաև զբոսաշրջության և գործարար հնարավորությունների ուսումնասիրությունը:

Մայիսի 5-ին կայանալիք գագաթնաժողովի շրջանակում կհրապարակվի Վիզաների  ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման  առաջընթացի վերաբերյալ առաջին զեկույցը, և ինչպես մարտին Երևան կատարած այցի ժամանակ նշել էր  ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրունները, բարեփոխումների թափը պահպանելու պարագայում առանց վիզայի ճանապարհորդելն առաջիկա տարիներին իրատեսական հեռանկար է:  Դրան զուգահեռ, մենք աշխատել ենք թափ հաղորդելու տրանսպորտի, էներգետիկայի, տեղական ենթակառուցվածքների և մասնավոր հատվածի ուղղությամբ ներդրումների իրականացմանը Հայաստանի կառավարության և ֆինանսական հաստատությունների հետ համատեղ ստեղծված հարթակի միջոցով:

Բացի այդ, ես ակտիվորեն ներգրավվել եմ խաղաղության և կարգավորման  օրակարգի աջակցությանը: Հայաստանում ԵՄ առաքելությունը (ՀԵՄԱ) և ԵՄ հատուկ ներկայացուցչի աշխատանքը, ով անմիջականորեն համագործակցում է հայ և տարածաշրջանային գործընկերների հետ խաղաղության գործընթացի և կապակցվածության հարցերով, նույնպես կենտրոնական դեր են խաղացել ԵՄ ջանքերում: Առաջ նայելով՝ միջտարածաշրջանային կապակցվածությունը  կդառնա ավելի ու ավելի որոշիչ առաջնահերթություն։ Հայերի համար դա կնշանակի նոր առևտրային միջանցքներ, ավելի հուսալի՝ ավելի ցածր արժեքով էներգիա, և թվային ենթակառուցվածքներ, որոնք դուռ կբացեն բիզնեսի և երիտասարդների համար։ Այս համատեքստում կապակցվածության օրակարգի ներուժը, ինչպես նաև միջտարածաշրջանային կապակցվածության ոլորտում մեր կողմից իրականացվող նոր ներդրումները՝ ոչ միայն տրանսպորտի, այլև էներգետիկայի, թվային տեխնոլոգիաների և արժեքային շղթաների ինտեգրման առումով միայն օգուտ կբերեն Հայաստանին, հայկական բիզնեսին և քաղաքացիներին՝ ստեղծելով նոր հնարավորություններ։

Միաժամանակ, ցանկանում ընդգծել մասնավոր հատվածին ցուցաբերվող մեր աջակցությունը՝ վերջին երկու տարիների ընթացքում հատկապես նշանակալի է: ԵՄ-ի կողմից մասնավոր հատվածում իրականացված ներդրումները գերազանցել են 400 միլիոն եվրոն, իսկ միայն 2024 թվականին դրանք նպաստել են Հայաստանի տնտեսությունում, մասնավորապես՝ փոքր և միջին ձեռնարկությունների որորտում, ավելի քան 27,000 աշխատատեղերի ստեղծմանը։ Միաժամանակ, ԵՄ աջակցություն ստացած կազմակերպությունները գրանցել են արտահանումների 7.2% աճ։

Ցանկանում եմ նաև ընդգծել ԵՄ անդամ պետությունների դերը. մենք ունենք ուժեղ «Եվրոպական Թիմ»՝ Երևանում ավելի ու ավելի շատ դեսպանատներ են բացվում, վերջին երկուս ու կես տարիների ընթացքում ականատես ենք եղել ԵՄ պետությունների երեք նոր դեսպանատների բացմանը, ինչը վկայում հարաբերությունների ամրության մասին:

