Ալիևը փորձում է հարաբերությունների դրական ֆոն ստեղծել, թեև շարունակում է պատերազմը Հայաստանի դեմ. Հրանտ Միքայելյան
Երկուշաբթի օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց, որ «այսօրվանից մենք պատրաստ ենք ապահովել Թուրքիայից դեպի Ադրբեջան բեռնատարների տարանցումը Մարգարա–Եղեգնաձոր–Սիսիան–Գորիս երթուղով։ Սա միակ տարբերակն է, որը մենք կարող ենք իրականացնել հենց հիմա»։
Փաշինյանը նշել է, որ նման որոշումը կայացվում է որպես պատասխան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` Հայաստանի համար նմանատիպ սահմանափակումները վերացնելու մասին հայտարարությանը: «Սա Հայաստանի շրջափակման հաղթահարման առաջին փուլն է, բայց կարևոր է, որ մենք էլ պատասխան քայլեր ձեռնարկենք»,- հայտարարել է Փաշինյանը:
Քաղաքագետ Հրանտ Միքայելյանը, մեկնաբանելով Թուրքիայի և Ադրբեջանի միջև Հայաստանի տարածքով բեռնափոխադրումները կարգավորելու պատրաստակամության մասին վարչապետի հայտարարությունը, նշել է, որ խնդիրներն առաջին հերթին թաքնված են ադեկվատ և իրավահավասար երկխոսության սցենարի բացակայության մեջ։
RegionsTV-ին տված հարցազրույցում Հրանտ Միքայելյանն ասել է, որ Հայաստանի տարածքով բեռների տարանցում իրականացնելը նշանակում է, որ Հայաստանը պատասխան քայլերի երաշխիքներ չի ստանում, և այդ քայլը կարող է հանգեցնել Հայաստանի վրա ճնշման ուժեղացման:

Հրանտ Միքայելյան
Քաղաքագետի խոսքով՝ սա Փաշինյանի կողմից միակողմանի զիջումների քաղաքականության ևս մեկ դրսևորում է: «Նախ՝ Ալիևն ընդամենը կառուցողականության ամենափոքր պատրաստակամությունը ցույց տվեց, այսինքն՝ թույլ տվեց երրորդ երկրների միջոցով ապրանքների տարանցումը Հայաստան, իսկ Փաշինյանն անմիջապես անհամաչափ քայլ է անում։ Երկրորդ՝ Փաշինյանը, ակնհայտորեն արտաքին ազդեցության տակ, փորձում է առաջ տանել Թուրքիայի՝ այս տարածաշրջանին ինտեգրվելու օրակարգը։ Եվ այդ քայլը հենց դրան էլ կհանգեցնի։ Երրորդ՝ Փաշինյանն ընդհանրապես հաշվի չի առնում հայկական ճանապարհների թողունակությունը։ Դրանք հարմարեցված չեն որևէ լուրջ տարանցման համար, էլ չեմ ասում, որ Ադրբեջանի ներկայիս վերաբերմունքի պայմաններում այդ ամենը կարող է միայն խնդիրների հանգեցնել, կարող են միջադեպեր առաջանալ ադրբեջանցիների մասնակցությամբ և այլն»,- ընդգծեց Հրանտ Միքայելյանը։
Նա նաև ուշադրություն է հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Հայաստանը տնտեսական դիվիդենտներ չի ստանա Թուրքիայից Ադրբեջան բեռների տարանցումից: «Վրաստանի տարածքով արդեն կան կառուցված ճանապարհներ, մասնավորապես, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին, որը գործարկվել է դեռևս 2017 թվականին և գործում է իր հզորության միայն 40% -ով: Ինչ վերաբերում է նրան, որ Հայաստանը «կնստի հոսքի վրա» և «կոսկեզօծվի», ինչպես մեզ ասում է քարոզչությունը, դա չի համապատասխանում իրականությանը։ Ավելին, Ադրբեջանն արդեն բազմիցս հայտարարել է իր դիրքորոշումը, որ չի պատրաստվում վճարել Հայաստանին։ Այո, ինչ-որ առանձին բեռների մասով, հնարավոր է, լինեն, բայց ոչ ավելին։ Որևէ լուրջ կամ շոշափելի եկամուտ հայկական ճանապարհների համար չի լինելու», – ընդգծեց քաղաքագետը։
Միևնույն ժամանակ, փորձագետը կարծում է, որ «այլընտրանքային երթուղիները պոտենցիալ լրացուցիչ հնարավորություններ են ստեղծում, մասնավորապես, մենք կարող ենք լրացուցիչ հնարավորություններ ունենալ Ղազախստանից հացահատիկ բերելու համար։ Դա ինքնին վատ չէ, որ կա հացահատիկ ներկրելու հնարավորություն, այդ թվում՝ Ադրբեջանի տարածքով»։
