Ավելի քան 425 մլն դրամի չարաշահումներ՝ Շիրակի պետական համալսարանում

2 տարվա ընթացքում՝ 2010-2012 թվականներին ուսանողներից հավաքված կանխիկ, առձեռն վարձավճարներից համալսարանի բյուջե չի մուտքագրվել 425 միլիոն 369 հազար դրամ
Շիրակի պետական համալսարանում ուսանողների վարձավճարների յուրացման խոշոր դեպք է բացահայտվել։ Այս մասին այսօր Գյումրիում ժուռնալիսների «Ասպարեզ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Շիրակի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը։ Ըստ նրա, խոսքը, առանձնապես խոշոր չափի, ավելի քան 425 մլն դրամի յուրացման մասին է։ Այս ծավալուն գործը Հայաստանի հատուկ քննչական ծառայությունը, այնուհետ Հակակոռուպցիոն կոմիտեն քննում էր դեռ 2018 թվականից։ Գործի քննության ժամանակ ուսումնասիրվել են համալսարանի 2010-2011 և 2011-2012 ուսումնական տարիների ֆինանսական հոսքերը, պարզվել է, որ այդ 2 տարվա ընթացքում ուսանողներից հավաքված կանխիկ, առձեռն վարձավճարներից համալսարանի բյուջե չի մուտքագրվել 425 միլիոն դրամ։
«Քրեական գործով շատ մարդիկ են հարցաքննվել, բնականաբար փաստաթղթեր, մատյաններ են առգրավվել, որոնց մեջ արվել էին վճարումների մասին նշումներ։ Խոսքը վերաբերում է այդ ժամանակվա ռեկտոր Վարդևան Գրիգորյանին և հաշվապահ Մարիետա Մելքոնյանին։ Էդ ամբողջ քննությունը 2018 թվականից եկել հասել է 2023 թվականի վերջը և որոշում է կայացվել անցած տարվա նոյեմբերի 15-ին, որ Մարիետա Մելքոնյանի նկատմամբ գործող քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցանք կատարելու համար հանրային քրեական հետապնդում չհարուցել՝ քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետը լրանալու հիմքով։ Որոշվել է քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով հանրային քրեական հետապնդում չհարուցել նաև Վարդևան Գրիգորյանի նկատմամբ»,-ասաց Լևոն Բարսեղյանը։
Նրա խոսքով՝ ժամանակագրությունն է այնպես դասավորվել, որ ինքը, Գյումրու համայնքապետի թեկնածու լինելով հանդերձ, ստիպված է այս մասին խոսել Գյումրու ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավի ընթացքում, ինչի համար հայցեց լրագրողների ներողամտությունը։
Ըստ Լևոն Բարսեղյանի, քրեական վարույթով փաստացի հիմնավորվել է, որ նշված 2 անձինք իրենց ոչ իրավաչափ վարքագծի հետևանքով «Շիրակի պետհամալսարան հիմնադրամին», որի հիմնադիրը ՀՀ կառավարությունն է, 425 մլն 365հազար 600 դրամի վնաս են պատճառել։ Հիմնադրամը քրեական վարույթով ճանաչվել է տուժող։ Հիմք ընդունելով այս ամբողջը, ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետ Տ․ Սարուխանյանը գրավոր դիմել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղար Հ․Հակոբյանին, խնդրել հանձնարարել «Շիրակի պետական համալսարան» հիմնադրամին՝ սահմանված կարգով հայց հարուցել դատարան՝ ընդդեմ Մարիետա Մելքոնյանի և Վարդևան Գրիգորյանի՝ հիմնադրամին պատճառված վնասը բռնագանձելու պահանջով։ Այս որոշումը ուղարկվել է համալսարանի ռեկտոր Երվանդ Սերոբյանին, ռեկտորն էլ այն փոխանցել է հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանին։