Մեր բոլոր ջանքերի ընթացքում ես և իմ թիմը առավելագույն ուշադրություն ենք դարձրել այն բանին, որ մեր աշխատանքը հասանելի դարձնենք մարդկանց, ում համար այն նախատեսված է: Ահա թե ինչու, ԵՄ անդամ պետությունների հետ միասին, մենք նաև մեկնարկել ենք մշակութային երկխոսություն, որը միավորում է հայ և եվրոպացի մշակութային գործիչներին, խթանում է Հայաստանի ուշագրավ ժառանգությունը և խթանում արվեստի ոլորտում փոխանակումները: Հայաստանն ունի առանձնահատուկ ազգային մշակույթ, որը կազմում է մեր  ընդհանուր եվրոպական ժառանգության բաղկացուցիչ մասն է, և մեզ համար կարևոր է դա կոնկրետ կերպով արտացոլել:

Հարցազրույց ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի հետ

– Ձեր կարծիքով, ի՞նչն է նպաստել կամ խթանել Հայաստանի և Եվրոպական միության միջև գործընկերության զարգացման այս մակարդակը, և ի՞նչ հեռանկարներ եք տեսնում Հայաստան-ԵՄ կապերի խորացման համար առաջիկա տարիներին։

– Վերջին տարիներ ԵՄ–ՀՀ հարաբերությունների խորացումնն արտացոլում է շահերի և արժեքների խորքային համընկման մասին։ Հայաստանը հստակորեն արտահայտել է Եվրոպական միության հետ առավել սերտ կապերի հաստատման իր ցանկությունը, և ԵՄ-ն դրան արձագանքել է հետևողական աջակցությամբ, հանձնառությամբ և կոնկրետ ներդրումներով։ Այս համադրությունը՝ երկու կողմերի քաղաքական կամքի և գործընկերության զարգացման հեռանկարների վերաբերյալ ընդհանուր ընկալման հետ մեկտեղ, հանդիսացել է այս դրական դինամիկայի հիմնական շարժիչ ուժը։ Առաջընթացի հետագա ուղին պայմանավորված է այն համատեղ աշխատանքով, որը շարունակվում է բարեփոխումների իրականացման, ՀԸԳՀ համաձայնագրի  կյանքի կոչման և 2025 թվականի դեկտեմբերին ընդունված ԵՄ–ՀՀ գործընկերության ռազմավարական օրակարգ փաստաթղթի շրջանակում։

Առաջ նայելով՝ հիմքերը ամուր են։ Վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը, անվտանգության ոլորտում համագործակցության խորացումը, ինչպես նաև կապակցվածության և տնտեսական կայունության ուղղությամբ իրականացվող ներդրումները վկայում են հարաբերությունների այն մակարդակի մասին, որը զգալիորեն առաջ է անցել իր սկզբնական փուլից և շարունակում է ընդլայնվել՝ ներառելով  նոր ոլորտներ։ Մայիսի 5-ին կայանալիք ԵՄ–Հայաստան գագաթնաժողովը հնարավորություն կընձեռի ամփոփելու ձեռք բերված առաջընթացը և նախանշելու ապագա օրակարգը:

Հարցազրույց ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի հետ

– 2025 թվականի դեկտեմբերին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը ստորագրեցին Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգ փաստաթուղթը: Ինչպե՞ս եք գնահատում այս փաստաթուղթը և ի՞նչ դեր ունի ՀԸԳՀ-ն  այս համատեքստում:

– 2025 թվականի դեկտեմբերի 2-ին Գործընկերության խորհրդում ընդունված ԵՄ–ՀՀ գործընկերության ռազմավարական օրակարգը կարևոր փաստաթուղթ է, քանի որ այն հստակ և հավակնոտ կերպով սահմանում է երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման հիմնական ուղղությունները։ Այն արտացոլում է ձևավորված դրական դինամիկան և ապահովում է անհրաժեշտ շրջանակ՝ այդ թափը վերածելու կայուն և կառուցակարգված համագործակցության քաղաքական, տնտեսական և անվտանգության ոլորտներում:

Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, ՀԸԳՀ-ն՝ շարունակում է մնալ այս ամենի իրավական և կառուցվածքային հիմքը. Ռազմավարական օրակարգը կառուցվում է այդ հիմքի վրա, առկա ամբողջ ներուժի օգտագործմամբ, սահմանելով ավելի հստակ քաղաքական ուղղվածություն: Ես նաև ցանկանում եմ ընդգծել, որ մեր կողմից այժմ ձեռնարկվող քայլերը մեծամասամբ  բխում են ՀԸԳՀ համաձայնագրից, մասնավորապես՝ վիզաների ազատականացումը, հայկական բրենդի աշխարհագրական նշման շուրջ աշխատանքները, Հայաստանի կողմից Հռոմի կանոնադրության վավերացումը և այլն:

Այդուհանդերձ, համաձայնագրի արագ իրականացումը ենթադրում է ավելի հետևողական աշխատանք դատական ​​համակարգի անկախության, կոռուպցիայի դեմ պայքարի արժանահավատ ինստիտուտների զարգացման և առևտրի, էներգետիկայի և որակի ենթակառուցվածքները և այլ ոլորտները կարգավորող օրենսդրական դաշտը ԵՄ չափանիշներին համապատասխանեցնելու ուղղությամբ: Թեև այս բարեփոխումները կարող են տեխնիկական բնույթ կրել, դրանց ազդեցությունը անմիջական է և շոշափելի։ Կանխատեսելի և միջազգայնորեն ճանաչված կանոնների վրա հիմնված բիզնես միջավայրը նպաստում է ներդրումների ներգրավմանը: վստահելի դատական համակարգը նվազեցնում է չարաշահումների ռիսկերը։ ԵՄ չափանիշներին համապատասխանող հայ արտադրողները ստանում են հնարավորություն մուտք գործելու շուրջ 450 միլիոն սպառող ունեցող շուկա և ընդլայնելու իրենց ներկայությունը եվրոպական շուկաներում։ Սրանք բարեփոխումներ են, որոնք, վերջին հաշվով, Հայաստանը դարձնում են ավելի ուժեղ, ավելի դիմակայուն և ավելի ունակ՝ գծելու սեփական ուղին։

Հարցազրույց ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի հետ

– Պարոն դեսպան, 2025 թվականին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված հռչակագիրը և նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը Հարավային Կովկասում իրավիճակը բարձրացրին որակապես նոր մակարդակի: Այս համատեքստում, ինչպե՞ս եք գնահատում տարածաշրջանում առկա անվտանգության իրավիճակը և ի՞նչ դեր կարող է խաղալ ԵՄ-ն տարածաշրջանային կայունության ապահովման և պահպանման գործում։

– 2025 թվականի օգոստոսի 8-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև նախագահ Թրամփի ներկայությամբ Սպիտակ տանը ձեռք բերված համաձայնությունները տասնամյակներ տևած հակամարտությանը հաջորդող պատմական առաջընթաց են, և Եվրոպական միությունը ջերմորեն ողջունել է այդ փաստը: Մենք խրախուսում ենք երկու կողմերին արագորեն առաջ շարժվել խաղաղության պայմանագրի ստորագրման և վավերացման հարցում, երբ նրանք որոշեն, որ կայուն և արդար համաձայնագրի բոլոր պայմանները ստեղծված են: Այս բոլոր պայմանավորվածությունները հիմնված են Հայաստանի՝ իր տարածքի և ենթակառուցվածքների նկատմամբ ինքնիշխանության և իրավազորության լիակատար հարգանքի վրա: Որևէ արտատարածքային միջանցքի մասին խոսք անգամ չկա։ 2025 թվականի օգոստոսից ի վեր մենք ականատես ենք եղել երկկողմ խաղաղության գործընթացի շրջանակում կողմերի կողմից ձեռնարկված մի շարք աննախադեպ քայլերի, որոնք միտված են խաղաղության անշրջելիության ապահովմանը և գործընթացի առավել ինստիտուցիոնալացմանը: Այս նոր միջավայրը և երկու երկրների իշխանությունների միջև երկկողմ դրական դինամիկան պետք է չէ թերագնահատել։ Սա է ձևավորում երկարաժամկետ և փոխշահավետ հաշտեցման հիմքը։ Շատ ավելին պետք է արվի երկու հասարակություններին որքան հնարավոր է հաշտեցնելու համար։