«Այդ որոշման «ստորջրյա քարերն» այն են, որ նույնիսկ երրորդ երկրներ բեռների տարանցման դեպքում, որոնք փոխադրվում են Ադրբեջանի տարածքով, Ադրբեջանն իրեն վետոյի իրավունք է վերապահում ցանկացած ապրանքի նկատմամբ, որը կարող է մուտք գործել Հայաստան։ Հիմա նա թույլ է տվել, իսկ հետո կարող է արգելափակել։ Ըստ էության, սա ոչ միայն անվստահելի երթուղի է, այլ տվյալ դեպքում թշնամու կողմից վերահսկվող երթուղի, որովհետև քանի դեռ Ադրբեջանը չի հրաժարվել թշնամանքի տրամաբանությունից, համապատասխանաբար, այդ երթուղին հուսալի չէ: Մենք կարող ենք խոսել ինչ-որ առանձին մատակարարումների մասին, բայց որպես Հայաստանի մատակարարման համակարգային երթուղի, մենք չենք կարող խոսել դրա մասին, որովհետև այն չպետք է արգելափակվեր ի սկզբանե», – ասաց Հրանտ Միքայելյանն ու հավելեց, որ ապրանքը կարող է անցնել Ադրբեջանով, բայց չհասնել Հայաստան: «Եթե սահմանը փակ է, դա մի բան է, բայց Ադրբեջանը վերահսկում է երրորդ երկրների միջոցով, որպեսզի ոչ մի ապրանք չմտնի Հայաստան։ Դրա համար ես Ադրբեջանի բարի կամքը բավարար չեմ համարում, քանի որ Ադրբեջանն իր ձեռքում է պահում ազդեցության լծակը»,-նշեց քաղաքագետը։
Ինչ վերաբերում Է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հայտարարությանը, թե Ադրբեջանը թույլատրել է Ռուսաստանից Հայաստան բեռների տարանցումն իր տարածքով, Հրանտ Միքայելյանը դա որակեց որպես ոչ ադեկվատ հայտարարություն, քանի որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանը մնում է փակ, թեև խորհրդային տարիներին հայ-ռուսական առևտուրը հիմնականում ընթանում էր Ադրբեջանով:
«Եթե ապրանքը բերվի Ադրբեջան, հետո Վրաստան, հետո Հայաստան, ապա ես նման տրանսպորտային հաղորդակցության տրամաբանությունը չեմ կարող հասկանալ։ Դա պարզապես, իմ կարծիքով, Ռուսաստանի կառավարության ներկայացուցիչների կողմից ոչ պրոֆեսիոնալիզմի և տարածաշրջանի մասին հստակ պատկերոցում չունենալու հերթական դրսեւորումն է, քանի որ Հայաստանի և Ադրբեջանի միջեւ սահմանը մնում է փակ, իսկ բուն ադրբեջանական երթուղին, եթե նույնիսկ սահմանը բացվի, կմնա անհուսալի», -շարունակեց Միքայելյանը։
Նա կասկած հայտնեց լրացուցիչ տարանցիկ կապերի հուսալիության վերաբերյալ, քանի որ Ադրբեջանի իշխանությունները կարծում են, որ իրավունք ունեն Հայաստանի վրա ճնշում գործադրելու լծակներ կիրառել։ «Բայց, ցավոք, Հայաստանի իշխանությունները չեն բարձրացրել այն հարցը, որ դա ընդհանրապես անընդունելի մեթոդ է: Դիվանագիտական տեսանկյունից սա, ըստ էության, ադրբեջանական ողջ պարադիգմի հաստատումն է։ Ուստի Ադրբեջանի այս քայլը շատ փոքր քայլ է, այն զուտ խորհրդանշական նշանակություն ունի և մակրոտնտեսական իմաստով ոչ մի հետևանք չի ունենալու, այլ ունենալու է միայն քաղաքական փոփոխություն»:
Հրանտ Միքայելյանը չբացառեց, որ Ալիևն այդ բացարձակ աննշան քայլը կներկայացնի որպես դիվանագիտական լուրջ առաջընթաց, իբր գնում է խաղաղ գործընթացի ճանապարհով: Ըստ նրա՝ Ալիևը փորձում է հարաբերությունների դրական ֆոն ստեղծել, թեև շարունակում է պատերազմը Հայաստանի դեմ, պարզապես Հայաստանն իր կողմից դադարեցրել է դիմադրությունը, և այդ քայլն այնքան խորհրդանշական է, որ այն քաղաքական և առավել ևս տնտեսական նշանակությունը, որ դրան տալիս են, համարժեք չէ ստեղծված իրավիճակին։
Զաբելա Ավագյան