Իսկ մինչ այդ, Վարդևան Գրիգորյանը և Մարիետա Մելքոնյանը դիմումներ են ներկայացրել, որոնցով խնդրում են, որ իրենց նկատմամբ չհարուցվի քրեական վարույթ՝ վաղեմության ժամկետը լրանալու հիմքով։
«Խոսքը համալսարանի միայն 2 ուսումնական տարվա կրած վնասների մասին է, մինչև 2010 թվականը և 2012 թվականից հետո եղած փաստաթղթերը արխիվացվել են և արխիվներում ոչնչացվել ինչ-ինչ ժամկետների պատճառով։ Այսինքն, քննված է ընդամենը 2 տարին։ Եղած նյութերով, յուրացումը վերագրվում է որպես անփութություն, ինչի պատճառով չի եղել պատշաճ վերահսկողություն, և այդ գումարները կորսված են։ Հակակոռուպցիոն կոմիտեն քննել է, քննել է, քննել է և եկել է վաղեմության ժամկետի ավարտը՝ 2023 թիվը և «բարեհաջող» կերպով էս մարդիկ քրեական պատասխանատվության տակ չեն հայտնվել։ Ու հիմա նախարարությունը դիմել է ռեկտորին, առաջարկելով քաղհայցով դիմել 2 նախկին պաշտոնյաների դեմ, էդ գումարը վերականգնել, հօգուտ «Շիրակի պետհամալսարան հիմնադրամի», որն էլ այս գործով տուժող է ճանաչվել»,- ասաց Բարսեղյանը։
Ըստ նրա, իրենք խորհրդակցել են փորձառու փաստաբանների ու իրավապաշտպանների հետ ու խնդրի լուծման 2 ճանապարհ գտել։ Մեկը՝ նախարարության առաջարկածն է, դիմել քաղհայցով դատարան, գումարի բռնագանձման պահանջով, ինչը, ըստ Լևոն Բարսեղյանի, պակաս արդյունավետ է։
«Որովհետև ենթադրվել է, որ մեր դատական համակարգը, դատական պրակտիկան կարող է նման հայցերը քննի 3, 4, 7, 73 տարի։ Մյուս ճանապարհն այն է, որ մենք դիմում ենք գլխավոր դատախազություն, որպես պետական շահերի գլխավոր պաշտպանի՝ և առաջարկում ենք, որ պետական իշխանությունը զբաղվի իր հիմնադրած հիմնարկի շահերի պաշտպանությամբ, եղած իրավակարգավորումների շրջանակներում, և էդ գումարը վերադարձնի Շիրակի պետական համալսարանին»- նշեց նա։
Այսինքն, բուհի ղեկավարությունը 2-րդ ճանապարհն է ընտրել։ Հոգաբարձուների խորհրդի նախագահն ու ռեկտորը համատեղ դիմելու են ՀՀ գլխավոր դատախազություն։
«Դա համալսարանի էն ժամանակվա 1 տարվա բյուջեի մոտավորապես 40-45 տոկոսն է։ 2 տարվա հաշվով, կարելի ասել, որ յուրաքանչյուր տարի բյուջեի 20-22 տոկոսի չափով գումար է յուրացվել։ Էդ գումարները 425 մլն-ի չափով համալսարանի բյուջե չեն մտել։ Հիշեցնեմ, որ սա Շիրակի պետական համալսարանի հետ կապված քրեական մեկ տասնյակից ավելի գործերից մեկն է ընդամենը։ Երկար ժամանակ, «ձենը տակը, քարը վրեն» ռեժիմով քննել, էկել են ժամանակին փաստաթղթերը առգրավվել, տարել են, 2018 թվից, իսկ 2024 թվականին որոշել են, որ վաղեմության ժամկետով մեղադրանք չեն ներկայացնում, ինչին չեն առարկել այս 2 նախկին պաշտոնյաները»,- շեշտեց Լևոն Բարսեղյանը։