ԵՄ-ն տարիներ շարունակ աշխատել է այս արդյունքների ուղղությամբ՝ հարատև խաղաղության պայմաններ ստեղծելու համար համագործակցելով երկու կողմերի և միջազգային գործընկերների հետ: Մենք պատրաստ ենք շարունակել աջակցություն և փորձագիտական օժանդակություն տրամադրել, երբ իրականացման գործընթացն առաջ շարժվի: Դա ներառում է նաև գործնական աջակցություն, մասնավորապես՝ մարդասիրական հարցերում ցուցաբերվող ընդլայնված աջակցություն, օրինակ՝ ականազերծման ուղղությամբ, որը անմիջականորեն կարևոր է նախկին հակամարտության գծերի երկայնքով ապրող համայնքների անվտանգության և սահմանի սահմանազատման և սահմանագծման երկարաժամկետ գործընթացի համար: Առաջընթացը տեղում՝ այն համայնքներում, որտեղ մարդիկ իրականում ապրում են, այն է, ինչ գործնականում նշանակում է հարատև խաղաղություն։

Կապակցվածության ոլորտում Եվրոպական միության դիրքորոշումը հստակ և միանշանակ է: Վերաբացված հաղորդակցությունները և հուսալի ենթակառուցվածքները ստեղծում են տնտեսական հնարավորություններ, որոնք ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի համար ձևավորում են խաղաղության պահպանման շահագրգռվածություն: 2026 թվականի հունվարին հրապարակված  ԹՐԻՓՓ իրականացման շրջանակը հստակ և գործնական ձևով քարտեզագրում է, թե ինչպես կարող է ձևավորվել տարանցիկ կապակցվածությունը Հայաստանի տարածքով և ինչպես կարող են վերականգնվել հաղորդակցությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև: ԵՄ-ն նաև աջակցում է Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը և Տրանսկասպյան տրանսպորտային միջանցքի նկատմամբ Հայաստանի հետաքրքրվածությանը: «Կովկասյան Էլեկտրահաղորդման ցանց»  նախագիծը, որը կապելու է Հայաստանի էներգահամակարգը Վրաստանի և, հետագայում, եվրոպական ցանցի հետ, այդ ուղղությամբ գործնական քայլ է․ այն ընդլայնում է Հայաստանի էներգետիկ ընտրությունը, նպաստում է ծախսերի նվազեցմանը և կրճատում կախվածությունը որևէ մեկ էներգամատակարարից: Բացի այդ,  Եվրոպական միությունն աջակցում է Հայաստանի մասնակցությանը Սև ծովի էլեկտրական մալուխ նախագծին։ Սրանք հեռավոր ծրագրեր չեն․ միայն էլեկտրահաղորդման ցանցի համար արդեն ստորագրվել են ավելի քան 313 միլիոն եվրոյի արժողությամբ համաձայնագրեր, և աշխատանքներն արդեն ընթանում են:

Հարցազրույց ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի հետ

Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում իրականացվող ժողովրդավարական և իրավական բարեփոխումները, Հայաստանի գործող ղեկավարության Եվրոպական միության հետ ավելի սերտ ինտեգրմանն ուղղված քաղաքականությունը և Երևանի եվրոպական հեռանկարները։

– Վերջին տարիներին Հայաստանը գրանցել է շոշափելի առաջընթաց իր բարեփոխումների օրակարգի իրականացման ուղղությամբ, և մենք անկեղծորեն ողջունում ենք այդ հանձնառությունը՝ հատկապես հաշվի առնելով այն բազմաշերտ մարտահրավերները, որոնք երկիրը միաժամանակ ստիպված է եղել կառավարել:

Մենք շարունակում ենք ուշադրության կենտրոնում պահել արդարադատության ոլորտի բարեփոխումները և կոռուպցիայի դեմ պայքարը: Արդյունավետ և անկախ դատական համակարգը, ինչպես նաև հուսալի հակակոռուպցիոն շրջանակը միայն ԵՄ-ին ավելի սերտ ինտեգրման համար անհրաժեշտ պահանջներ չեն։ Դրանք առաջին հերթին հենց ՀՀ քաղաքացիների պահանջներն են, և հենց դրանք են մարդկանց շրջանում վստահություն ներշնչում իրենց սպասարկող կառույցների նկատմամբ։ ԵՄ-ի հետ ավելի սերտ ինտեգրումը այս առաջընթացի հետևանքն է, այլ ոչ թե դրսից պարտադրված նախապայման։ Վիզաների ազատականացման գործընթացի շրջանակներում կենսաչափական փաստաթղթերի և միգրացիայի կառավարման ոլորտում առաջընթացը բարեփոխումների արագ առաջխաղացման տեսանելի օրինակ է։ Առևտրի, էներգետիկայի և ծառայությունների ոլորտներում Հայաստանի կարգավորիչ շրջանակները ԵՄ չափանիշներին համապատասխանեցնելու ավելի լայնածավալ աշխատանքը ևս մեկ կարևոր գործոն է։ Այս փոփոխությունների համար ժամանակ է պահանջվում, բայց դրանք հիմք են հանդիսանում ավելի մրցունակ և ավելի ինքնիշխան տնտեսություն ունենալու համար։

Մենք կանոնավոր հետևում ենք Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներին։ Սա կարևոր ոլորտ է։ Մտահոգություն առաջանալու դեպքում մենք դրանք բարձրաձայնում ենք Հայաստանի հետ գործընկերության ոգով:

Ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, իրավունքի գերակայությունը և լավ կառավարումը ԵՄ-ի և Հայաստանի միջև գործընկերության հիմքն են։ Թափանցիկ, արդար և հաշվետու կառավարումը, ինչպես նաև անկախ և հաշվետու դատական ​​համակարգը կարևոր են վստահության ձևավորման և քաղաքացիների իրավունքների պաշտպանության ապահովման համար։

Մենք կանոնավոր երկխոսություն ենք վարում Հայաստանի իշխանությունների հետ այս հարցերի շուրջ։ Դրանք ԵՄ-ի հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի, ինչպես նաև ԵՄ-ՀՀ գործընկերության նոր ռազմավարական օրակարգի բարեփոխումների օրակարգի հիմնական բաղադրիչներն  են։ Չնայած վերջին տարիներին արձանագրված առաջընթացին, մենք տեղյակ ենք, որ Հայաստանի քաղաքացիները դեռևս ավելին են ակնկալում: Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները և որոշ ընդդիմադիր շրջանակներ շարունակում են բարձրաձայնել մտահոգություն մարդու իրավունքների հետ առնչվող հարցերի, այդ թվում՝ նախնական կալանքի լայն կիրառման պրակտիկայի վերաբերյալ։ Կցանկանայի ընդգծել, որ մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի լիարժեք ապահովումը ենթադրում է ուժեղ և արդյունավետ ինստիտուտների կայացում։ Այս համատեքստում ցանկանում եմ բարձր գնահատանք հայտնել Մարդու իրավունքների պաշտպանի կատարած աշխատանքի վերաբերյալ։ Այդուհանդերձ, հասարակության համապարփակ մոտեցումը, որի շրջանակում կառավարությունը, ընդդիմությունը, քաղաքացիական հասարակությունը և անկախ հաստատությունները լիարժեքորեն կատարում են իրենց դերակատարությունը, առանցքային նշանակություն ունի՝ ապահովելու համար, որ ոչ ոք չանտեսվի:

Մանրամասն՝ այստեղ:

 

Նորություններ