«Չհիմնավորված քայլ, թե՞ արդյունավետ գաղափար»․ կարծիքներ զինվորական ծառայության ժամկետի կրճատման նախագծի վերաբերյալ | Region

«Չհիմնավորված քայլ, թե՞ արդյունավետ գաղափար»․ կարծիքներ զինվորական ծառայության ժամկետի կրճատման նախագծի վերաբերյալ

Հոկտեմբեր 30,2025 12:13

ՀՀ Պաշտպանության նախարարությունը  հանրային քննարկման է ներկայացրել օրենքի նախագիծ, որով առաջարկվում է 2026 թվականի ամառային զորակոչից սկսած պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կրճատել 6 ամսով։

Ինչպես նշված է նախագծի հիմնավորման մեջ, օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրով նախատեսված պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատման անհրաժեշտությամբ, և դրա ընդունման արդյունքում այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում:

Հոկտեմբերի 21-ին այս թեմայով հայտարարություն տարածեց նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, թե  խորհրդարանական գործընկերների և պաշտպանության նախարարի հետ քննարկումների արդյունքում որոշվել է օրենքը ուժի մեջ մտցնել նախատեսվածից ավելի շուտ՝ 2026 թվականի հունվարի 1-ից։

Մհեր Հակոբյան

«Եթե կարողանան գործընթացը ճիշտ կազմակերպել, այնքան էլ վատ գաղափար չէ»,-RegionsTV-ի հետ զրույցում կարծիք հայտնեց ռազմաքաղաքական վերլուծաբան Մհեր Հակոբյանը՝ անդրադառնալով կառավարության նախաձեռնությանը։

Հարցին, թե ինչպե՞ս է պատկերացնում գործընթացի ճիշտ կազմակերպումը, պարոն Հակոբյանն արձագանքեց․

«Զինվորը պետք է ավելի շատ ազատ ժամանակ ունենա, իսկ դա հնարավոր է այն դեպքում, երբ նրա առօրյայից դուրս կբերվեն ավելորդ բաները։ Դրա ամենավառ օրինակը շարային պատրաստությունն է»։

Այլ տեսակետ հայտնեց քաղաքագետ Արա Պողոսյանը։ Նա կառավարության այս քայլը համարում է անօգուտ, նաև վնասակար․

«Պաշտպանունակության բարձրացման և անվտանգային համակարգի բարելավման տեսանկյունից սա կարող է նաև վնասակար լինել։ Պաշտպանության նախարարության և ՀՀ կառավարության այն հայտարարությունները, թե սա քայլ է, որով անցում ենք կատարելու դեպի արհեստավարժ բանակ, ո՛չ միայն համոզիչ չեն, այլև ակնհայտ մանիպուլյատիվ են։ Արհեստավարժ կամ ինչպես ընդունված է ասել պրոֆեսիոնալ բանակը ո՛չ թե պայմանագրային զինծառայողներով բանակը համալրելու գործընթացն է, այլ արհեստավարժ բանակին բնորոշ փիլիսոփայությունը, որը ուղեկցվում է արհեստավարժ բանակի համար անհրաժեշտ ենթակառուցվածքի ստեղծմամբ»։

Արա Պողոսյան

Քաղաքագետի համոզմամբ՝ ծառայության  ժամկետի կրճատման մասին խոսելուց առաջ պետք է լուծում տալ համակարգում առկա բազմաթիվ խնդիրներին․

«Բոլորը խոսում են արդիականացված վարժանքների համակարգի առավելություններից, բայց վարժական հավաքների մասնակիցների հիասթափությունը փաստւմ է հակառակը։ Զորքերում հրահանգիչների բացակայությունը, գիտելիքների պակասը, ինչպես նաև տեղակայումը դիրքերում խոսում են այն մասին, որ մենք բանակում ունենք ոչ միայն անձնակազմի քանակի, այլև որակի խնդիր։ Հարցեր է առաջացնում նաև  ծառայության որակյալ կազմակերպումը»։

Այս քայլը Արա Պողոսյանը համարում է կառավարության հերթական նախընտրական ժեստը, որի նպատակն է շահել հասարակության որոշակի շերտի վստահությունը՝ հետագայում նրանց քվեները ստանալու համար․

«Նպատակ կա շահելու բնակչության այն հատվածի սիրտը, որի համար կարևոր է նախազորակոչային և զորակոչային տարիքում գտնվող իրենց զավակների կա՛մ բանակում չծառայելը, կա՛մ հնարավորինս կարճ ժամկետով ծառայելը»։

Պնդում է՝ այս գաղափարը դրական որևէ ազդեցություն և երկար կյանք ունենալ չի կարող։

«Վստահաբար պնդում եմ, որ սա ոչնչով չհիմնավորված և ո՛չ ժամանակին արված քայլ է, որն ունենալու է բացասական ազդեցություն։ Վստահ եմ, որ շատ կարճ ժամանակ անց վերադառնալու ենք 2 տարի ժամկետով ծառայությանը, որը կզուգորդվի իրական արհեստավարժ բանակի կազմավորմամբ»,-եզրափակեց Արա Պողոսյանը։

 

Նիկոլ Մարգարյան

Նորություններ