Ի դեպ, հետաքննությունը պարզել է, որ նախկին հաշվապահ Մարիետա Մելքոնյանը այդ գումարը յուրացրել է, իսկ Վարդևան Գրիգորյանի դեպքում քրգործում նշվում է, որ անփութության հետևանք է, պատշաճ վերահսկողություն չի իրականացրել։
«Մեխանիկան եղել է այսպես․ գումարները կանխիկ եկել են, մի մասը մուտքագրվել է համալսարանի հաշվին, մյուս մասը՝ ոչ, այսպես ասած, օդի մեջ են։ Նման բաներ օրինակ, մի շարք գյուղապետարաններում արվել են հողի հարկերի հետ կապված, այսինքն մարդիկ կանխիկ վճարում էին, անդորրագրերը տալիս էին կնքած, բայց էդ գումարները գյուղապետերը չէին տանում մուտքագրում ու դեֆիցիտ էր առաջանում»,- հավաստեց Բարսեղյանը։
Անցնող 7 տարիներին բուհի նախկին ռեկտորը, որքան տեղյակ է Բարսեղյանը, գումարը վճարելու նախաձեռնություն հանդես չի բերել։ Նա նաև հիշեցնում է, որ այս գործով Վարդևան Գրիգորյանն ու նախկին հաշվապահը մի քանի անգամ հարցաքննվել են, գիտեն, որ իրենք քննվում են յուրացման գործով ու այս ընթացքում, ըստ Լևոն Բարսեղյանի, պիտի կռահած լինեին, որ ճիշտ կլիներ վերականգնեին համալսարանին հասցված վնասը, որպեսզի պատմությունը չզարգանար, չհասներ այստեղ։
«Ես կռահում եմ, որ իրավապահ մարմիններն են անհարգի ձգձգել քննությունը։ Խոսքը 1 մլն եվրոյի կարգի գումարի մասին է։ Համալսարանի աշխատավարձերը խայտառակ ցածր են, հոնորարները դասախոսական կազմի խայտառակ ցածր են, հազար ու մի կարիք ունի համալսարանը ու էդ գումարները կորսված են, յուրացված են, իսկ եթե մի քիչ էլ ետ գնանք, ինդեքսացիայից խոսենք, էն իմաստով, որ եթե էդ գումարները լինեին 10 տարի առաջ, ի՞նչ էֆեկտ կտային։ Ոչինչ որ չասենք, 10 տարի 1 մլն եվրոն դնում եք բանկ, ամենահասարակ տոկոսով, պրիմիտիվ բան եմ ասում, առնվազն կստանաք 2 ու կես մլն եվրո»,- նշեց Բարսեղյանը։
Նաև կրկին շեշտեց՝ խոսքը ընդամենը 2 ուսումնական տարիների ուսումնասիրությունների մասին է, իսկ Վարդևան Գրիգորյանը այդ բուհի ռեկտորի պաշտոնում աշխատել է 14 տարի՝ 2002 թվականից մինչև 2016 թվականը։
Ըստ Բարսեղյանի, խոսքը ոչ թե միայն բուհին, այլ պետությանը հասցված վնասի մասին է։ Այս ընթացքում, ըստ նրա, շատ ժամանակ է կորել։ Ինքը ենթադրում է, որ վաղը, մյուս օր, եթե գործը հասնի քաղհայցով գումարի բռնագանձմանը ու նշված մարդկանց գույքի վրա կալանք դրվելուն, ապա կարող է պարզվի, որ այնտեղ գույք չկա, կա միայն թոշակ, իսկ էդ մարդիկ քանի հարյուր տարի պիտի ապրեն, որ 20-25 տոկոսով թոշակից 425 մլն դրամի բռնագանձում լինի։
Ի դեպ, Լևոն Բարսեղյանի նշած Շիրակի պետական համալսարանի հետ կապված մեկ տասնյակից ավելի քրեական գործերից ոչ մեկով դատավճիռ չկա։
Կարինե Կազարովա