Ինչո՞ւ է ուշանում առողջության ապահովագրության ներդրման առաջին փուլի ներդրումը․պարզաբանում է նախարարը
Առողջության պարտադիր ապահովագրության ներդրումը ձգձգվում է։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադառնալով առողջության համապարփակ ապահովագրության ներդրման առաջին փուլի ուշացումներին, ասաց՝ փաթեթն աշխատանքային կարգով վերջին 2-3 ամիսների ընթացքում մեծ շրջափուլ է անցել, այն ավարտվել է և ուղարկվել Կառավարություն․«Սպասում ենք, որ պիտի կոմիտեում քննարկվի, իսկ կառավարության հավանությանն արժանանալու պարագայում կգնա Ազգային ժողով։ Օրենսդրական փաթեթն այս պահին կառավարությունում է»:
Նախարարի ներկայացմամբ՝ համակարգն ընդհանուր առմամբ 3 տարվա ընթացքում պետք է ներդրվի, առաջին փուլը վերաբերում է միայն այսօր պետական պատվեր ստացող և սոցիալական խմբերում ներառված քաղաքացիներին ապահովագրելուն։
Թե ինչու է ուշանում առաջին փուլի ներդրումը, Ավանեսյանն այսպես պարզաբանեց՝ շատ մեծ աշխատանք է կատարվում համաձայնեցումների մասով բժշկական կենտրոնների, պացիենտների, ասոցիացիաների, մասնագիտական խմբերի հետ։
Նախարարի խոսքով․«Մեր նպատակն է, որ քաղաքացիներն ապահովագրված լինեն և երբ ունենան կանխարգելման, սքրինինգի, հետազոտման, վիրահատության կարիք, ստիպված չլինեն այդ պահին վճարել, այլ փոքր վճարումներով ապահովեն դա»։
Հիշեցնենք, 2023 թվականի փետրվարի 2-ին կառավարության նիստում հաստատվեց առողջապահության ապահովագրության պարտադիր համակարգի հայեցակարգը։ Նախատեսված էր, որում է, որ այս տարվանից ապահովագրական համակարգին միանալու են սոցիալական հատուկ խմբերը, 2025-ին՝ պետական աշխատողները, 2026-ին՝ մասնավոր հատվածի բոլոր աշխատողները, իսկ արդեն 2027-ին՝ բնակչության 95%-ը։